Հիմա էլ՝ ֆրանսիական ջուր

05/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաշխարհային բանկի վարկային միջոցներով այս անգամ Երեւանի ջրամատակարարման համակարգը վերանորոգելու է ֆրանսիական ընկերությունը: Այդ նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են այդ երկրի երկու՝ «Ժեներալ դե զո» եւ «Սաուր» ընկերությունները: Մրցութային առաջարկներից պարզ է դարձել, որ ցածր սակագնային առաջարկը ներկայացրել է «Ժեներալ դե զո» ընկերությունը, եւ հավանաբար այս պատճառով նա էլ կլինի «Երեւանի ջրմուղ-կոյուղու» նոր օպերատորը: Ճիշտ է, մրցութային հանձնաժողովն այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարել, բայց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը զգացնել տվեց, որ գերադասելի է, որ ԵՋԿ աշխատանքները համակարգի հենց այս ընկերությունը: Վարկային այս երկրորդ ծրագրի իրականացման համար ՀԲ-ն հատկացնելու է 20 մլն դոլար: Իսկ «Ժեներալ դե զոն» ներկայացրել է, որ վարձակալության առաջին երեք տարիներին 1 խմ ջրի գինը կլինի 144 դրամ, չորրորդ եւ հինգերորդ տարիներին՝ 129 դրամ, 6-րդ եւ 7-րդ տարիներին՝ 99 դրամ, 8-րդ եւ 9-րդ տարիներին` 89 դրամ, իսկ 10-րդ տարում՝ 75 դրամ: Եվ այս բոլորը հաշվարկված է առանց ավելացված արժեքի հարկի: Այսինքն` ջրի գինն առաջիկայում նորից բարձրանալու է, եւ հույս կա, որ միայն 2016 թ. այն կիջնի մինչեւ 90 դրամ:

Հիշեցնենք, որ 2000 թվականից մինչեւ 2005թ. մայիսը ԵՋԿ-ն կառավարում էր իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը: Իսկ այս նոր օպերատորը կոչվելու է վարձակալ եւ աշխատելու է 10 տարի: «Էյ Յութիլիթիի» իրականացրած 35,5 մլն դոլարանոց ծրագիրը, որի 30 մլն-ը ՀԲ-ի վարկն էր, իսկ 5,5 մլն-ը ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, առաջին փուլում նպատակ ուներ Երեւանի բնակչության 80 տոկոսին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ, միաժամանակ հաշվիչներ տեղադրել բոլոր բաժանորդների բնակարաններում եւ ջրամբար մուտք ու ելք անող մայր ջրատարների վրա, նաեւ կրճատել ջրի կորուստների չափը: «Էյ Յութիլիթին» այս պայմաններից ապահովել է միայն հաշվիչների տեղադրման մասը: Շուրջօրյա ջրամատակարարումը մասամբ է ապահովել:

«Հուլիս-օգոստոս ամիսներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգի եզրակացության մեջ նշված է, որ ուսումնասիրված 473 հասցեներից 238-ում ջրամատակարարման գրաֆիկը խախտված է,- ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: -Դրանցից 116 հասցեներում խախտումներն ունեն կայուն խրոնիկ բնույթ: Խախտումները հաշվարկված են 67,9 տոկոս: Նշված է նաեւ, որ այս թիվը չի արտացոլում իրական պատկերը: Իսկ ջրի կորուստը 80 տոկոսից նույնիսկ ավելացել է»:

«Էյ Յութիլիթիի» հնգամյա գործունեությունն ուսումնասիրել է դանիական «Ռամբոլ», այսպես կոչված` անկախ աուդիտորական ընկերությունը: Համայնքների զարգացման ԾԻԳ-ում այդ ուսումնասիրությանը չծանոթացրին՝ ասելով, որ դա ոչ թե մեր, այլ իրենց համար է: Ջուր սպառողների համար ունեին մեկ այլ տեղեկանք, որն, իրենց ասելով, քաղված է այդ աուդիտի եզրակացությունից: Այնտեղ մանրամասն ներկայացված էր, թե մինչ «Էյ Յութիլիթիի» գալը ինչքան վատ էր մեր ջրամատակարարումը, եւ ինչ էական աշխատանքներ է կատարվել այս 5 տարիների ընթացքում: Բայց թերացումների մասին ոչ մի խոսք չկար: Նույն ԾԻԳ-ից մեզ պատասխանեցին, որ աուդիտորն իտալական օպերատորի աշխատանքներն անբավարար է գնահատել 24-ժամյա ջրամատակարարման մասով, բավարար չի համարել նաեւ հավաքագրման մակարդակը: Իսկ ֆինանսների օգտագործման արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու կամ չարաշահումների մասին ոչինչ չասացին: Չասացին նաեւ, թե «Էյ Յութիլիթին» այս 5 տարիներին իր հասանելիք 2,9 մլն դոլարից բացի, ինչ գումարի սահմաններում է խրախուսանք ստացել: Ավելացնենք, որ 2002թ. իբր թե լավ աշխատելու համար նա ստացել է 341 հազար իսկ 2003թ.՝ 659 հազար դոլար պագեւավճար: Այս մասին 2003թ. գարնանը հայտարարեց ԱԺ «Վարկերի եւ մարդասիրական օգնությունների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի» նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նա իր ծավալուն ելույթում խիստ քննադատության ենթարկեց «Էյ Յութիլիթիի» աշխատանքները եւ գնահատեց անորակ: Նա նաեւ նշեց, որ այդ 3 տարիներին կատարվել են բազմաթիվ չարաշահումներ: Եթե հաշվի չառնենք, որ պաշտոնից ազատվեց Ջրպետկոմի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, հանձնաժողովի բարձրացրած աղմուկն անհետեւանք մնաց: Վահան Հովհաննիսյանն այն ժամանակ խոստացավ հետամուտ լինել եւ հայտնաբերած չարաշահումները հրապարակել, բայց մինչեւ օրս ոչ ինքը, ոչ էլ որեւէ այլ կառույց այդ խնդրով չի զբաղվել: Եվ գործը սկսվեց ու ավարտվեց ընդամենն այդ աղմկոտ ելույթով: Այսօր այդ հանձնաժողովը գոյություն չունի: Եվ վարկային ծրագրի աշխատանքները վերահսկող միջկառավարական հանձնաժողովից բացի, որի նախագահն է Հովիկ Աբրահամյանը, չկա մեկ այլ կառույց, որ գնահատի եւ սպառողներին ներկայացնի «Էյ Յութիլիթիի», նաեւ ոլորտի մյուս համակարգողների՝ Ջրպետկոմի, Համայնքների զարգացման ԾԻԳ-ի, ԵՋԿ-ի աշխատանքների, այսինքն` 35,5 մլն դոլարի օգտագործման արդյունավետությունը: ԾԻԳ-ից մեզ տեղեկացրին, որ աուդիտի արդյունքներին ծանոթ են մրցույթին մասնակից ֆրանսիական երկու ընկերություններն էլ: Կարելի է եզրակացնել, որ երկուսն էլ ընդունելի են համարել կատարված աշխատանքները: Իսկ եթե նոր վարձակալը «աշխատանքի անցնի» եւ հանկարծ պարզի, որ աուդիտն իրականությանը չի՞ համապատասխանում, որ մերոնք ու անկախ աուդիտորն իրեն խաբե՞լ են եւ ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել, ինչը բոլորովին էլ չի բացառվում: Հիշեցնենք, որ նման վիճակում էր հայտնվել նաեւ «Էյ Յութիլիթին». երբ արդեն հայտնի էր, որ ԵՋԿ-ն կառավարելու է իտալական ընկերությունը, Ջրպետկոմը ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների վերագնահատում կատարեց, նաեւ «պարզեց», որ համակարգը շատ ավելի վատ վիճակում է, քան գիտեին եւ օպերատորին էին ներկայացրել: Եվ դա պատճառ դարձավ, որ ջրի գինը բարձրացնեն: Իսկ մինչ այդ կառավարությունը որոշել էր, որ մինչեւ 2005թ. խմելու ջրի սակագնի աճ չի լինելու, գների աճ նախատեսվում էր միայն 2005 թվականից հետո՝ 1 խմ-ն առավելագույնը 75 դրամ, այն էլ` աստիճանաբար: Բայց վերահաշվարկից հետո սակագինը մի քանի անգամ բարձրացավ եւ դեռ բարձրանալու է: Բնականաբար դա եւ՛ Ջրպետկոմի, եւ՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բացատրվեց համակարգը վերականգնելու անհրաժեշտությամբ: Հիմա էլ բացառված չէ, որ այս պատմությունը 2006թ. նորից կրկնվի: Ճիշտ է, վիճակն ինչ-որ կերպ նորից կշտկվի, բայց արդյունքում նորից բարեխիղճ սպառողը կտուժի: Ու ոչ ոք նրան չի ասի, թե ինչու չունի գրաֆիկով հայտարարված շուրջօրյա ջրամատակարարումը, ինչու «Էյ Յութիլիթին» ու մեր պատկան կառույցներն այդքան վարկային ու հավաքագրված գումարները ծախսելուց հետո չկարողացան ջրի կորուստը 80 տոկոսից նվազեցնել, ինչու չկարողացան, թե չուզեցին կրճատել ջրագողությունը, եւ վերջապես գողացած ու կորած ջրի համար ինչու ինքը պիտի վճարի: