Պահանջում են բացահայտել

13/05/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011թ. զեկույցը:

400-էջանոց փաստաթղթում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում: Զեկույցում, բնականաբար, կա նաեւ Հայաստանին վերաբերող հատված, որը փաստում է, որ 2010թ. տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008թ. հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու դեպքերի առնչությամբ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 զոհերի մահվան գործերով, 9 զոհերի հարազատները Գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը: Այս դիտարկումն ընդգրկված է զեկույցի «Անպատժելիություն» բաժնում:

Ընդհանրապես «Amnesty International»-ի զեկույցը ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` մահվան դեպք Ոստիկանության բաժանմունքում, անպատժելիություն, խոսքի ազատություն, բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ ու խղճի բանտարկյալներ: Այդ բաժինները հիմնականում ընդգրկում են 2010թվին վերաբերող տեղեկությունները: «Մահվան դեպք Ոստիկանության բաժանմունքում» կատեգորիայում նշվում է, որ անցած տարի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել ձերբակալվածների եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերի կապակցությամբ: 2010թ. ապրիլին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի է ենթարկվել ու մահացել գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանը: «Իշխանությունները նախ փորձել են դեպքը ներկայացնել որպես ինքնասպանություն, սակայն նոյեմբերին երկու ոստիկաններ դատապարտվել են Խալաֆյանին բռնության միջոցով ինքնասպանության հասցնելու համար»,- նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

«Խոսքի ազատություն» կատեգորիայում «Amnesty International»-ն անդրադարձել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 3 տարի 11 ամիս պատժաժամկետին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդագրությունների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: «Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ» հատվածում ասվում է, որ վարչապետի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարելու գենդերային բնույթի բռնությունների դեմ: Հոկտեմբերին ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի է ենթարկվել ու մահացել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Իսկ «Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ ՀՀ-ում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:

«Ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ «Amnesty International»-ը մնացել է բարեխիղճ, ինչպես եղել է միշտ: Եվ արդարացիորեն արտացոլել է բոլոր այն խնդիրները, որոնք այստեղ կան: Եվ շարունակելու է արտացոլել: Ինձ համար անակնկալ չէր, որ այդ կազմակերպությունը հատկանշում է այդ խնդիրները, որոնք մենք ունեցել ենք, եւ որոնք, դժբախտաբար, մնացել են: Հաջորդ տարվա զեկույցի մեջ կարող է լինել, որ կոնկրետ օլիգարխը հայհոյել է կոնկրետ լրագրողի, կամ խմբագրություն են ներխուժել ինչ-որ մարդիկ ու հարվածել աշխատողներին»,- մեկնաբանելով իրավապաշտպան կազմակերպության զեկույցը` ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

«Amnesty International»-ի զեկույցի հետ միասին` երեկ հրապարակվեց նաեւ Եվրոպական միության հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Այստեղ նույնպես մտահոգություն կար, որ դեռեւս Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, ընդդիմության գործիչներ կան բանտերում, որ հայտնաբերված չեն 10 զոհերին սպանողները: ԵՄ-ն թեեւ հայտնում է, որ Հայաստանում վերջին շրջանում այս ուղղությամբ դրական զարգացումներ են եղել` Երեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը թույլ է տվել հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, ազատ են արձակվել ընդդիմության մի քանի բանտարկյալները, Սերժ Սարգսյանն իրավապահներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, սակայն դեռ մտահոգիչ հանգամանքներ կան: «Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգ ու կանոնը` ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների եւ ընդդիմադիր խմբերի միջեւ արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012թ. Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, հատկապես կարեւորում ենք հավաքների ազատության հարգումը»,- նշված է ԵՄ զեկույցում:

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին` արագորեն ազատ արձակել ընդդիմության բոլոր մնացյալ ակտիվիստներին: Գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատարձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը: «Վերջապես, ԵՄ-ն ցանկանում է եւս մեկ անգամ հաստատել այն կարեւորությունը, որ տրվում է ՀՀ-ի հետ հարաբերությունների ակտիվացմանը եւ հորդորում է ՀՀ կառավարությանը լիարժեքորեն օգտվել Արեւելյան գործընկերության ու Եվրոպական հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը համաձայն է, որ «իրողությունը» բացահայտված չէ, բայց սխալ է համարում ՀՀ իշխանություններին անգործության մեջ մեղադրելը: ԵՄ-ի եւ «Amnesty International»-ի դիտողություններից ոչ շատ առաջ էլ վերը նշված խնդիրների համար ՀՀ-ն կոշտ քննադատության էր ենթարկվել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ «Human Rights Watch», «Freedom House» կազմակերպությունների զեկույցներում: Բոլորովին վերջերս այդ խնդիրներին կոշտ արձագանք տվեց նաեւ ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ինչո՞ւ է միջազգային հանրությունը սկսել այդքան հաճախ ու կոշտ քննադատել Հայաստանի իշխանություններին: Գ.Սահակյանը գտնում է, որ միջազգային կառույցները քաղաքական մեկնություններ են անում ոչ ՀՀ շահերի համար: Նա համոզված է, որ ողջ աշխարհում, նույնիսկ Եվրոպայում ժողովրդավարության տեսակետից շատ ավելի խնդիրներ կան, եւ այդ կառույցների քննադատությունը մեր երկրի նկատմամբ զուտ կողմնակալ վերաբերմունքի արդյունք է: Իսկ թե այդ կառույցներն ինչու են այդքան կողմնակալ մեր երկրի նկատմամբ, պատգամավորը գտնում է, որ «գերխնդիր կա, որը միջազգային ռազմաքաղաքական իրավիճակների մեջ է դրսեւորվում, յուրաքանչյուր պետություն կարողանում է իր լոբբիով իր համար միջավայր ստեղծել` օգտագործելով նաեւ Հայաստանին»: «Աշխարհի քաղաքականությունն այնպիսին է, որ ոչ միայն ժողովրդավարական արժեքներով են շարժվում: Տնտեսական շահերը երբեմն ավելի բարձր են, քան ժողովրդավարական արժեքները»,- ասում է նա ու ավելացնում, թե Ոստիկանությունում եւ այլ ոլորտներում, այնուամենայնիվ, բարեփոխումներ են իրականացվում:

«Ինչ էլ որ անեն ՀՀ իշխանությունները միջազգային կառույցներում, Հայաստանի ներսում այդ խնդիրները զարտուղի ճանապարհներով մեղմելու համար, միեւնույն է, դրսից ցանկացած օբյեկտիվ հայացք տարիներ շարունակ շեշտադրելու է այդ մասին: Եթե մենք ինքներս մեր երկրում չկարողանանք մամուլի, ընդդիմության նկատմամբ հետապնդումներին վերջ դնել, Մարտի 1-ը չբացահայտվի, եւ քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, տարիներ շարունակ այդպիսի զեկույցներ լինելու են»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Վերջինս գտնում է, որ թե՛ հավաքների, թե՛ Մարտի 1-ի գործի եւ ընդհանրապես ընդդիմությանը վերաբերող` Ս.Սարգսյանի վերջին հայտարարություններն ընդամենը խոսքեր են: Եվ, որ իշխանությունները դրանից հետո պարտավոր են հաջորդ քայլն անել` Մարտի 1-ի գործով կոնկրետ բացահայտումներ անել, ազատել քաղբանտարկյալներին, 150-ից ավելի կալանավորվածների գործերը նորից քննության ենթարկել: Իսկ որ միջազգային կառույցներն իրար հետեւից կոշտ զեկույցներ են հրապարակում Հայաստանի մասին, Վ.Հարությունյանը կարծում է, որ նրանք վերջապես հասկացել են, որ պարտավոր են կատարել իրենց դերը: «Մի բան, որ նրանք վերջին 2 տարիներին չէին անում հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Ամենակարեւորը, սա նշանակում է, որ ինչ էլ լինի, Հայաստանի իշխանությունները պարտավոր են եւ ստիպված են լինելու իրենց ուշադրության կենտրոնում պահել 2008թ. դեպքերը»,- ավելացնում է Վ.Հարությունյանը:

Ավելացնենք, որ «Amnesty International»-ը փաստում է, որ աշխարհի առնվազն 89 երկրներում սահմանափակվում է ազատ խոսքը, 48 երկրներում կան «խղճի բանտարկյալներ», 98 երկրների բանտերում եւ Ոստիկանության բաժանմունքներում գործադրվում են բռնություններ, իսկ 54 երկրներում տեղի են ունեցել անարդար դատավարություններ: