«Զինապարտության մասին» օրենքում կատարված փոփոխությունն անհրաժեշտություն էր, որը բխում էր այսօր ստեղծված իրավիճակից: Երեկ tert.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով օրենքում կատարված փոփոխությունները, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, ոը համաձայն այդ փոփոխությունների` այսուհետ Հայաստանում տղաները բանակ կզորակոչվեն 19 տարեկանում: «Այն ընդունվեց, որպեսզի 18 տարեկան, միջնակարգ կրթությունը դեռ չավարտած տղաներին հնարավորություն տրվի ավարտել ավագ դպրոցը կամ իրենց նախընտրած ուսումնական հաստատությունը: Այսօր դեռ հնարավոր չէ ճշգրիտ թվեր ներկայացնել, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա առաջիկա տարվա զորակոչի վրա»,- ասել է Դավիթ Կարապետյանը: Նա բացառել է, թե օրենսդրական այս փոփոխության արդյունքում անհաղթահարելի դժվարություններ կարող են առաջանալ: Նշենք, որ այս փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված էր կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով (Հայաստանում սահմանվել էր 12-ամյա կրթական համակարգ): Այսպիսով` 2012թ. բանակ կզորակոչվի 19 տարեկան 6000 տղա:
Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով` «Զինապարտության մասին» օրենքում կատարված այդ լրացումը փարատելու է այն մտահոգությունները, թե դպրոցը դեռ չավարտած` շրջանավարտները բանակ են զորակոչվելու: «Երբեմն զավեշտի են հասնում այն խոսակցությունները, թե եկող տարվա ավարտական քննությունները լինելու են հունվար ամսին, ընդունելության քննությունները` փետրվար-մարտին, որպեսզի պարզ լինի` դիմորդը ընդունվո՞ւմ է բուհ, թե՞ ոչ, որից հետո նոր հնարավոր կլինի զորակոչը: Նման բաներ չեն լինի, ուսումնական տարին կավարտվի նույն ժամանակահատվածում: Նրանք չեն ազատվում զինվորական ծառայությունից, պարզապես մեկ տարի տարկետում են ստանում, եթե ներկայացնում են համապատասխան տեղեկանք: 19-ը լրանալուց հետո նրանք համապատասխան ընթացակարգերով եւ համապատասխան կարգով կզորակոչվեն բանակ»,- ասել է Հրայր Թովմասյանը: