ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել մոտ 70 գիտնականների եւ մշակութային հայտնի գործիչների հետ: Այս մասին երեկ news.am-ին ասել է Գ.Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես մշակույթին, արվեստին, գիտության, կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, այնպես էլ գլոբալ խնդիրներ: Խաչիկ Գալստյանի խոսքով` հանդիպման բոլոր մասնակիցներին` ակադեմիկոսներ, ինստիտուտների տնօրեններ, պրոֆեսորներ, երաժիշտներ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, նախապես ուղարկվել են հրավերներ, բավական երկար ժամանակ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել: Մասնակիցների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք, Գալստյանի խոսքով, այժմ ուսումնասիրվում են, եւ կտրվեն հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ: Որոշվել է հետագայում քննարկումները շարունակել ոլորտային աշխատանքային խմբերի ֆորմատով, իսկ ընդհանուր նիստերը գումարել պարբերաբար: Հարցին, թե ինչո՞ւ է հանդիպումը փակ եղել, Խ. Գալստյանը պատասխանել է, որ իրենք ոչ բոլոր հանդիպումների մասին են իրազեկում, իսկ այս հանդիպումը բաց ֆորմատի մեջ էր` ազատ շփման եղանակով: Նման հանդիպումները, ըստ նրա, պայմանավորված են դրանց անհրաժեշտությամբ եւ երկուստեք հետաքրքրությամբ: