Միջազգային մամուլը բավականին շատ է գրում Մեդվեդեւ-Պուտին հակամարտության մասին։ Այն առավել սուր դրսեւորվեց հատկապես Լիբիայի դեմ Արեւմուտքի ծավալած ռազմական գործողությունների համատեքստում (հիշեցնենք, որ Պուտինն այդ օպերացիան համեմատել էր խաչակրաց արշավանքների հետ, իսկ Մեդվեդեւը խորհուրդ էր տվել զերծ մնալ նման որակումներից)։
Որպես Մեդվեդեւ-Պուտին «սառը պատերազմի» հաջորդ վկայություն` ԶԼՄ-ներն ու փորձագետները մատնանշում էին մի շարք ուժայինների պաշտոնանկությունը, որոնք համարվում էին Պուտինի մարդիկ, ինչպես նաեւ` Ոստիկանության եւ զինված ուժերի համակարգում սկիզբ առած բարեփոխումները։ Սակայն «Ռուսկի ռեպորտյոր» կայքը օրերս մի հետաքրքիր վերլուծություն էր արել՝ հանգելով այն եզրակացության, որ Մեդվեդեւի եւ Պուտինի տարաձայնություններն ավելի լուրջ են, քան Լիբիայի հարցը կամ կոնկրետ մարդկանց պաշտոնանկությունը։
«Նախորդ շաբաթ նախագահ Մեդվեդեւն ասաց, թե ինչ է պետք անել, որպեսզի երկրում բիզնեսով զբաղվելն ավելի հեշտ դառնա։ Սակայն նրա գլխավոր առաջարկին՝ հարկերի կրճատմանը, վարչապետը պատասխանեց ոչ այնքան հարգալից ակնարկով. հարկերի կրճատման դեպքում հարկ կլինի միջոցները խնայել նախագահի սիրելի թեմաների՝ Ոստիկանության բարեփոխման եւ բանակի վերազինման հարցերում»,- գրում է կայքը՝ ավելացնելով, որ հակասություններ են առաջացել նաեւ տնտեսական քաղաքականությանը վերաբերող այնպիսի հարցերում, ինչպիսիք են պետական մոնոպոլիաների ծախսերի կրճատումը, պարտադիր սոցվճարների դրույքաչափի նվազեցումը, պաշտոնյաների կողմից պետական մասնակցություն ունեցող ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ լինելու արգելքը եւ այլն։ «Գլավնի վիբոռ էպոխի» կոչվող հոդվածում հեղինակները պնդում են, որ իրական հակասությունները նախագահի եւ վարչապետի միջեւ ոչ պակաս չափով վերաբերում են տնտեսական ու սոցիալական դաշտին։
Որքան էլ զարմանալի հնչի, վերը նշվածը որոշ իմաստով ճիշտ է նաեւ Հայաստանի պարագայում։ Այսօր ընթացող քաղաքական զարգացումները՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, Մարտի մեկի գործն ու քաղբանտարկյալների հարցը, հասարակական քննարկման ամենալայն առարկան են։ Մինչդեռ զուտ քաղաքական (նաեւ՝ իրավական) հարթությունից բացի, այս ամենի տակ թաքնված է նաեւ տնտեսական պայքարի գործոնը, որը մի տեսակ դուրս է մղվել քաղաքական գործոնների շնորհիվ։ Այսինքն՝ բացի այն բանավեճից, թե ով է մեղավոր Մարտի մեկի դեպքերի համար, ոչ պակաս ակտիվ (թեպետ ոչ այնքան բացահայտ) հնչում են տնտեսական բնույթի մեղադրանքներ։ Բոլոր կողմերը (ներկա ու նախկին իշխանություններ, ընդդիմություն) փորձում են այսօրվա ոչ բարվոք (մեղմ ասած) տնտեսական իրավիճակի համար անուղղակիորեն մեղադրել մյուս կողմերին։
Ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին կարիք չկա անդրադառնալ, քանի որ դրանք արվում են բացահայտ եւ շատ պարզ լեզվով։ Ընդդիմությունը մեղադրում է ներկա եւ մանավանդ նախկին իշխանություններին՝ կոռուպցիայի, օլիգոպոլիկ տնտեսության եւ այլ բացասական երեւույթների արմատավորման մեջ։
Եթե ընդդիմության քննադատությունը ընկալելի է եւ բնական, փոխարենը՝ միջազգային կառույցների կոշտ գնահատականն էր ինչ-որ չափով զարմանալի։ Նախ՝ Համաշխարհային բանկը համաշխարհային ճգնաժամից անմիջապես հետո հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որտեղ նշվում էր, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը խոցելի է, այն դիվերսիֆիկացված չէ, եւ իշխում է օլիգոպոլիկ համակարգը։ Նկատի ունենալով, որ տնտեսության կառուցվածքը մեկ օրում չի ձեւավորվում՝ այդ հայտարարությունը կարելի էր հասկանալ որպես մեղադրանք նախորդ իշխանություններին։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը ավելի կոշտ ձեւակերպեց իր ասելիքը՝ շինարարության աճի վրա հիմնված երկնիշ աճն անվանելով պղպջակ։
Ճգնաժամի դասերի՝ ոչ դիվերսիֆիկացված տնտեսության ու մյուս «փիս-փիս» բաների մասին խոսելով՝ նախկին իշխանություններին անուղղակիորեն քննադատում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ընդ որում, դա անում էր (եւ անում է) այնպիսի հետեւողականությամբ, որ ոմանց մոտ արդեն կասկած էր առաջանում՝ մի՞թե սա նույն Տիգրան Սարգսյանն է, ով նախկին իշխանությունների օրոք ղեկավարում էր Կենտրոնական բանկը, եւ ում օրոք դրամն արժեւորվեց՝ անդառնալի վնաս հասցնելով տեղական արտադրողներին։ Սակայն, չնայած սրան, շաբաթներ առաջ, երբ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն, իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, խոսում էր տնտեսական իրավիճակի եւ ազգային արժույթի մասին, դա ընկալվեց քննադատություն ո՛չ թե նույն սեղանի շուրջ նստած վարչապետի, այլ նախկին նախագահի հասցեին։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանն ասել էր. «Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է եւ, իմ կարծիքով, այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են։ Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա»։ Թե ո՞ւմ օրոք էր դրամն արժեւորվում՝ կարծում ենք` կարիք չկա ասել։
Այնպես որ, զարմանալի չէր, որ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաեւ տնտեսական իրավիճակի մասին։ «Իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման եւ այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը»,- ասել էր Ռ. Քոչարյանը՝ փաստացի պատասխանելով թե՛ իր օրոք արձանագրված տնտեսական աճը պղպջակ անվանող միջազգային կառույցներին, թե՛ դրամի արժեւորման ու օլիգոպոլիկ համակարգ ձեւավորելու համար իրեն մեղադրողներին։ Ավելին՝ նախկին նախագահը ոչ միայն փորձել էր պատասխան տալ այդ մեղադրանքներին, այլ պատասխան մեղադրանքներ էր հնչեցրել. «Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները»։ Ընդ որում, որքան էլ անհասցե թվա այս մեղադրանքը, այն կոնկրետ հասցեատեր ունի. մարդկանց կյանքի մակարդակի իջեցման համար կարելի է քննադատել միայն իշխանությանը։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը նշում է այդ անկման «օբյեկտիվ եւ սուբյեկտիվ» գործոնների մասին, սակայն մյուս կողմից, համաձայն չէ, երբ իր օրոք արձանագրված աճը պայմանավորում են «մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներով»։
Ինչեւէ, եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ դիմակայությունն օրերից մի օր տեղափոխվի ֆորմալ դաշտ՝ ընտրություններ, ապա նախկին նախագահը «լավ ու վատ ապրելու» այս համեմատականը անկասկած փորձելու է ակտիվորեն օգտագործել՝ հիշեցնելով երկնիշ աճի, ցածր գնաճի եւ այլ ցուցանիշների մասին։
Իսկ գործող իշխանությունը նման մեղադրանքներին (որոնք այսօր, ոչ այնքան բացահայտ, բայց հնչում են) պատասխանում է մի կողմից` իր ոչ պաշտոնական խոսնակների միջոցով կրկին մեղադրելով նախկին իշխանությանը, մյուս կողմից՝ ապացուցելով, որ այսօր կյանքը բարելավվում է, բիզնես միջավայրն էլ՝ լավանում (այդ բանն ապացուցելու գործառույթն իր վրա է վերցրել վարչապետ Տիգրան Սարգսյանը)։ Մնում է, որ յուրաքանչյուր կողմն իր ճշմարտացիությունը կարողանա ապացուցել ընտրողներին։ Իսկ դա հեշտ չի լինելու, որովհետեւ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ երբ մարդկանց կյանքում տեղի են ունենում «կյանքի որակի դրական փոփոխություններ», քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը կորում է։