Սկանդալային միջադեպ

20/05/2011

Երեկ միջազգային մամուլում տարածված սկանդալային լուրը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունն էր: 62-ամյա Ստրոս-Կանը մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություն, բռնաբարության փորձ կատարելու մեջ: Երկուշաբթի օրը նախատեսված էր ԱՄՀ-ի ղեկավարի մասնակցությունը Բրյուսելում կայանալիք Եվրամիության տնտեսական համաժողովին, Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, բայց Ստրոս-Կանը շաբաթ օրը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում` Air France ընկերության օդանավում, որը րոպեներ անց թռչելու էր Փարիզ: Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբանը` Բենջամին Բրեֆմանը «Associated Press»-ին ասել է, թե իր վստահորդն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Ըստ մեղադրանքի` Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը փորձել է բռնաբարել հյուրանոցի սպասուհուն: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի կենտրոնում` Մանհեթենի Թայմս հրապարակին մոտ գտնվող «Սոֆթել» հյուրանոցի համարում, որի մեկ օրվա վարձը 3000 դոլար է: Հյուրանոցի 32-ամյա սպասուհին ոստիկաններին ցուցմունք է տվել, որ, կարծելով, թե համարում մարդ չկա, ներս է մտել` մաքրելու ընդարձակ սենյակը, եւ հանկարծ լոգարանից լրիվ մերկ դուրս է եկել Ստրոս-Կանը, միջանցքում հետապնդել, բռնել է իրեն, տարել է ննջարան` փորձելով բռնաբարել, հանդիպելով դիմադրության` լոգարան է տարել, սեռական բնույթի գործողությունների է հարկադրել եւ փորձել է հանել ներքնազգեստը: Սպասուհուն հաջողվել է դուրս պրծնել սենյակից, եւ նա ամեն ինչ պատմել է հյուրանոցի ադմինիստրացիային, որն էլ Ոստիկանություն է կանչել: Րոպեներ անց ոստիկանները տեղ են հասել, բայց Ստրոս-Կանն արդեն դուրս էր եկել հյուրանոցից` համարում մոռանալով ձեռքի հեռախոսը: «Երեւում է` նա շատ է շտապել»,- ասել է Նյու Յորքի ոստիկանության մամուլի խոսնակը: Նյու Յորքի ոստիկանությունը, պարզելով, որ ԱՄՀ-ի ղեկավարը օդանավակայանում է, իսկույն կապվել է օդանավակայանի ոստիկանների հետ, որոնք էլ Ստրոս-Կանին իջեցրել են Փարիզ թռչող օդանավի առաջին կարգի սրահից: Հյուրանոցի սպասուհուն էլ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժել են շատ թեթեւ վնասվածքներից: Ի դեպ, սա Դոմինիկ Ստրոս-Կանի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2008թ. մեծ հնչեղություն էին ստացել նրա հարաբերությունները Արժույթի միջազգային հիմնադրամի մի աշխատակցուհու հետ, ով հետո տեղափոխվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ: Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը Արժույթի միջազգային հիմնադրամը ղեկավարում է 2007 թվականից: Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի կառավարությունում նախարարական պաշտոններ է զբաղեցրել դեռ Ֆրանսուա Միտերանի նախագահության ժամանակից: Ստրոս-Կանի ձերբակալության լուրը լուրջ քննարկման թեմա է դարձել հատկապես Ֆրանսիայում, քանի որ 2012թ. անցկացվելիք նախագահական ընտրություններում նա համարվում էր հնարավոր թեկնածու, նույնիսկ` Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը: