Շատ են գրելու ենթակա թեմաները: Թեմաներ, որ ամեն օր ու ժամ աչքիդ առաջ են եւ կարծես ստիպում են իրենց անդրադառնալ: Բայց կա մի թեմա, մի բնագավառ, որն ամեն օր ու ժամ չէ, որ աչքի առաջ է, իր մասին հիշեցնում է դեպքից դեպք, բայց այնքան ճչացող,
որ դժվար է չանդրադառնալ:
Խոսքը մեր պաշտոնական մտավորականության մասին է: Միշտ եղել եւ մնում եմ այն համոզման, որ մեզանում իսկական մտավորականների մշտապես անտեսված ու մի կողմ քշված լինելու պարագայում ձեւավորվել է մտավորական կոչվող մարդկանց մի մեծ խումբ, որն ունի այդ մասին վկայող վկայական, հարկ եղած դեպքում կարող է համապատասխան տեղեկանքներ ներկայացնել եւ այդ անվան տակ արդեն մոտ մեկ դար ապրում ու սնվում է ինքը, հընթացս ապրեցնելով ու սնելով իր զավակներին ու բարեկամներին, բայց մտավորականին վայել կեցվածք երբեւէ չի դրսեւորել եւ բավարարվում է պաշտոնական մտավորականի տիտղոսով:
Կարիք չէր լինի անդրադառնալ նրանց, եթե վերջերս նրանք կրկին՝ խորհրդային տարիների ավանդույթին հավատարիմ, չհավաքվեին հերթական ժողովին հերթական անգամ, միահամուռ՝ «կողմ ենք» ասելու համար: Խոսքը հանրաքվեի դրվելիք Սահմանադրությունը պաշտպանելուն էր վերաբերում: Ինչպես որ կարգն է, համաձայն հին սովորության, քննարկվեց, քննադատվեց, բողոքարկվեց, ասվեց, որ այսպես չի լինի, որ երկիրը քանդվում է, որ մտավորականությունն անտեսված է, հնչեցին այլ կրակոտ ճառեր եւ … քվեարկելով` միահամուռ հավանության արժանացրին երկու օր անընդհատ քննադատվող փաստաթուղթը: Հնչեց հերթական «ադաբրյամսը», եւ մտավորականները` հպարտ, որ իրենց հարցրել են, եւ, որ առանց իրենց հավանության հարցը դժվար թե լուծվեր, գնացին մի լավ խմելու:
Սահմանադրությանը, իհարկե, կարելի է եւ «այո» ասել, եւ «ոչ»: Ամեն ոք ինքն է որոշում եւ որեւէ մեկը մյուսին «այո»-ի կամ «ոչ»-ի համար քննադատելու կամ դատապարտելու իրավունք չունի: Մտավորականությունը նույնպես իրավունք ունի դիրքորոշվելու «այո»-ի եւ «ոչ»-ի հարցում, բայց մտավորականը հենց դրանով է մտավորական, որ համատեղ դիրքորոշման, մեծամասնության հետ լինելու կարիք չունի եւ ունի իր անձնական կարծիքը ցանկացած հարցի, առավել եւս` Սահմանադրության նկատմամբ, նա պետք է քաղաքացի լինի եւ ոչ անկարծիք մեկը, որը միայն անդեմ զանգվածում կարող է լինել եւ իր կարծիքը ձեւավորել մեծամասնությանը նմանակելով կամ ըստ իշխանության պահանջի:
Շատ կարեւոր է երկու հանգամանք. առաջին, որ միասնական կարծիք ձեւավորելը շատ սովետական է, այդ իսկ պատճառով` սովորական մեր մտավորականների համար, եւ երկրորդ, որ մեր մտավորականներն իրենց հին սովորությամբ իշխանական եւ ոչ մի նախաձեռնության այդպես էլ «ոչ» ասել չեն կարողանում: Անիմաստ էր սպասել քաղաքացիական դիրքորոշում, նորից հաղթանակեց եւ պետք է հաղթանակեր միահամուռ հավանության արժանացնելու արատավոր սովորությունը:
Մի ամբողջ յոթանասուն տարի` գումարած այդ յոթանասուն տարվա կնիքը կրող, այդ յոթանասուն տարվա ծանրության տակից դեռեւս դուրս չեկած եւ այդ յոթանասուն տարուց դեռ չձերբազատված եւս տասնհինգ տարի, ահա այսպես, առիթից առիթ, այսքան տարի անընդհատ, վերեւից եկած ցուցումով այս նույն մտածողությամբ օժտված մարդիկ հավաքվել ու միահամուռ դատապարտել կամ հավանության են արժանացրել, բավարարելով իշխանական ցանկացած պահանջ, եւ հետո, առանց խղճի խայթի, գնացել են իրենց գործերին` չմտածելով անգամ, որ իրենց «այո»-ն մեկի ճակատագիրը խորտակեց կամ մյուսի մահվան դատավճիռը դարձավ:
Հիշենք 30-ական, 40-ական թվականները, երբ հենց այս տեսակի, մտավորականության, հենց այսպես մտածող եւ ցանկացած իրավիճակի հարմարվող գրագետների միահամուռ «այո»-ները եւ մատնագրերն էին նաեւ դրվում հարյուրավոր անմեղների դատավճիռների հիմքում, հիշենք 50-ականները, երբ, կրկին միահամուռ, դատապարտում էին ցանկացած նոր միտք, 60-ականները եւ 70-ականները, երբ նրանք տեր էին ու ամենազոր, հրատարակվում եւ վերահրատարակվում էին հազարավոր տպաքանակներով, երբ նրանցից ոչինչ չէր պահանջվում, նույնիսկ` տաղանդ, բացի` հարկ եղած դեպքում, առանց երկմտելու դատապարտելուց: Էական չէ, թե ում՝ Պաստեռնակին, միջազգային իմպերալիզմը, սիոնիզմը, Սախարովին, միջազգային իմպերալիզմի շահերը սպասարկող այլախոհներին, երեկվա բարեկամին:
Սա միայն մերոնց մենաշնորհը չէր: Այսպես վարվում էին ողջ խորհրդային երկրում, բայց այլ վայրերում հենց այդ նույն մտավորականության միջից կամ կողքից անսպասելիորեն, մեկ էլ տեսար, ի հայտ էին գալիս մի Դանիել ու մի Սինյավսկի, մի Բերդնիկ ու մի Ռուդենկո, մի Գալիչ ու մի Վիսոցկի, մի Օռլով ու մի Սոլժենիցին, եւ այսպես շարունակ, հայ ընթերցողին անհայտ բազմաթիվ հայտնի անուններ, իսկ մերոնցից` ոչ ոք, ոչ մի անուն, մեր մտավորականներն իրենց բացարձակ մեծամասնությամբ միայն կողմ էին քվեարկում եւ նրանց մեջ գտնվող մի երկու իրոք տաղանդավորներն ու կարծիք ունեցողները հարյուր տոկոսին շատ մոտ մեծամասնության հզոր զարկից փոքրանում, մի բուռ էին դառնում ու չէին էլ երեւում: Եվ շատ բացատրելի է, որ այս մշտապես կողմ քվեարկողները ազատ ու առողջ գրականություն ստեղծել չէին կարող եւ հայրենասիրությունը պետք է խառնեին պաշտոնապես թույլատրելի ու խրախուսելի հակաթուրքության հետ` ստեղծելով թուրքատյացությամբ լի մի ամբողջ գրականություն, որը պետք է նեղ, շատ նեղ նացիոնալիզմով վարակեր մի ամբողջ սերունդ, որի հայրենասիրությունը սկսում է` Եղեռնից ողբերգական դրվագներ պատմելով, եւ ավարտվում` «ռուսները մեզ փրկեցին» պնդմամբ: Յոթանասուն տարի անընդհատ ստեղծագործած մի ամբողջ բանակ այդպես էլ չի կարողացել մի բան գրել, որի հրապարակումը խորհրդային իշխանությունը կարգելեր, իսկ ձեռագիրը կբռնագրավեր, եւ որն այսօր մենք, օգտվելով մեր ազատությունից, հպարտորեն կհրապարակեինք ի լուր բոլորի եւ ի վկայություն մեր մտավորականության իրոք մտավորական լինելու: Ոչ մի տող: Որովհետեւ ցանկացած բանաստեղծի ու բանաստեղծիկի, ցանկացած գրողի ու գրողիկի, ցանկացած սկսնակի ու կայացածի մեջ ի սկզբանե նստած էր եւ է ներքին ցենզորը, գրաքննիչը, որի պարագայում ոչ մի չինովնիկներից բաղկացած «Գլավլիտ» էլ պետք չէր, որն ամեն ինչին նայում էր այնպես, ինչպես որ պետք է, ամեն ինչ դիտարկում էր այն տեսանկյունից, որ տեսանկյունից որ պետք է: Լինել կայացած եւ հեղինակություն որեւէ ասպարեզում, նշանակում էր` ճիշտ հասկանալ օրվա պահանջը եւ կողմ լինել:
Այսօր ոչինչ չի փոխվել: Նրանք այսօր էլ, առիթի դեպքում, հեռուստացույցի էկրանից երանությամբ են հիշում այն լավ տարիները, իրենց բազմահազար տպաքանակները, որի հրապարակման ու իրացման հետ իրենք գործ չունեին: Գրախանութները կվաճառեին, իսկ գրադարանները կգնեին, իրենք էլ լիուլի հոնորար կստանային, ամեն ինչ ընթանում էր ըստ վերեւից իջեցված պլանի, իսկ իրենցից, դրա փոխարեն, ըստ էության, ոչինչ չէր պահանջվում, ընդամենը մի դատարկ քվեարկություն, որն իրենց ժամանակից մեկ ժամ միայն կարող էր խլել: Մի կարճ ժողով` եւ Չարենցը չկա, մի պահանջվող «այո»` եւ Բակունցը կարծես չէր էլ եղել, Պաստեռնակը սիոնիզմի գործակալ էր, իսկ Սոլժենիցինը` դավաճան:
Նույն մտածողությունն է ու նույն սովորությունը: Նույն մտավորականությունն է: Նույն հրահանգի սպասող հայացքները եւ նույն «այո» քվեարկող ձեռքերը եւ … նույն շենքերում:
Այս տասնհինգ տարին փոխել է շատերին: Արդեն ուրիշ են մեր լրագրողները, տնտեսագետները, մեր վաճառողները: Չկան տաքսապարկերը, ժէկերը մեռնում են, մարքսիզմ-լենինիզմ դասավանդողները վաղուց արդեն կրոն են դասավանդում, ամեն ինչ փոխվել ու փոխվում է, նույնիսկ կոմունիստներն են նացիոնալիստ դարձել, միայն մտավորականի անդամատոմս ունեցող մի քանի հարյուր հոգին են համառորեն մեր իրականություն փորձում քարշ տալ մերժված ու դատապարտելի խորհրդային բարքերը: