ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, որով վերջինս Մարտի 1-ի դեպքերի հարցում որպես գլխավոր մեղավոր` մատնանշում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` պաշտպանելով Սերժ Սարգսյանին, ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: «Քննադատության վեկտորները որեւէ ուղղությամբ ուղղել կամ չուղղելը, չեմ կարծում, որ որեւէ հետեւանք կարող է ունենալ: Այդ հետեւանքները կարող են լինել միայն իրավական դաշտում, եւ հետաքննություններից հետո կարող է որոշվել, թե ինչ հետեւանքների պատճառով տեղի ունեցան այդ իրադարձությունները, որոնք էին դրանց պատճառները, ովքեր էին կատարողները, եւ ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Մելիքյանը: Նրա խոսքով` քաղաքական հայտարարությունները, ինչպիսին էր նաեւ Դալլաքյանի հայտարարությունը, բացի քաղաքական հետեւանքից, որեւէ այլ հետեւանք ունենալ չեն կարող: Ըստ Մելիքյանի` բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի դեպքերին, պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից: Այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: