Կինոդերասանի թատրոնը վերակառուցվում է

20/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ հիմնովին քարուքանդ է եղել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի բեմն ու հարակից տարածքները: Կինոյի տան շենքում հանգրվանած թատրոնը հիմնովին վերանորոգվում է:

Ընդ որում` դա միայն վերանորոգում չէ, այլ վերաձեւում: Ըստ վերակառուցողների` վերջնական տարբերակում թատրոնը թեեւ կպահպանի իր բեմի ու դահլիճի չափերը, սակայն բոլորովին այլ` առանձին մուտք կունենա ու կհամալրվի օժանդակ կառույցներով:

Ինչպես հայտնի է` Կինոյի տան շենքը, որտեղ 30 տարի շարունակ գործում է կինոդերասանի թատրոն-ստուդիան, լրջագույն ճարտարապետական վերափոխման առջեւ է կանգնած: Երեք տարի առաջ Կինոյի տան շենքի տնօրինությունը որոշեց մասնավոր ձեռներեցի հետ համագործակցել` Կինոյի տան վերնամասում բնակելի շինության կառուցման թույլտվություն տալ եւ կինոդահլիճն ու թատրոնը վերանորոգելու համար որպես փոխհատուցում` գումար ստանալ: Եվ հիմա, երբ արդեն բավական ժամանակ է անցել, վերջապես մեկնարկել է թատրոնի վերանորոգումը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն ասում է, որ բավական բարդ է եղել ճարտարապետական խնդիրների լուծումը, եւ նախագծի ստեղծումը երկար ժամանակ է պահանջել. «Մալյանի անվան թատրոնը վերանորոգելու համար 160 հազար դոլար ենք նախատեսել: Այդ գումարը մեր միության հաշվին գոյացել է որպես կոմպենսացիա: Մենք օդը վաճառելով` ստացել ենք խոշոր գումար, որն էլ 3 տարի շարունակ անձեռնմխելի պահպանել ենք մեր հաշվի վրա: Անգամ միության պահանջների ու «Ես եմ» փառատոնի վրա այն չենք ծախսել, քանի որ առաջնային ենք համարել Հ. Մալյանի անվան թատրոնի վերանորոգումը: Ու թեեւ թատրոնը ոչ թե մեր միության, այլ Ազգային Կինոկենտրոնի ենթակայության տակ է գործում, եւ հենց այդ կառույցից էլ թատերախմբի անդամները աշխատավարձ են ստանում, սակայն մենք որոշեցինք ինքներս նախաձեռնել թատրոնի վերանորոգումը` համարելով դա մեր բարոյական պարտքը»:

Ըստ ճարտարապետական նախագծի` կպահպանվի թատրոնի նախկին բեմն ու դահլիճի նստատեղերի քանակը (120 տեղանոց դահլիճը), սակայն ավելի արդյունավետ կօգտագործվի հարակից տարածքն ու նկուղային հատվածը: Ռ. Գեւորգյանցը վստահեցնում է, որ վերանորոգումը մեծ թափով է ընթանալու, եւ թատրոնն իր նոր թատերաշրջանը կբացի սեպտեմբերին` լիովին թարմացված ու վերակառուցված: «Երբ սկսեցինք քանդել անպետք պատերն ու սենյակները, պատկերացնել անգամ չէինք կարող, որ նկուղային հարկում հսկայական չօգտագործված տարածք կա: Եվ հենց այդտեղ ենք նախատեսում դերասանների հանդերձասենյակների ու լոգասենյակների կառուցումը: Ասեմ, որ ստեղծվելու են այնպիսի հարմարություններ, որոնք շատ քիչ թատրոններ ունեն: Մշտական տաք ջրով ցնցուղներ կլինեն, իսկ զուգարանները կհարմարեցվեն հաշմանդամների համար անհրաժեշտ սարքերով ու հարթակներով: Նախագիծը շատ լավ դիզայներ է արել, եւ թատրոնը կունենա ավելի մեծ տարածք, քան նախկինում էր: Եվ մենք կունենանք շատ հարմարավետ, գողտրիկ թատրոն, որն իր առանձին մուտքը կունենա Վերնիսաժի կողմից»,- ասում է Ռ. Գեւորգյանցը: Հ. Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը նշում է, որ պահպանվելու է նաեւ թատրոնի բեմի բարձրությունը, որի վրա էլ կանգ էր առել հենց Հենրիկ Մալյանը, քանի որ բեմի ոչ շատ բարձր լինելու միջոցով է թատրոնում կամերային մթնոլորտ ստեղծվել:

«Զարմանալի բան է. մեր թատրոնը քանդուքարափ է եղել, իսկ ես շատ ուրախ եմ: Կարծես մի հսկա սայլ է տեղից շարժվել: Ամեն օր դեկորացիաների, բեմական բուտաֆորիայի դետալներ ենք գտնում, որոնք արդեն կորսված էինք համարում: Պարզվեց, որ բազմաթիվ գաղտնի ծակուծուկեր են եղել, որոնց գոյության մասին պատկերացում չունեինք: Արժեր այդ ամենը մաքրել…»,- ասում է նա: Վերջին տարիների ընթացքում շատ ներկայացումների դեկորացիաներ ստիպված ժամանակավորապես իրենց ամառանոցներում ու բնակարաններում են պահպանել թատրոնների դերասանները: Ընդ որում` ոչ միայն Նարինե Մալյանը, այլեւ թատրոնի բոլոր դերասաններն այժմ շատ ոգեւորված ու սպասումով լի են: Շատերն օրվա ընթացքում հանդիպում են շինարարներին, զրուցում նրանց հետ ու իրենց օգնությունն առաջարկում: Դերասաններ Լեւոն Ղազարյանն ու Լեւոն Մելոյանն, օրինակ, նշեցին, որ հասցրել են ընկերանալ բանվորների հետ: Եվ երբ վերջապես թատրոնի ճակատագրի համար կարեւոր փուլ է սկսվել, բոլորը կարծես ուզում են իրենց ապագա տան կառուցման մասնակիցը դառնալ: Մալյանի թատրոնն ընդհանրապես միշտ ընտանիքի պես է ապրել: Եվ սա թերեւս այն եզակի դեպքերից է, երբ բառերի տակ իրականություն կա: Մալյանի անվան թատրոնը կարողացել է պահպանել այն ստեղծագործական ու մարդկային պարզության աուրան, որը շատ քիչ թատրոններ ունեն: Եվ թերեւս հենց դրա շնորհիվ էլ` թատրոնի բոլոր ներկայացումներն ազնիվ աշխատանքներն են: Այդպես եղել է, եւ այդպես շարունակվում է: Ընդ որում` թատրոնը երբեք էլ հեշտ չի ապրել: Նույնիսկ այն տարիներին, երբ թատրոնը Հենրիկ Մալյանն էր ղեկավարում, անընդհատ տարբեր խնդիրներ էին ծագում: Վերջերս լույս տեսած «Երկխոսություն երրորդի համար» գրքում հայկական կինոյի ամենավառ էջը կերտած Հ. Մալյանը գրել է. «1980 թվականին Կինոմիության շենքի մի փոքրիկ, շատ փոքրիկ դահլիճ տրամադրվեց մեզ` շատ մեծ ու անհաշտ կռիվների, թոփ ու թվանքի պայթյուններից հետո…»: Տարիներ անց էլ` հաճախ բարձրացվում էր թատրոնին առանձին շենք տրամադրելու հարցը, սակայն, բարեբախտաբար, թատրոնը մնաց իր տեղում ու գործեց որպես կինոդերասանի ստուդիա` հայ կինոյի համար կինոդերասաններ հղկելով: Մալյանի անվան թատրոնը մեծ ներուժ ունի ոչ միայն` որպես թատրոն, այլեւ` որպես ստուդիա: Այս թատրոնում ավանդույթները շատ կենսունակ են: Թեեւ Նարինե Մալյանը հիմա չի շտապում ստուդիայի մասին խոսել, սակայն նշում է, որ ստուդիայում սովորել ցանկացողները շատ են:

Ռ.Գեւորգյանցն ասում է, որ կողք կողքի ապրելով թատրոնի փոքր կոլեկտիվի հետ` համոզվել է, որ ամենաթանկ բանը հուշի պահպանումն է: «Մենք շատ վատ հատկություն ունենք. չենք գնահատում մեր ունեցածը: Եվ տեսնելով, որ Նարինեն պարզապես ապրում է իր թատրոնով, համոզվում եմ, որ ճիշտ կլիներ Մալյանի թատրոնին պետական կարգավիճակ տալ: Պետությունը 19 մարդու աշխատավարձ է տալիս, սակայն ներկայացումները պատրաստելու համար թատրոնը հաճախ գումար չի ունենում: Մեր հետագա պլաններում է նաեւ Հենրիկ Մալյանի կիսանդրու տեղադրումը: Մեր կինոն հիմա, ասես, սխալ ճանապարհով է գնում: Մենք կորցրել ենք կապը մեր ազգային կինոյի հետ ու ընկել թեթեւամարս ֆիլմերի ստեղծման ետեւից: Ամեն ինչում է այդպես: Պատկերացրեք միայն, իմ սերնդակիցների համար շլյագերներ էին համարվում Առնո Բաբաջանյանի երգերը, իսկ հիմա բոլորը Արմենչիկ են լսում: Եվ մենք իրավունք չունենք Հենրիկ Մալյանի պես մարդուն մոռանալ»,- ասում է նա:

Ուշագրավ է, որ Մալյանի թատրոնի բեմը նախատեսվում է օգտագործել ոչ միայն որպես ներկայացումների ցուցադրման հարթակ, այլեւ` կինոդիտումների դահլիճ:

Կինոմիությունն ու թատրոնը մեկ հարկի տակ ապրող հարեւաններ չեն լինի, այլ համատեղ ծրագրեր կիրականացնեն: Ռ. Գեւորգյանցը նշում է, որ կինոդերասանի թատրոնը համատեղ օգտագործման տարածք կդառնա, եւ շաբաթը 2 օր կվերածվի հայկական կինոյի ցուցադրման հարթակի: «Շատ կարեւոր է, որ Երեւանի կենտրոնում հայկական ֆիլմեր ցուցադրող փոքր դահլիճ գործի, որտեղ հանդիսատեսը կգա ոչ միայն ֆիլմեր դիտելու, այլեւ քննարկելու ու կինոքննադատների ներածական խոսքը լսելու համար»,- ասում է նա: Իսկ Ն. Մալյանը ավելացնում է, որ այդ գործն ինքը մեծ հաճույքով կանի, քանի որ վաղուց արդեն հասունացել է հետահայաց ցուցադրումներ կազմակերպելու պահանջը: «Ռետրո-դիտումները շատ հետաքրքիր դաշտ են բացում քննարկումների համար, մանավանդ, որ դրանք կարելի է նաեւ ոչ ֆորմալ պայմաններում անցկացնել»,- ասում է Ն. Մալյանը` նշելով, որ դրան կծառայեն նաեւ թատրոնի նախասրահն ու սրճարանը, որը ելք ունի դեպի փոքր բակ: Ռ. Գեւորգյանցը նույնպես հենց փոքրաթիվ, բայց որակյալ հանդիսատես ունենալու ցանկությունն է շեշտում:

Սակայն, վերանորոգումից բացի, Մալյանի անվան թատրոնը նաեւ վերազինման պահանջ ունի, քանի որ լուսային ու ձայնային տեխնիկա թատրոնը գրեթե չունի, սարքավորումներից շատերը կինոյից ժառանգած սարքեր են, որոնք հարմարեցվել են բեմին, սակայն չեն կարող ներկայացումների ողջ ընթացքում անխափան աշխատել:

Նարինե Մալյանը, ով շատ զուսպ ու նրբանկատ մարդ է, հույս ունի, որ այդ հարցում կարող է իրենց օժանդակել ՀՀ Մշակույթի նախարարությունը: Այսօր թատրոնը 5 բեմադրություն ունի (վերջին պրեմիերաներից է Լեռ Կամսարի «Սաստիկ կոմունիստները»), որոնք ներկայացվում են տարբեր թատրոնների բեմերում: «Թեեւ շատ թատրոններ բարյացակամորեն իրենց բեմը մեզ էին տրամադրում, սակայն ես համոզվել եմ, որ ներկայացումը կարելի է պահպանել միայն այն ժամանակ, երբ այն անընդհատ են խաղում: Եթե երկար ժամանակ չես խաղում, ներկայացումը կորչում է»,- ասում է Ն. Մալյանը` նշելով, որ այս տարիների ընթացքում իրենց բեմադրությունների կորուստներ ունեցան: Եվ չէին կարող հույսը դնել տոմսերի վաճառքի վրա, քանի որ հստակ հասցե չունենալու պատճառով` չէին կարող գործածել թատրոնի ՀԴՄ-ն:

Սակայն կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռ. Գեւորգյանցը պատրաստ է այնքան վճռական ու արագ վերակառուցել թատրոնը, որ այդ բոլոր խնդիրները նախատեսվում է հաղթահարել արդեն աշնանը: Իսկ հետո, ըստ Ռ. Գեւորգյանցի, հերթը կհասնի նաեւ մուլտիպլեքսի ստեղծմանը: Նա նշում է, որ բուն Կինոյի տունը պետք է 3 կինոդահլիճ (400, 100 եւ 70 տեղանոց), բարերի եւ սրճարանների ցանց ունենա, որոնք թույլ կտան կինոյին առնչվող բոլոր խոշոր իրադարձություններն ու փառատոները մեկ վայրում անցկացնել: «Հույս ունեմ, որ, վերջիվերջո, կկարողանանք բոլոր հայ կինոգործիչներին մեկ կենտրոնում համախմբել ու առաջարկել օգտագործել Կինոյի տունը` «Ոսկե ծիրանի», «Կին» եւ այլ կինոփառատոների անցկացման համար: Մենք պետք է ընդունենք, որ իրար թշնամի չենք, նույնիսկ այն դեպքում, երբ մեկը մյուսի ֆիլմը չի հավանում»,- ասում է նա: Մուլտիպլեքսի նախահաշիվը, ըստ Ռ. Գեւորգյանցի` կազմում է 4 մլն 200 հազար դոլար, սակայն նա վստահ է, որ ֆինանսավորողների համար դա շատ ձեռնտու ներդրում կլինի եւ հնարավորություն կտա արդեն 3-4 տարի անց ետ բերել ներդրված գումարը. «Մենք շատ լավ դիզայներական նախագիծ ենք արել, որն էլ հիմա փաթեթի տեսքով պատրաստվում են գործարարներին առաջարկել: Այն, ինչը կարող ենք միության գումարներով անել` անում ենք, բայց այս հսկա նախագիծը միայնակ չենք «ձգի»: Հիմա նախեւառաջ Մալյանի անվան թատրոնն ենք վերակառուցում»: