Հակադարձել է

20/05/2011

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին: «Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել այդ ոգեւորությունից: Արդեն ապրիլի 25-ի լրատվական եւ սպորտային թողարկումներում Հանրայինը, ինչպես հարկն է, անդրադարձել է Վիկի ոգեւորիչ հաղթանակին եւ լուսաբանել այն»,- ասել է Ա. Հարությունյանը: «Ցավում եմ` մեր անվանի հայրենակցի ասուլիսում տեղ գտած թյուր գնահատականների համար: Բոլորիս կողմից սիրված Վիկ Դարչինյանը Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի ինչպես լրատվական, այնպես էլ այլ հաղորդումների ամենացանկալի հյուրերից է: Հուսով եմ, որ մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձրած անվանի բռնցքամարտիկին մեր եթերում հյուրընկալումը, ինչի առաջարկը արվել է, վերջ կդնի տեղ գտած թյուրիմացությանը»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտարարել էր, թե վիրավորված է բոլոր հեռուստաալիքներից, քանի որ նրանք չեն անդրադարձել ապրիլի 24-ին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կոլումբիացի Յոնի Պերեսի դեմ իր տարած հաղթանակին: