Մայիսի 8-ին Մոսկվայում ազգայնականները սպանել են Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Հուսնյանին: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում: Նախնական տվյալներով, երեք հայերի վրա հարձակվել են մի քանի տասնյակ արմատական այլատյացներ: Դաժան ծեծի հետեւանքով, Գ. Հուսնյանը գլխի ծանրագույն վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Չեխովի շրջանային հիվանդանոց, որտեղ էլ մահացել է մայիսի 15-ին: Նրա երկու ընկերները եւս ծանր վնասվածքներ էին ստացել, սակայն նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Հուսնյանը Մոսկվայի մարզում աշխատում էր որպես շինարար եւ ընտանիքի միակ կերակրողն էր: