ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ հայտարարել է, թե ինքը կիսում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կասկածները` իշխանություն-ընդդիմություն անկեղծության առումով. «ՀՅԴ-ն միշտ կասկածել է այդ երկխոսության անկեղծությանը: Դա ավելի շուտ նախընտրական առեւտուր է: Պարզ է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի պարտավորություններ ունի իր զինակիցների առջեւ` Մարտի 1-ի գործերով դատապարտվածների ազատ արձակման եւ ընտրությունների որոշակի արդյունքների հասնելու իմաստով: Ուստի նա կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ: Բայց լավ է, որ գործարքն առնչվի միայն այդ երկու հարցերին, այլ ոչ թե ողջ հայ ժողովրդի շահերին, չդիպչի, ասենք, հայ-թուրքական հարաբերություններին: Այս կապակցությամբ ՀՅԴ-ն մտավախություններ ունի»: Ըստ Շահբազյանի` նման դեպքում լրջորեն կտուժի այն ուժերի հեղինակությունը, որոնք կմասնակցեն նման գործարքների: Նա նաեւ մտավախություն է հայտնել, որ այդ գործարքում կարող են միջնորդ լինել արտաքին ուժերը, որոնք դա կանեն ամենեւին էլ ոչ հայ ժողովրդի «գեղեցիկ աչքերի», այլ իրենց շահերի համար: