Անցած տարի գազամատակարարման ներտնային ցանցերի տեխնիկական սպասարկումն իրականացնում էին մոտ 120՝ շատերի կարծիքով, ոչ մասնագիտացված ընկերություններ: Այս կարծիքը մասամբ իրականությանը համապատասխանում է, որովհետեւ ընկերություններից շատերը պայմանագիրը կնքում էին, բայց իրենց պարտականությունները նորմալ չէին կատարում: Բնակիչներն էլ, իրենց հերթին, տեղյակ չէին եւ չէին պահպանում գազի սպառման անվտանգության կանոնները: Եվ պատկան մարմիններն այս երկու հանգամանքով պատճառաբանեցին անցած տարվա գազից թունավորումներն ու վթարները: Որպեսզի անցյալի դժբախտ պատահարներն այլեւս չկրկնվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ «ՀայՌուսգազարդը» որոշեցին, որ գազասպասարկման ներտնային ծառայությունն էլ իրականացնի միայն մատակարարը՝ «ՀայՌուսգազարդը»: Այսինքն, այս ծառայության մենաշնորհն էլ հանձնվեց «ՀայՌուսգազարդին»: Տնօրեն Կարեն Կարապետյանը խոստացավ այդ նպատակով հատուկ մասնագետներ պատրաստել եւ ընկերության համակարգում բոլորովին առանձին կառույց ստեղծել: Խոստացավ նաեւ այդ ծառայությունն իրականացնել ավելի որակյալ եւ շուկայականից 30 տոկոս ցածր սակագներով: Երեքշաբթի հանձնաժողովը հաստատեց այդ սակագները՝ գազօգտագործման մեկ սարքավորման համար տարեկան 2400 դրամ, երկուսի դեպքում՝ 5700, երեքի համար՝ 6900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Յուրաքանչյուր բաժանորդի համար նախատեսված է տարեկան 2 այց: Քանի որ գրեթե բոլոր բաժանորդներն էլ ունեն գազի սպառման երկու սարքավորում՝ մեկը ճաշ եփելու, մյուսն էլ տաքանալու համար, այսինքն` սպառողների մեծ մասը վճարելու է 5700 դրամ: «ՀայՌուսգազարդը» մինչեւ տարվա վերջ ունենալու է 370 հազար բաժանորդ: Փաստորեն այս ծառայությունը ընկերության համար շահույթ ապահովող լրացուցիչ բիզնես է: «ՀայՌուսգազարդը» ծրագրել էր այս կառույցի աշխատողների միջին աշխատավարձը սահմանել 93,3 հազար դրամ` այն դեպքում, երբ ընկերությունում այն 61 հազար դրամ է: Հանձնաժողովը, սովորության համաձայն, մի փոքր իջեցրեց այս թիվը եւ սահմանեց 85 հազար դրամ: Բայց աննախադեպ էր ընկերության որոշած տարեկան շահույթի չափի իջեցումը: «ՀայՌուսգազարդը» որոշել էր այս բիզնեսից ստանալ տարեկան 220 մլն դրամ շահույթ, բայց հանձնաժողովն այս թիվը մոտ 10 անգամ փոքրացրեց եւ սահմանեց 18,8 մլն դրամ: Ճիշտ է, պարոն Կարապետյանը մի փոքր հուզվեց այս հանգամանքից, բայց հեշտությամբ էլ համաձայնեց: Եվ անորոշ մնաց՝ ընկերությունը սակագները փոփոխելու կամ շահույթի չափը մեծացնելու համար որոշ ժամանակ հետո նորից կդիմի՞ հանձնաժողովին, թե՞ այս ամենը նախօրոք պայմանավորված սցենար էր, անկախ հանձնաժողովի իբր թե ամենազոր ուժը ցույց տալու համար: Ընդունված կարծիք է, որ որեւէ ծառայության կամ ապրանքի սակագինը բարձրացնելու ժամանակ «ապրանքի տերը» եւ հանձնաժողովը նախօրոք ամեն ինչ իրար հետ համաձայնեցնում են, հետո, մի ձեւական նիստով հաստատում: Մատակարարը հայտը ներկայացնելիս իր ուզած գնից մի փոքր ավելին է գրում, հանձնաժողովը չի համաձայնում, որոշ չափով իջեցնում է եւ հաստատում: Ու երկուսն էլ գոհ ու երջանիկ բաժանվում են: Դժգոհ է մնում միայն սպառողը: Այս դեպքն իրոք որ աննախադեպ էր: Իսկ պարոն Կարապետյանը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոստացան, որ այս դեպքում գոհ կլինի նաեւ բաժանորդը, իսկ վթարների եւ դրանց արդյունքում դժբախտ պատահարների քանակն էլ կկրճատվի: Ուղղակի «ՀայՌուսգազարդը» մոռացել էր կամ չի էլ ընդունում, որ անցած տարվա վթարների եւ դժբախտ դեպքերի պատճառ կարող էր լինել նաեւ իր կողմից մատակարարվող գազի ցածր ճնշումը: