Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեղեկություն, ըստ որի` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում 3,2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել: Բացի այդ, ըստ նույն տեղեկությունների, նա երկու տարի առաջ ձեռք է բերել Ուկրաինայի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկի` Դնեպրոպետրովսկի «Բաբուշկինայի» անվան երկաթամշակման գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Արմեն Մովսիսյանը, բնականաբար, հերքել է այդ տեղեկությունները` ասելով այն, ինչ պաշտոնյաները սովորաբար ասում են նման դեպքերում. «Առաջին անգամն եմ լսում, հենց ունենամ` կեսը կտամ ձեզ»: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Մովսիսյանն իսկապես ուկրաինական այդ գործարանի սեփականատերերից է, սակայն նրան է պատկանում բաժնետոմսերի ոչ թե 80, այլ 20 տոկոսը: Նշենք, որ Դոնեցկի «Բաբուշկինայի» անվան երկաթամշակման գործարանն արտադրում է արդյունաբերական եւ կենցաղային նշանակության մետաղական կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են նաեւ կամուրջների կառուցման, մեքենաշինության ոլորտներում: Իսկ արտերկրում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ունեցվածքի եւ ձեռքբերումների մասին մանրամասները կներկայացնենք առաջիկայում: