«Ինձ ճանաչողը «Պատրոնդաշ» չի պատվիրի»,- ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը

20/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ այս տարվա «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ երգիչ Արսեն Սաֆարյանին մրցանակ շնորհվեց`15 տարվա բեմական գործունեության առթիվ, վերջինս բեմ բարձրացավ փոքր-ինչ շփոթված: Արսենի հետ մեր զրույցի ժամանակ պարզվեց նրա զարմանքի պատճառը։ «Զարմացել էի, քանի որ այդ 15 տարիների ընթացքում բավական հետաքրքիր ու բովանդակալից երաժշտական աշխատանքներ եմ ստեղծել, սակայն մինչ այդ ուշադրության չէի արժանանում»,- նշեց Արսենը:

– Իսկ ովքե՞ր են «ուշադրություն հատկացնողները», եւ որքանո՞վ է քեզ համար կարեւոր նրանց գնահատականը:

– Այդ մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հանրային Հեռուստաընկերությունը` Մշակույթի նախարարության հետ համատեղ: Եթե չեմ սխալվում` ստեղծվում է ժյուրի, խորհուրդ, ովքեր եւ որոշում են` մրցանակակիրներին: Քիթս ամեն տեղ խոթելու բնավորություն չունեմ: Կարծում եմ` եթե արժանի եմ որեւէ գնահատականի, մրցանակի, ապա վաղ թե ուշ կստանամ այն: Երբեք այդ մրցանակաբաշխություններին չեմ վերաբերվել որպես մրցույթի, որտեղ կան հաղթողներ եւ պարտվողներ:

– Չէ՞ որ այդ նույն խորհուրդը մրցանակ հանձնելով կոնկրետ կատարողի` այդպիսով նրան դասում է լավագույնների շարքին:

– Երգարվեստում կան մարդիկ, ովքեր երգում են` ստեղծագործելով, կան նաեւ պարզապես երգողներ: Ամեն մարդ երգում է յուրովի, եթե, իհարկե, երգում է: Երգը դա երաժշտության, խոսքերի հեղինակի, գործիքավորողի, կատարողի բնավորության, աշխարհայացքի, անհատականության ստեղծագործական մի շաղախ է, որը չի կարելի համեմատել մեկ այլ ստեղծագործության հետ, քանի որ դրանք տարբեր մտածելակերպի արդյունք են: Չի կարելի համեմատել երկու տարբեր երեւույթ:

– Այս 15 տարիների ընթացքում երբեւէ չե՞ք զգացել, որ կրկնվում եք:

– Իհա՛րկե զգացել եմ:

– Զգալով հանդերձ, որ երգը կրկնվում է, այնուամենայնիվ, երգե՞լ եք:

– Չեմ ասում, թե ամեն մի գրածս երգը մի մեծ գանձ է: Ինքս ինձանից երբեք չեմ արտագրել, բայց ոճային իմաստով կրկնություն եղել է: Դա ոչ թե կրկնություն է եղել, այլ ձեռագիր, որը սովորաբար անփոփոխ է: Երգչի հնարավորություններն անսահմանափակ չեն: Նա կարող է երգել տարբեր ոճերով, սակայն անկարող է ոտքից գլուխ փոխվել:

– Իսկ ո՞րն էր քո ամենաբուռն ստեղծագործական շրջանն այս տարիների ընթացքում, եւ ինչո՞վ էր այն պայմանավորված:

– 2002-2008 թվականները: Այդ ժամանակահատվածում մեր էստրադային երաժշտությունը ծաղկունք ապրեց: Թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի եթերը ողողված էր միայն էստրադային մեծամասամբ լավ երաժշտությամբ: Հեղինակային երգերն էին գերակշռում, չկար այն միապաղաղությունը, որն առկա է այսօր: Ամեն ինչ փոխվեց, երբ ինֆորմացիոն միջոցների դռները բացվեցին բոլորի առջեւ: Մի կողմից` դա լավ էր, քանի որ բոլորը կարող էին դրսեւորվել, մյուս կողմից` սարսափելի վատ, քանի որ ի հայտ եկավ անիմաստ հիբրիդ երաժշտությունը` էստրադային գործիքավորմամբ ռաբիս երաժշտությունը, որը սկսեց ճաշակ թելադրել:

– Իսկ ո՞վ էր նախկինում փակում այդ դուռը:

– Չգիտեմ, թե ով էր կանգնած այդ դռան ետեւում, սակայն փաստը մնում է փաստ, որ հեռուստատեսության մրցակցության հետեւանքով բացվեցին շատ դռներ:

– Գումարով մշտապես բացվել են անգամ արգելված դռները: Այդ դռների մոտ հավաքված ռաբիս երաժշտություն քարոզողներն այլեւս Ձեզ ներս չե՞ն թողնում: Ձեզ ասելով` նկատի ունեմ երաժիշտների` Ձեր սերունդը: Դա՞ է պասիվության պատճառը:

– Նրանք մեզ չեն ճնշել որակով, պարզապես ահռելի շատ են քանակով: Եթե երաժիշտը չունի դեմք, ձեռագիր, ոճ, նա անպատճառ կկորչի նոր սերնդի մեջ: Սակայն, ես կարծում եմ, որ այս 15 տարիների ընթացքում կարողացել եմ վաստակել իմ հանդիսատեսի սերն ու հարգանքը: Ես դեմ չեմ 6/8 չափին, սակայն ամեն ինչ պետք է իր տեղն ունենա: Հնարավոր է, որ ապագայում ես եւս իմ համերգների ժամանակ երկու 6/8 չափով երգ կատարեմ: Եկեք ընդունենք, որ վերջին հաշվով մեր տոնախմբությունների ժամանակ ուրախանում ենք հենց այդ երաժշտության ներքո:

– Եկեք հարսանիքներում հնչող երաժշտությունը չափորոշիչ չդարձնենք: Հիմա մենք խոսում ենք այն երաժշտության մասին, որը նախատեսված չէ կերած-խմած մեր մարմինը շարժելու համար:

– Ես դեմ չեմ այդ երաժշտությանը, սակայն ամեն բան գեղեցիկ է իր «ֆուտլյարի մեջ»: Այն երաժշտությունը, որը պետք է հնչի միայն կոնկրետ վայրերում եւ կոնկրետ առիթների ժամանակ, այսօր ամենուր է:

– Ժամանակին Ձեր կնոջ համար եւս երաժշտական տեսահոլովակ եք նկարել:

– Այո, սակայն դա նրա առաջին եւ միակ տեսահոլովակն էր, քանի որ կինս ինքնակամ որոշեց ոտք չդնել շոու-բիզնես, երբ մտավ այդ բնագավառ եւ տեսավ այդ ամենը:

– Կարո՞ղ եք նշել այն, ինչ տեսավ, եւ ինչո՞ւ հրաժարվեց Ձեր կինը:

– Մի բառով այդ երեւույթը չես անվանի: Հրաժարվեց, երբ տեսավ միմյանց հանդեպ բացասական վերաբերմունքը, այն, ինչ կատարվում է ներսում: Թող չթվա, թե մեր ոլորտում միայն բացասականն է իշխում: Միանշանակ առկա է եւ դրականը, սակայն այս ոլորտում մնալու համար պետք է ուժեղ լինել: Սաթիկն էությամբ չափազանց անկեղծ եւ անմիջական է եւ պարզապես չի կարող հանդուրժել կեղծիքն ու անարդարությունը, որն, ինչ խոսք, առկա է յուրաքանչյուր բնագավառում:

– Տպավորություն է, թե Դուք ստիպողաբար եք մնում շոու-բիզնեսում:

– Անցել են այն ժամանակները, երբ ես ինչ-որ բան էի անում իմ կամքին հակառակ: Այսօր կարող եմ ինձ թույլ տալ հրաժարվել որոշ առաջարկներից: Կարող է վաղը չուզեմ եւ ընդհանրապես չերգեմ:

– Այդ ժամանակ ինչո՞վ եք զբաղվելու: Կհայտնե՞ք Ձեր գաղտնի «տաղանդի» մասին:

– Առանձնապես գաղտնի տաղանդ չունեմ, սակայն, ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ, կարող եմ պահել տունս: Եթե հարկ լինի, անգամ շինարարությամբ կզբաղվեմ: Սական դեռ չեմ ձանձրացել եւ կարեւորը` չեմ ձանձրացրել իմ լսարանին` իմ երգերով: Ինձ դեռեւս դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ:

– Երբեւէ Ձեզ հարցրե՞լ եք, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար եք երգում:

– Երգում եմ ինձ համար, իմ երգերը սիրողների եւ գումար աշխատելու համար:

– Հավատո՞ւմ եք այն արվեստագետներին, ովքեր յուրաքանչյուր առիթ օգտագործում են` ի լուր աշխարհի հայտնելու, թե ստեղծագործում են միայն ժողովրդի համար:

– Յուրաքանչյուր արվեստագետ նախ եւ առաջ ստեղծագործում է իր համար: Նրանք, ովքեր ասում են, թե հանուն ժողովրդի են «արարում», նման հայտարարությամբ «ադալժենիա» են անում այդ նույն հանրությանը: Եթե ես ֆինանսապես լավ ապահովված լինեի, չէի մասնակցի խմբակային համերգներին: Կմասնակցեի միմիայն բարեգործական ակցիաների եւ երկու տարին մեկ մենահամերգներով հանդես կգայի: Կգրեի այն երգերը, որոնք ինձ եւ իմ լսարանին դուր են գալիս:

– Եթե ռուս երգիչը միայն հսկայական Ռուսաստանի սահմաններում համերգային շրջագայություն կազմակերպի, բավականին մեծ գումարներ կվաստակի: Ինչպե՞ս է հայ երգիչը գումար վաստակում մի երկրում, որը բավականին փոքր է, եւ որտեղ գրեթե ամեն օր համերգ է կազմակերպվում:

– Գոյություն ունի գումար վաստակելու երկու տարբերակ` ակումբներ, որոնք ստաբիլ գումար են բերում, եւ կորպորատիվ միջոցառումներ:

– Հարսանիք, կնունք, ծնունդ ասվածը պատկանո՞ւմ է կորպորատիվ միջոցառումների շարքին:

– Այո, անհատական կազմակերպված յուրաքանչյուր հրավեր այդ շարքում է: Երբ ինձ հարցնում են. «Հայաստանում կա՞ արդյոք շոու-բիզնես», ես պատասխանում եմ. «Եթե կնունք-ծնունդ-հարսանիքը շոու-բիզնես է, ուրեմն` կա»: Շոու եւ բիզնես բառերը հանդիպում են միայն այդ միջոցառումների ժամանակ: Ամեն անգամ չենք կարող կազմակերպել մենահամերգ, քանի որ այն իրենից բավականին թանկ հաճույք է ներկայացնում:

– Ինչի՞ հաշվին է այդ «հաճույքն» այդքան թանկ: Ինչո՞ւ են մեր դահլիճները համերգների ժամանակ մինչ օրս ցելոֆաններով եւ հովանավորների պաստառներով զարդարում:

– Նախ` այդ դահլիճները վարձակալելու համար, ահավոր բարձր գներ են «կրակում», չես էլ կարողանում հասկանալ, թե ինչի հիման վրա են այդ գները նշվում: Մենահամերգ կազմակերպելու համար պետք է մոտավորապես 20.000 դոլար ունենալ: Ծախսերն այնպիսին են, որ անհնար է առանց հովանավորի այդ համերգը կազմակերպել: Այստեղից էլ` պաստառները:

– Ո՞վ է որոշում երգացանկը, երբ Ձեզ հրավիրում են անհատական միջոցառումների ժամանակ երգել` Դո՞ւք, թե՞ պատվիրատուն:

– Միասին ենք որոշում: Եթե ինձ են հրավիրել, նշանակում է` գիտեն, թե ես ինչ կարգի երգեր եմ երգում:

– Երբեք չի՞ պատահել, որ Ձեր երգացանկին ծանոթ միջոցառման կազմակերպիչը, գինովցած կամ էլ գիտակից վիճակում հանկարծ խնդրի Ձեզ, ասենք` «Պատրոնդաշ» երգել:

– Ինձ ճանաչողը նման առաջարկով հանդես չի կա: Իսկ եթե ե՞ս նրան առաջարկեմ երգել «Պատրոնդաշ»…

– Եթե վճարել եք, նա համաձայնել է գալ` պատվիրեք:

– Անկեղծ եմ ասում` ինձ նման առաջարկներ չեն արել, քանի որ, եթե մարդն ուզում է ռաբիս լսել, նա երբեք ինձ իր միջոցառմանը չի կանչի: Ռաբիս կատարողների պակաս, ցավոք, չենք զգում: Ես իմ երգերն եմ երգում:

– Ձեր առաջնեկն աղջիկ է, իսկ երեք տարի առաջ նաեւ որդի ունեցաք: Նախքան երեխայի ծնվելը, որքանո՞վ էր Ձեզ համար կարեւոր երկրորդ զավակի սեռը: Տղա զավակի մասին երազո՞ղ հայ տղամարդկանցից եք:

– Միակ կարեւոր հանգամանքն ինձ համար իմ երեխաների առողջությունն է: Բնականաբար, ցանկացել եմ տղա ունենալ, սակայն ինձ համար առաջնահերթը նրա առողջությունն է եղել եւ կա: Տուն եմ կառուցել, տղա եմ ունեցել, ծառ եմ տնկել:

– Թոշակի՞ եք անցնում:

– Թոշակին դեռ շատ կա: Աշխարհն իմն էր, երբ տղաս ծնվեց: Բայց էլի եմ ուզում երեխա ունենալ: Կարծում եմ` կլինի:

– Արդեն 10 տարի է, ինչ ամուսնացած եք: Եվ չնայած համատեղ անցկացրած այդ 10 տարիներին, երբեւէ զգացե՞լ եք, որ չեք հասկանում Ձեր կնոջը:

– Միշտ: Ինչպե՞ս կարելի է մինչեւ վերջ հասկանալ կնոջը: Եթե գլոբալ պատասխանենք` ի՞նչ է ուզում կինը հարցին, ապա` միանշանակ տղամարդ: Ես նորմալ, առողջ հակասություններով լի ընտանիք ունեմ: Հակառակը լինել չէր կարող: Ես եւ կինս երկու տարբեր աշխարհներ ենք: Ես շատ խաղաղ, մելանխոլիկ տրամադրության մեջ գտնվող մարդ եմ: Նա իմ հակապատկերն է` շատ վառ կերպար է: Դա լավ է, քանի որ, երբ իմ հանգստության մեջ չափն անցնում եմ, նա է ինձ ուշքի բերում.«Տղա ջան, վեր կաց, աչքդ կպավ»: Սաթիկին ընտրել եմ, քանի որ առաջին իսկ հայացքից նրա մեջ իմ երեխաների մորն եմ տեսել: Կինը պետք է կին լինի: Երբ կանայք սկսում են համեմատվել տղամարդկանց հետ, ինձ թվում է, որ այդ պահին նրանց սեռը փոխվում է: Ամենագեղեցիկ կինն անգամ տգեղանում է, երբ մոռանում է, որ ինքն առաջին հերթին կին է: Պետք չէ համեմատվել տղամարդու հետ, քանի որ տղամարդն էությամբ ազատ կենդանի է: Ինչպես նա ասաց, այդպես էլ պետք է լինի: Այլ կերպ անհնար է:

– Տարիների հետ ամուսինները վերածվում են հարազատ հոգիների, որոնք լրացնում են իրար: Ի՞նչ է փոխվել Ձեր ամուսնության 10 տարիների ընթացքում:

– Ես եւ կինս հասկացել ենք, որ այսօր ավելի շատ ենք սիրում իրար, քան երբեւէ: Անհրաժեշտության դեպքում նա իմ ընկերն է, ես էլ` նրա ընկերուհին: