ՀԱԿ-ը տերե՞ր է փնտրում

13/05/2011

«Բավական է, որ նախկին նախագահը երկու նախադասություն ասի մամուլով, եւ անմիջապես աշխուժություն եւ ենթադրություններ են լինում, թե նա վերադառնում է: Ես չեմ կարող նման ենթադրություն անել եւ դրա հիման վրա կառուցել ինչ-ինչ եզրակացություններ»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Մարտի 1-ի դեպքերի մասին Ռ. Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ Ա. Շահբազյանն ասել է, թե ՀՅԴ-ն այդ դեպքերի քննության վերաբերյալ ժամանակին վերապահումներ ունեցել է, որը կցել է Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը: «Կարող եմ այն մասով համաձայնել, որ նախաքննությունն ամբողջապես չկարողացավ խնդիրը քննարկել եւ շատ հետեւողական չեղավ»,- ասել է Շահբազյանը` հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի որոշ դրույթները համահունչ են ՀՅԴ դիրքորոշման հետ: Մասնավորապես, նա համաձայնել է Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, թե Մարտի 1-ի գործով քննչական գործընթացն արդյունավետ չի եղել: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` նա ասել է. «Եթե այդ գործակցության արդյունքում միայն ՀԱԿ-ը պետք է հայտնվի խորհրդարանում, ոչինչ, բայց եթե սեղանին ավելի լուրջ արժեթղթեր են` օրինակ հայ-թուրքական արձանագրությունների վավերացում, դա անընդունելի է»: Նաեւ հավելել է. «Ռոբերտ Քոչարյանին մենք աջակցել ենք ժամանակին եւ գործակցել ենք իր հետ` ծանոթանալով իր ծրագրին, մասնակցելով նրա ծրագրի վերջնականացմանը»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, ասել է, թե այդ իրադարձություններին եւ առհասարակ զանգվածային անկարգություններին միջամտելու իրավասություն ունեն ներքին գործերի ստորաբաժանումները: «Այդ իրավասությունը նրանք ունեն, բայց ներքին գործերի ստորաբաժանումը բանակ չէ: Ես որեւէ տեղեկություն չունեմ, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն հնարավոր «գործարքին», ապա Գ. Սահակյանն ասել է, թե ՀԱԿ-ը «վաղուց գնում է գործարքների, բայց ոչ Հանրապետական կուսակցության հետ»: Նրա խոսքով` ներկայումս երկրի քաղաքական դաշտում ընթանում է հանդուրժողական մթնոլորտի ստեղծման գործընթաց ընտրություններից առաջ։ «Այդ միջոցները նպաստելու են հանրապետությունում լավ ընտրությունների անցկացմանը»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ Գ. Սահակյանի` չնայած հանդուրժողականության կոչերին, ներկայումս ՀԱԿ-ը գտնվում է «էստի համեցեք» վիճակում. «Ձգտում են «տերեր» գտնել արտերկրում, բայց չգտնելով` կրկին վերադառնում են հարազատ քաղաքական դաշտ»,- ՀԱԿ-ի վերաբերյալ ասել է Գ. Սահակյանը: