«Ես շնորհակալ եմ իմ նախորդներից»

20/05/2011

Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ թերթը ԽՍՀՄ փլուզման 20-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույցների շարք է սկսել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առաջնորդների հետ: «Դուք Հայաստանի երրորդ նախագահն եք: Ինչի՞ է հաջողվել հասնել վերջին 20 տարիներին, ինչի՞` ոչ» հարցին Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ամենամեծ ձեռքբերումը մեր երկրում կայունության պահպանումն է: Չէ՞ որ ծանր ժամանակներ էին: Ռելսերի վրա դրված պլանային տնտեսությունը շուկայականի փոխակերպելու խնդիրներին զուգահեռ` մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել, Թուրքիան վերջինիս անվերապահ աջակցություն էր ցուցաբերում, Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր. այս պայմաններում շատ բարդ խնդիր էր` բնակչությանն ապահովել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներով: Մենք մեծ խնդիրներ ունեինք էներգաապահովման ոլորտում: Եվ այս ամենը` սարսափելի երկրաշարժի հետեւանքների ֆոնին, երբ հարյուր-հազարավոր մարդիկ անօթեւան էին մնացել, փախստականների խնդրի ֆոնին, երբ 500 հազար հոգի Հայաստան էր եկել` փախչելով ոչնչացումից»: Նաեւ հավելել է. «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են` «ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում` մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է` սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ եւ՛ իմ նախորդներին, եւ՛ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»: Իսկ հարցին, թե` ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի հարցի իդեալական լուծումը, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա: Բոլոր այս տարիներին մենք փորձել ենք փոխզիջումներ գտնել: Բայց կա կարմիր գիծը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, ունենա իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու բոլոր հնարավորությունները»: Ս. Սարգսյանի խոսքով` ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջ է քաշել Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են հարցի լուծումը երեք սկզբունքների հիման վրա` ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ փաստաթուղթը, ըստ Ս. Սարգսյանի` հնարավորություն է տալիս անցնել խաղաղ մեծ համաձայնագրի մշակմանը. «Մենք հստակ հասկանում ենք` ինչ են նշանակում այդ սկզբունքները: Ադրբեջանցիներն էլ երկար մտորումներից հետո ասել են` «այո», սակայն, չգիտես ինչու` սկզբունքները յուրովի են ընկալում: Առայսօր Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում անընդհատ սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Դա առաջին սկզբունքի խախտումն է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է նաեւ մեզ համար, եւ ադրբեջանցիների, թեեւ տպավորություն կա, որ նրանք դա բացարձակ դոգմա են դարձրել` միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա նրանք դա ընկալում են ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այդպիսի ինքնորոշում չի լինում, ուստի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, շատ դժվար է լինելու խնդրի լուծման ուղղությամբ շարժվելը: Ղարաբաղն իր անկախությունը վաստակել է արյունոտ եւ դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում, եւ միամիտ է կարծել, որ ղարաբաղցիները կհրաժարվեն նրանից, ինչին հասել են»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նաեւ նշել է. «Դուք գիտեք, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչի համար մենք նրան մեծապես երախտապարտ ենք»: Ս. Սարգսյանի խոսքով` տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: «Հակառակ դեպքում, աշխարհում նոր պետություններ չէին առաջանա, մինչդեռ վերջին 20-30 տարիներին աշխարհի քարտեզին տասնյակ նոր պետություններ են հայտնվել»,- ասել է Ս. Սարգսյանը: Հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե` քանի որ բանակցություններ են ընթանում, եւ այդ ճանաչումը կնշանակի բանակցությունների տապալում։ «Ամեն դեպքում ավելի լավ է բանակցություններ վարել»,- ասել է նա: Իսկ հարցին, թե` վերջերս Հարավային Կովկասում երկու նոր պետությունների ձեւավորումն ազդեցություն կունենա՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ընդհանրապես այդ բոլոր հակամարտությունները յուրօրինակ են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ պատճառները, հետեւանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, աշխարհում նոր պետությունների կայացումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի միջազգային ընկալման վրա: Եվ հարցն ամենեւին էլ այն չէ, թե մենք ճանաչո՞ւմ ենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը, այլ այն, որ միջազգային հանրությունը տարբեր դասավորությամբ ընդունում է, որ այս կամ այն պայմանների առկայության դեպքում անջատումն ինքնորոշման իրավունքի իրացման իրավաչափ ձեւ է»:

Անդրադառնալով հարցին, թե` կհաջողվի՞ 1915թ. ողբերգության 100-ամյակին այնպես անել, որպեսզի այն դադարի այդքան կարեւոր դեր ունենալ հայ-թուրքական փոխհարաբերություններում, Ս. Սարգսյանն ասել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցում կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Առանց ճանաչման հաշտեցում չի կարող լինել: Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձ»: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է լիարժեք տնտեսական աճ` առանց աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ս. Սարգսյանն ասել է, որ այդ հարցը ուղիղ եւ միանշանակ պատասխան չունի. «Որովհետեւ եթե` «ոչ», ապա ինչպե՞ս ենք զարգանում արդեն 20 տարի: Իսկ եթե` «այո», ինչո՞ւ ենք զարգանում այսպիսի տեմպերով: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման` մենք սովից չենք մեռնի: Բայց վերադառնամ նրան, ինչը շատ անգամ ասել եմ. մենք տնտեսական ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական մոտիվացիա չենք համարում: Ինչպես ասել է Նապոլեոնը` «երկրի աշխարհագրությունը կերտում է նրա պատմությունը»: Աշխարհագրությունը ճակատագիր է»: Նաեւ հավելել է. «Մենք այստեղ ենք ապրում եւ պետք է որոշակի հարաբերություններ ունենանք հարեւանների հետ: Իհարկե, ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք սկսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, որ դա կխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան: Ցեղասպանության փաստն անվիճելի է, եւ մենք պետք է ջանքեր ներդնենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի այն: Սա պայքար է արդարության եւ անվտանգության համար»: