Մտնում է քաղաքականություն

20/05/2011

«Օնեկսիմ» ընկերությունների խմբի ղեկավար, ռուս հայտնի գործարար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, չնայած նրան, որ նախկինում հերքում էր «Պրավոյե դելո» կուսակցության առաջնորդի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը, այդուհանդերձ ցանկանում է գլխավորել այն: «Կոմսոմոլսկայա պրավդան» երեկ հրապարակել է Պրոխորովի` «Օնեկսիմի» ղեկավար-աշխատակիցներին ուղղված նամակը, որտեղ Պրոխորովը հայտնում է քաղաքական գործիչ դառնալու եւ «Պրավոյե դելո» կուսակցությունը ղեկավարելու իր որոշման մասին: Նամակում Պրոխորովը քաղաքականությամբ զբաղվելու իր որոշումը բացատրում է նրանով, որ այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր ղեկավարել այդ կուսակցությունը, իր գործընկերներից, ընկերներից եւ մերձավորներից բազմաթիվ զանգեր է ստացել. այդ մարդիկ «որեւէ կերպ չեն կարողացել հասկանալ նրա հրաժարվելու պատճառը»: «Ես զանգահարեցի իմ հին ծանոթին, որ «Պրավոյե դելո» կուսակցության առաջնորդներից է, եւ ասացի, որ եթե կուսակցությունը եւ նրա գործընկերները դեռեւս հետաքրքրված են ինձանով, ապա ես պատրաստ եմ»,- նամակում գրել է Պրոխորովը: Թերթը նաեւ նշում է, որ Պրոխորովը մտադիր է արմատական փոփոխություններ իրականացնել կուսակցության ներսում, որոնք կարող են վերաբերել նույնիսկ կուսակցության անվանմանը: «Այդպիսին է իմ մոտեցումը ցանկացած նախագծին, եթե ես արդյունքի համար պատասխանատվություն եմ ստանձնում, ապա պետք է գործելու ազատություն ունենամ»,- գրել է Պրոխորովը: