Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Կարծում եմ, դա հավանական է, քանի որ ոչ կերպ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը: Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ եւ միջոցներ կուտակելու պլաններ ունեն, որպեսզի հարմար պահին դիմեն ռազմական արկածախնդրության»,- ասել է Ս. Սարգսյանը: «Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով` առաջինը` տոտալ պատերազմ` Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացմամբ, ինչը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ոչնչացմամբ, եւ երկրորդ սցենարը` Ադրբեջանը կպարտվի եւ նոր տարածքներ կկորցնի: Այդժամ արդեն Ադրբեջանը կսկսի բողոքել եւս 5, 6 կամ ավելի շրջաններ կորցնելու կապակցությամբ, եւ ի՞նչ կլինի հետո: Դարձյալ հրադադար, նոր պատերազմ, այդ բոլոր սցենարներն անհեռանկար են»,- հավելել է ՀՀ նախագահը: