Եգիպտական արշավանքի ամենաթեժ պահին Նապոլեոնի ասած այս միտքն արդեն թեւավոր է դարձել: Այսինքն, այն ղեկավարը, ով ուսերին գլուխ ունի, հասկանում է` պատերազմի ժամանակ, այսինքն` անգամ ամենաճակատագրական պահերին թշնամու գնդակներից պետք է հնարավորինս պաշտպանել ավանակներին (որպես փոխադրամիջոց) եւ գիտնականներին: Այսօր, սակայն, առաջնայնությունը տրվում է բացառապես ավանակներին: Հակառակ դեպքում` ինչո՞վ բացատրել, որ Հայաստանի գիտությանը հատկացվում է բյուջեի 0,8 տոկոսը միայն:
Զրույց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանի հետ:
– Մենք հաջողությամբ վեր ենք ածվում սպառող հասարակության: Այնպիսի տպավորություն է, որ գիտությունը պետք է զարգացնել այնքան, որ բավարարի սուպերմարկետ բացելուն եւ այնտեղից գնումներ անելուն:
– Հետեւողականորեն արվում է ամեն ինչ, որ մեր հասարակությունը գիտական, արտադրական հզորություններին անհաղորդ մնա, վերածվի սպասարկող մարդկային զանգվածի: Մոտ 5 տարի առաջ բարձրաստիճան մի չինովնիկ, ներեցեք, չեմ կարող անունը նշել, ասում էր, որ Հայաստանը պետք է լինի 700.000 բնակչություն ունեցող սպասարկու մի երկիր: Ակնհայտ է, որ այդպիսի քանակով երկրին ոչ մի արդյունաբերություն, գիտություն պետք չէ: Եվ կարծես այդ կանխատեսումները իրականանում են: Երկիրը հայաթափվում է, հեռանում է գիտական ներուժը, իսկ այն մասը, որը կմնա` դատապարտված է ոչնչացման:
– Գիտական ներուժը հեռանում է, սակայն տեղում է Գիտությունների Ազգային Ակադեմիան (ԳԱԱ), որը շարունակում է հին ու բարի ավանդույթը` շնորհում է թղթակից անդամների, ակադեմիկոսների կոչումներ:
– Ակադեմիայի ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ դրանք որեւէ կապ չունեն գիտության եւ իրական գիտնականի գնահատման հետ: Տարբեր չինովնիկներ կամ անհայտ գիտնականներ դարձյալ սողոսկեցին այդ շարքեր` ստանալով ՀՀ ԳԱԱ իսկական կամ թղթակից անդամների կոչումներ: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք` անցածների հիմնական մասն անարժան են. այդ ոլորտներում շատ ավելի օժտված մարդիկ կան, ովքեր չանցան: Իմ ընկերը բավական երիտասարդ է, դոկտոր, պրոֆեսոր: Նա դիմել էր Թղթակից անդամի տեղի համար: Խորհուրդ տվեցի չմասնակցել, քանի որ այդ ընտրություններին մասնակցելը մարդուն փչացնելու ձեւերից մեկն է: Նա չլսեց, մասնակցեց, եւ լինելով ամենաարժանավորն իր ոլորտում` չանցավ: Ես նրան շնորհավորեցի, ասացի, որ նախախնամությունը թույլ չտվեց, որ իրեն փչացնեն: Պարզ է, թե այդ ամենն ինչի համար է արվում:
– Ձեզ համար գուցե պարզ է, սակայն շատերի համար` ոչ: Կբացատրե՞ք:
– Պետք է կոչումներով զարդարված «մտավորականություն», որը միշտ կսատարի այս, ես դա ուզում եմ հատուկ նշել, ուղնուծուծով հանցավոր եւ հակահայ իշխանությանը: Ակադեմիական կոչումը, փաստորեն, չնչին դրամային հավելավճարով, իշխանությունների կողմից տրվող կաշառքն է` պաշտոնական մտավորականների լռության, անհրաժեշտության դեպքում` նաեւ իշխանությունների տարբեր հանցավոր ծրագրերին սատարելու համար: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որեւէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս իշխանություններին անվանում է «ավազակապետական», շատ ճիշտ է բնութագրում: Մի բան է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը մոռանում` ինքն է այս ամենի հիմնադիրը: Ես` որպես հայ, որպես շարքային քաղաքացի, տեսնում եմ մի բան` հայերն իրենց հայրենիքում չեն կարողանում գոյատեւել եւ լքում են այն: Ստեղծված է անարդարության այնպիսի միջավայր, որ մարդիկ չեն դիմանում, հայ ազգի բնօրրանում քայքայվում է հայկական էթնիկական տարրը: Սա հենց այնպես չի լինում… Սա բնական երեւույթ չէ: Ես վստահ եմ, որ սա դրսից «հայ» կոչվող իշխանությունների միջոցով իրագործվող դիվային ծրագիր է, որն էլ բավականին արդյունավետ ի կատար է ածվում:
– Ամեն դեպքում, կա գիտնականների փոքր խումբ, ով դեռեւս շարունակում է աշխատել Հայաստանում: Դուք մի հետաքրքիր հայտնագործություն եք արել, եւ այժմ փորձերի միջոցով այն կարծես կիրառական նշանակություն է ձեռք բերում:
– Վերջին տարիներին զբաղվում եմ արդիական քվանտային մեխանիկայով եւ քվանտային դաշտի տեսությամբ: Անցյալ դարի 30-ականներին գիտնականների մի փայլուն համաստեղություն ձեւակերպեց քվանտային մեխանիկան եւ դաշտի քվանտային տեսությունը, որը, սակայն, մեր օրերում թեւակոխել է իր բուռն զարգացման նոր դարաշրջանը: Ես եւ իմ որոշ գործընկերներ բավական խորացել ենք գիտության նշված ոլորտների մեջ եւ, կարծում եմ, ունենք այնպիսի հաջողություններ, որոնք հնարավորություն կտան կենսաբանական համակարգերի ուսումնասիրման համար մշակել սկզբունքորեն նոր եւ շատ արդյունավետ սարքեր: Մասնավորապես, մեկ չքայքայող չափման միջոցով ստանալ ճշգրիտ վերլուծություն արյան բաղադրության վերաբերյալ, եւ ոչ միայն դա… Ես կոնկրետ տեսականորեն ցույց եմ տվել, որ բացի դե-Բրոյլի ալիքից, համակարգերի քվանտային բնութագրիչ է նաեւ նրա շուրջ ձեւավորվող լուսապսակը կամ աուրան, որն ունի որոշակի կառուցվածքներ եւ տոպոլոգիական առանձնահատկություններ…
– Դուք մեծահոգաբար կարծում եք, թե Ձեր մտքերը ֆիզիկայից հեռու գտնվողներին եւս հասկանալի են: Սակայն սա չափազանց անհասկանալի եզրաբանություն է…
– Փորձեմ ավելի մատչելի խոսել: Գիտեք մարդու աուրայի մասին: Կան էքստրասենսներ, ովքեր կարողանում են աուրայից պարզել մարդու վիճակը, ապա նաեւ ազդել աուրայի վրա` համապատասխանաբար փոխելով մարդու վիճակը: Չնայած այս կենսական փորձերին մարդը տիրապետում էր դեռ հազարամյակներ առաջ, այն մինչ այժմ չուներ գիտական բացատրություն: Առավել եւս, այն համարվում էր ոչ իրական եւ գիտականորեն անհիմնավորելի: Սակայն ժամանակները փոխվում են: Քվանտային մեխանիկայի նորագույն զարգացումները թույլ են տալիս պարզել, որ մարդիկ կարող են ունենալ քվանտային հատկություններ: Փոխազդելով քվանտային վակուումի հետ` ցանկացած կենսաբանական համակարգ իր շուրջ աուրա է ստեղծում: Այն իրենից ներկայացնում է վակուումի բեկման ցուցիչների տարածաժամանակային անհամասեռություններ, որոնք կարելի է չափել, ուսումնասիրել նրա որոշ հատկությունները եւ առանց մարդուն դիպչելու` նրա առողջության մասին ինֆորմացիա ստանալ:
– Այսինքն` Ձեր տեսական հետազոտությունները եւ Ձեր գործընկերների փորձերը հիմք են տալիս ստեղծել ինչ-որ սարք, որն ի զորու է չափել մարդու աուրան եւ եզրակացություններ անել մարդու առողջության մասին, ախտորոշել հիվանդությո՞ւնը:
– Սարքն արդեն ստեղծված է: Այն Օրբելու ինստիտուտում է: Դրա վրա մի խումբ գիտնականներ են աշխատել: Նախախնամությունը հանդիպեցրել է սարքը ստեղծողներին եւ ինձ: Ունենք բազմաթիվ փորձեր: Պատկերացրեք. այդ սարքի միջոցով, եթե համապատասխան ծրագրային փաթեթներ մշակվեն, կարելի է շատ արագ որոշել արյան հետ կապված խնդիրներն` առանց արյան հետ գործ ունենալու, այսինքն` առանց արյուն վերցնելու մարդուց: Մարդու արյունը ենթարկում են անալիզների, շատ պարամետրեր կան` 30-40, որոնք շատ ծախսարար են: Բայց եթե մշակվի ծրագիր, որը կիդենտիֆիկացնի բոլոր հիվանդություններին համապատասխանող ազդանշանը, մենք կունենանք շատ պարզ սարք, որը 100 տոկոս ճշգրտությամբ եւ առանց մեծ ծախսերի կախտորոշի հիվանդությունը:
– Բավական անհրաժեշտ սարք է: Իսկ որքանո՞վ է հնարավոր այդ սարքը կիրառության մեջ դնել, քանի որ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները` Դուք պիտի որ բազմաթիվ խոչընդոտների առաջ հայտնվեք:
– Մենք փորձել ենք այդ սարքը ներկայացնել գործարարներին, սակայն մեր վիճակը նմանվում է Ռայմոնդ Դամադյանի վիճակին: Նա ամերիկացի մեր հայրենակիցն է, խոշոր գործարար եւ գիտնական, ով պետք է Նոբելյան մրցանակ ստանար, բայց մրցանակը ստացան ուրիշ մարդիկ: Երբ նրա ստեղծած սարքը դեռեւս ստեղծման փուլում էր, դիմել էր Համահայկական հիմնադրամին, որպեսզի միջոցներ տրամադրեն` գործն ավարտին հասցնելու համար: Հայկական միջավայրից ոչ ոք միջոցներ չտվեց: Դամադյանը գործն ավարտեց օտարների միջոցներով: Ես շատ փորձեցի, բայց հասկացա, որ մեր գործարարները պատրաստ չեն փող դնել գիտատեխնիկական առաջընթացի համար: Օրինակ` մեկ տարվա ինտենսիվ հետազոտություններից, համեմատություններից հետո կարելի է ստեղծել սարք, որը կարող է պարզել մարդու շաքարն` առանց արյուն վերցնելու:
– Որքա՞ն գումար է անհրաժեշտ Ձեր գաղափարն իրագործելու համար:
– Եթե խոսքը մարդկային ուժի մասին է, ապա այն կա: Բավարար է 5-6 հոգանոց գիտական խմբի 1-1,5 տարվա ինտենսիվ աշխատանք, որպեսզի նշված ծրագիրը հաջողությամբ իրագործվի: Եթե խոսքը ծախսվելիք գումարի մասին է, ապա ենթադրում եմ, որ թերեւս տարեկան մոտ 50.000-60.000 դոլարի մասին է խոսքը: Գիտությունն, առհասարակ, իմաստ ունի, եթե հասարակությունն առողջ է եւ կարող է գիտության պտուղները գրագետ տնօրինել: Գիտությունը` որպես բացարձակ արժեք, չեմ ընդունում: Նա մարդու կողմից ստեղծված մշակույթի կարեւոր եւ բաղկացուցիչ մասերից է, եւ այն, առաջին հերթին, պետք է ծառայի հասարակությանը, լավացնի կյանքի որակը եւ իմաստավորի այն: Մեզ մոտ գիտությանն ուղղված գումարները, որպես կանոն, ծախսվում են ոչ նպատակային: Վերջերս Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված գիտական հայտերի մրցույթն այդ իմաստով հատկանշական էր: Այդ խնդրին շատ են անդրադարձել իմ գործընկերները, ես չեմ ուզում նորից խոսել դրա մասին: Եթե մեկ բառով տրվի այդ գործառույթի նկարագիրը, ապա դա շատ մոտ է «այլանդակություն» բառին: Մարդիկ, հավատալով, աշխատել են, գիտական ծրագրեր են պատրաստել, եւ Կոմիտեն տապալել է այդ ծրագրերի իրական մասնագիտական փորձաքննությունը: Երբ ուսումնասիրում եմ հարցաշարը, որով գնահատվում է աշխատանքը, տեսնում եմ եւ կարող եմ ապացուցել, որ այն գնահատել են` առանց ծրագիրը կարդալու: Եզրակացությունները թող կատարի ընթերցողը եւ Հաշվիչ պալատը:
– Դուք ունեք գիտական հետազոտություն: Կուզեի սխալվել, սակայն անգամ վստահ եմ, որ այստեղ Ձեր եւ խմբի աշխատանքին ընթացք չի տրվի, աշխատանքը չի ֆինանսավորվի: Եվ, հասկանալի է, որ այն կշարունակեք դրսում:
– Ես եւս արդեն դրա իրագործումը դրսում եմ պատկերացնում: Հայաստանում կազմակերպված որեւէ մրցույթի այլեւս չեմ մասնակցելու, քանի որ գիտեմ` ինչ է կատարվում: Մեր աչքի առաջ մեր պետությունը վերացնում են, հայերին դուրս են մղում իրենց պետությունից: Ունենք ջրեր, արեւ, հանքեր ու ցանքատարածություններ, սա բավարար է, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ անգամ փակ սահմանների պայմաններում կազմակերպվի հասարակության տանելի վիճակը, բայց ամեն ինչ արվում է կյանքն անտանելի դարձնելու ուղղությամբ: Եվ դա դրածո իշխանություններին առայժմ հաջողվում է: Այնպես որ, մտածող հայի համար` առավել եւս մտավորականի համար, գլխավոր խնդիրը պետք է լինի հայկական իշխանություններ ձեւավորելը: Մնացած ամեն ինչը ածանցյալ է սրանից: