«Բեմն ու հարսանյաց դահլիճն անհամատեղելի են»,- ասում է պարուհի, հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանը

20/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարինե Մարտիրոսյանին շատերը ճանաչում են` որպես Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի պարուհի, ոմանք էլ` որպես «Պարահանդես» նախագծի հաղորդավարուհի, եւ քչերը` որպես լեռնային բարձունքների սիրահար: Անցյալ տարի ամռանը, լեռնագնացների խմբի հետ բարձրանալով Արագած, հետո նաեւ` Արարատ լեռան գագաթը, նա զարմացրեց շատերին իր տոկունությամբ եւ կամքի ուժով: «Բոլորը կարծում էին, թե լեռներ մագլցելու համար ես չափազանց նուրբ եմ: Մարդկանց մտածելակերպում պարուհու կերպարը չի համընկնում կոշտ եւ սառը իրականության հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինեն: Հարցին, թե ինչպիսի՞ թանկ հաճույք է Արարատ լեռը բարձրանալը, Մարինեն պատասխանեց. «Եթե հաշվի չառնենք այդ մի քանի օրում արված կողմնակի ծախսերն ու լեռնագնացության համար նախատեսված հագուստը, ապա` 870 դոլար, որն ուղեգրային փաթեթի գինն էր միայն»:

– Հայերս փոքր-ինչ բարդույթավորված ենք: Տեսախցիկի առջեւ անմիջապես «կծկվում» ենք, ամաչում ենք նույնիսկ երկու խոսք իրար կապել: Որքանո՞վ է առհասարակ շոու ծրագրի ձեւաչափը դինամիկ եւ անմիջական ստացվում հայերի մասնակցությամբ:

– Իրականում փոքր-ինչ դժվար է հայկական դինամիկ շոու ծրագիր նկարահանելը` անգամ, եթե այդ ծրագրում երգում եւ պարում են բոլորը` հաղորդավարներից` ընդհուպ մինչեւ օպերատորներ: Մասնակիցներից շատերն ամաչում են անգամ ժպտալ տեսախցիկի առջեւ, ցույց տալ իրենց էմոցիաները: Իսկ, օրինակ, ռուսները շատ անկեղծ եւ անկաշկանդ են: Նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե այդ պահին ո՞վ է իրենց նայում, եւ ի՞նչ են մտածում: Նրանք պարզապես անմիջականորեն պատասխանում են քո հարցին, կարող են անգամ ուրախությունից գլուխկոնծի անել եթերում: Մենք դեռ փակ ենք այդ հարցում, բայց պետք է նշեմ, որ առաջընթաց եւս նկատվում է: Նոր սերունդը կարծես թե փորձում է հաղթահարել բարդույթի պատնեշը` հասկանալով, որ ոչ մի վատ բան չկա, երբ մարդը տխրում կամ ուրախանում է եթերում: Եվ դրանից չարժե ամաչել:

– Ճանաչված մարդկանց հանրությունը սիրում է ամուսնացնել, սիրեկաններ պարգեւել: Որքանո՞վ ես դու զերծ մնացել հանրության նման «շռայլ» վերաբերմունքից:

– Իմ հանդեպ շատ ավելի քիչ է նկատվում նմանատիպ «շռայլությունը», սակայն պետք է նշեմ, որ ամբողջությամբ զերծ չեմ մնացել: Սիրեկանների հետ ինձ դեռ չեն կապել, սակայն բազմիցս «օրինական» ամուսնացրել եւ բաժանել են: Դա նորմալ երեւույթ է: Եթե դու հանրային մարդ ես, ուրեմն պետք է պատրաստ լինես նաեւ նրան, որ քո մասին խոսելու են:

– Դու զբաղվում ես սիրածդ գործով` ունես քո պարի խումբը, անձամբ պարում ես տարբեր համերգային միջոցառումների եւ նախագծերի ժամանակ, հաղորդում ես վարում… Այդքանից հետո ինքդ քեզ կայացած կին համարո՞ւմ ես:

– Ոչ, ցավոք` ոչ: Ես ինձ կայացած կին կհամարեմ, երբ գտնեմ իմ միակին, ով ի վերուստ ինձ համար է ստեղծված, եւ ում համար ես եմ ստեղծվել այս աշխարհում:

– Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում գտնել այդ միակին` «նստել թախտին, սպասել բախտին» տարբերակո՞վ:

– Դա կլինի այն ժամանակ, երբ տիեզերքում կատարվող ուժերի շնորհիվ կխաչվեն երկուսիս ճանապարհները, եւ մենք նայելով իրար` կհասկանանք, որ գտել ենք մեկմեկու:

– Մինչ օրս ոչ ոքի հետ քո ճանապարհը չի՞ հատվել:

– Թաքցնելու ոչինչ չունեմ: Իհարկե, սիրել եմ եւ սիրվել եմ, սակայն ժամանակի հետ հասկացել ենք, որ միմյանց համար չենք: Զարմանալի է, բայց մեր բաժանման պատճառը ոչ թե մեր իրարից տարբեր լինելն էր, այլ` բոլորովին հակառակը: Մենք այնքան նման էինք իրար, որ խանգարում էինք միմյանց: Հիմա ես ընկեր չունեմ:

– Չգիտես` ինչո՞ւ, կնոջ միայնության մեջ ավանդաբար մեղադրվում է տղամարդը: Շատ անգամ կնոջ բարդ բնավորությունն ու չափազանց լուրջ պահանջները եւս բաժանման պատճառ են հանդիսանում: Ի՞նչն է պատճառը, որ լինելով այսչափ բարետես եւ հետաքրքիր կին, մինչ օրս միայնակ ես:

– Ես չեմ համարում, թե բնավորությամբ բարդ մարդ եմ: Պարզապես դեռ չեմ հանդիպել նրան:

– Իսկ քո պարուհի լինելը չի՞ խանգարում այդ հարցում: Գաղտնիք չէ, որ շատ տղամարդիկ չեն հանդուրժում իրենց կողքին բեմի կին ունենալու միտքը:

– Ինչ խոսք, այդ փաստը եւս կա: Իմ կյանքում եղել է դեպք, երբ ես խզել եմ հարաբերություններս այն տղամարդու հետ, ով բեմի եւ իր միջեւ ընտրության առջեւ է կանգնեցրել ինձ: Ես ընտրել եմ բեմը:

– Միգուցե դու նրան այդքան էլ շատ չե՞ս սիրել:

– Հնարավոր է: Սակայն ես շատ եմ երազում, որ ինձ երբեք նման ընտրության առջեւ այլեւս չկանգնեցնեն: Պարուհու կյանքը բեմում` թիթեռնիկի կյանք ունի: Եվ ես չեմ ուզում այն վաղաժամ ընդհատել, ոչ էլ մտադիր եմ ուշ ամուսնանալ: Հուսով եմ, որ կհայտնվի նա, ով կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ:

– Բեմի մարդկանց մասին տարածված կարծիք կա, թե նրանք ապրում են իրականությունից դուրս, անգամ հեռու են կենցաղից:

– Ես շատ համեղ կերակրատեսակներ եմ պատրաստում: Եվ առհասարակ սիրում եմ զբաղվել տնային գործերով, սակայն զբաղվածության պատճառով` չեմ կարող շատ ժամանակ հատկացնել կենցաղին:

– Գիտեմ, որ հաղորդումներից բացի` վարում ես նաեւ հարսանյաց հանդեսներ: Իսկ հարսանյաց հանդեսներում պարելու առաջարկներ ունեցե՞լ ես:

– Պարելու առաջարկներ եղել են, սակայն անմիջապես մերժել եմ:

– Մի երգիչ, ով հայտնի է իր ռեստորանային կատարումներով, ասել է. «Երբ հայտնի երգիչն ասում է, թե երբեք չի երգի ռեստորանում, հարցրեք նրան` իսկ քանիսո՞վ կերգի»:

– Ես անկեղծ եմ ասում, անգամ չեմ թողել, որ գումարի մասին խոսակցություն լինի, քանի որ անմիջապես, շատ կտրուկ հրաժարվել եմ հարսանիքների ժամանակ պարելու առաջարկից: Ներքուստ ինչ-որ բան ինձ թույլ չի տալիս բեմի պարը բերել հարսանյաց դահլիճ: Բեմն ու հարսանյաց դահլիճն անհամատեղելի հարթություններ են: