«Եվրատեսիլ 2011»-ն ավարտվեց, եւ մեր հանրապետության անունից ելույթ ունեցող երգչուհի Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը որոշեց ակտիվորեն կարգավորել արդեն ոչ թե եվրոպական, այլ հայաստանյան հարցերը:
Եվ կրկին ծագեց նրա ղեկավարած Մշակույթի քոլեջը ընդլայնելու խնդիրը: Ինչպես հայտնի է, դեռ անցյալ տարի ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշել էր միավորել մեկ հարկի տակ աշխատող երկու քոլեջները` Ակսել Բակունցի ղեկավարած Էստրադային ջազային քոլեջն ու Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Մշակույթի քոլեջը: Ինչի արդյունքում երկու մարմինները պետք է միաձուլեին հաստիքները, տարածքները, նպատակները ու անցնեին Նադեժդա Սարգսյանի հովանու ներքո:
Քոլեջների միավորման ու իրավահաջորդը Մշակույթի քոլեջը դարձնելու մտադրությանը դեմ են էստրադային եւ ջազային քոլեջի դասախոսներն ու ուսանողները, որոնք մի քանի անգամ իրենց բողոքն ու վրդովմունքն են հայտնել: Նրանց բողոքելու հիմք է տվել նաեւ այն փաստը, որ քոլեջների օպտիմալացման որոշումն ընդունվել է առանց իրենց տեղյակ պահելու` միակողմանի որոշմամբ (իսկ Ն.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ընդամենը ենթարկվող է, ով չի կարող առարկել Մշակույթի նախարարության հրամանները): Ոչ Ակսել Բակունցը, ոչ էլ այլ դասախոսներ չէին սպասում, որ նոր միավորվող քոլեջի առանցքը ոչ թե իրենց, այլ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած կրթօջախն է դառնալու:
Հայաստանի էստրադային եւ ջազային քոլեջի աշխատակիցները չեն համակերպվում այն մտքի հետ, որ շուտով անդառնալիորեն կորցնելու են իրենց ուսումնական հաստատությունը: Նրանց մոտ շատ հարցեր են կուտակվել, որոնք նրանք ուղղում են Մշակույթի նախարարին միջնորդավորված կարգով` ասուլիսների միջոցով: Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ նրանք նշեցին, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը մինչ օրս իրենց չի ներկայացրել 2 քոլեջների միավորման արդյունքում ստեղծվելիք կառույցի կանոնադրությունը, որը թույլ կտար պատկերացում կազմել միավորված քոլեջի պրոֆիլի ու աշխատանքային մոդելի մասին: Քոլեջի ադմինիստրատոր Անահիտ Մազմանյանը երեկ հրապարակավ հարցրեց նախարարին. «Եթե Հասմիկ Պողոսյանն ուզում է բազային քոլեջ ստեղծել, ապա թող ասի, թե ո՞ր բուհերի համար են պատրաստվելու այդտեղ սովորող աշակերտները»: Իսկ դասախոս Լեւոն Սահակյանը հիշեցրեց, որ իրենց քոլեջը նեղ մասնագիտական կրթություն է ապահովել արդեն 30 տարի շարունակ, իսկ Մշակույթի քոլեջի հետ միավորվելու դեպքում` այդ մասնագիտացումը հնարավոր չի լինի ապահովել: Փաստացի Մշակույթի քոլեջը ոչ այնքան մշակույթի դաշտի տարբեր ոլորտները մասնագետներով հագեցնելու, որքան լայն շուկայական առաջարկներ անելու մարտավարություն ունի: Այդ քոլեջում կան կարուձեւի, տուրիզմի, հաշվապահության, աուդիտի բաժիններ: Եվ այդ ամենը հիշեցնում է եվրաքոլեջի (կամ էլ եթե կուզեք` «Եվրատեսիլի») այն մոդելը, երբ մեկ կաթսայի մեջ են հայտնվում ռոքը, փոփը, ֆոլքը, ռոմանսն ու պարզունակ մեղեդիներով ու բառերով կառուցված երգերը:
Էստրադային ջազային քոլեջի դասախոս Գեւորգ Անդրիկյանը երեկ նշեց, որ եթե պետական գումարները տնտեսելու կարիք կա, ավելի լավ կլինի չինովնիկական ապարատը կրճատել ու իրար միացնել, ասենք, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հաստիքները:
Ի դեպ` հստակ է, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը վճռակամությամբ շարունակում է օպտիմալացման գործնթացները տարբեր ոլորտներում: Ինչպես հայտնի է` հայաստանյան 6 կամերային երաժշտական կոլեկտիվներ միավորվել են «Կամերային կենտրոն» անվան ներքո: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ շուտով մեկ իրավական մարմին կդառնան նաեւ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնն ու Ֆիլհարմոնիան: Հարեւանները կամ էլ մոտավորապես նույն աշխատանքային պրոֆիլն ունեցող կառույցները միավորվում են, ինչն ավելի դյուրին է դարձնում նրանց գործունեության վերահսկումն ու հարկ եղած դեպքում` արագորեն հրահանգներ «իջեցնելու» պրակտիկան: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ միավորվող Մշակույթի քոլեջը նաեւ ավագ դպրոցի կարգավիճակով է աշխատելու, ապա հասկանալի է դառնում, որ այն նաեւ ֆինանսական մեծ հոսքերի աղբյուր է դառնալու: