Ձերբակալված փաստաբան Վահե Գրիգորյանի փաստաբանները երկուշաբթի հրապարակեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրա դեմ հարուցված գործը հորինված է։
Վահե Գրիգորյանին դատախազությունը մեղադրում է փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերի դրամ շորթելու մեջ։ Իսկ փաստաբանները, մի խումբ իրավապաշտպաններ եւ նրա պաշտպանյալները վստահ են, որ նրան կալանավորել են, որպեսզի խոչընդոտեն նրա մասնագիտական գործունեությունը։ Նա պաշտպանում է Բուզանդի փողոցի չորս ընտանիքների շահերը, որոնք հրաժարվում են իրենց տները վաճառել։ Վահե Գրիգորյանը դատական կարգով հետ է բերել «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ մոտ 23 միլիոն դրամ (մոտ 42 հազար դոլար) պետությանը տված գերավճարը։ Նրան մեղադրում են, որ նա կեղծել է «Կրեյնի» տնօրենի ստորագրությունը եւ կեղծ փաստաթղթերով շորթել է այդ գումարը։ Գրիգորյանի պաշտպանները պնդում են, որ ոչ մի կեղծիք չի եղել, եւ փաստաթղթերը ստորագրել է ԱՄՆ-ում գտնվող «Կրեյնի» տնօրեն Գեւորգ Հակոբյանը, իսկ գումարն էլ Գրիգորյանը ստանալուց հետո փոխանցել է ԱՄՆ Հակոբյանի նշած հաշվեհամարին, պահելով իր հոնորարը եւ դատավարության ժամանակ արված ծախսերը (պետտուրք)։
Փաստաբանների ներկայացրած փաստաթուղթը Կալիֆոռնիայի նահանգի պետքարտուղարի մոտ հուլիսի 18-ին արված «Կրեյնի» տնօրեն Գեւորգ Հակոբյանի հայտարարությունն է նահանգի ոսկեգույն կնիքով։ Հայտարարության մեջ Հակոբյանն ասում է, որ Վահե Գրիգորյանին ճանաչում է որպես ազնիվ եւ առանձնապես վստահության արժանի իրավաբանի։ Հակոբյանը ներկայացնում է իրենց գործարքի մանրամասները. որ Գրիգորյանի պահանջով ինքը Երեւան է ուղարկել համապատասխան ստորագրությամբ ու կնքված փաստաթղթեր, որպեսզի որպես իր ներկայացուցիչ դատարանի միջոցով նա հետ բերի գերավճարը։ Դատավարությունից հետո Հակոբյանը դիմել է ֆինանսների նախարարին, որ գումարը փոխանցեն իր ներկայացուցչի հաշվի համարին։
«Ռայթ իրավաբանական խումբ» ՍՊԸ-ին (Գրիգորյանի կազմակերպությունը) փոխանցված գումարից նախապես եղած պայմանավորվածությամբ Գրիգորյանը գանձել է դատարան դիմելուց առաջ իր կողմից վճարված պետական տուրքի գումարը (100.000 դրամ, մոտ 180 դոլար) եւ պայմանագրով նախատեսված իր հոնորարը՝ 400.000 դրամը, մոտ 730 դոլար), իսկ մնացած գումարը դոլարի վերածելով` փոխանցել է Հակոբյանի մատնանշած ԱՄՆ-ում գտնվող հաշվեհամարին։ Հայտարարության մեջ ասված է. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սույն թվականի հունիս ամսվա առաջին կեսին իմ ծնողների բնակարան այցելած անձնավորությունները հայտարարել են, թե իբր իմ ստորագրությունների միջեւ ակնհայտ տարբերություններ կան, եւ իբրեւ պարոն Գրիգորյանը հանցագործ է, կեղծել է իմ ստորագրությունը, յուրացրել է իր հաճախորդի գումարները, ապա միանշանակորեն հայտնում եմ, որ վերը նշած անձանց կողմից իմ ծնողներին հայտնածը հերյուրանք եւ զրպարտություն է եւ նրանց նկատմամբ հոգեբանական բիրտ ճնշման ձեւ»։ Հայտարարությանը կցված են «Կրեյնի» բոլոր փաստաթղթերը։ Ըստ փաստաթղթի` հայտարարությունը ուղարկված է Հայաստանի դատախազություն։
Վահե Գրիգորյանին կալանելու դատարանի վճիռը բողոքարկել էին վերաքննիչ դատարան, որը նույնն է թողել այն։ Դատարան ներկայացվել էր նաեւ այս հայտարարությունը։ Փաստաբանները ասացին, որ դատավորը եւ դատախազը ասել են, թե հայտարարությունը կեղծ է։ «Եթե կեղծ է, ապա պիտի պատասխանատվության կանչեն Կալիֆոռնիայի պետքարտուղարին եւ վկա հրավիրեն նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, թե ինչպես է նահանգապետարանը փատաթուղթ կեղծել»,- ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ հայտարարության մասին, ասելով, որ գնում է նախաքննություն, որի տվյալները չեն հրապարակվում. «փաստաբանները ազատ են, նրանք կարող են նաեւ սուտ ասել»,- ասաց Ամբարյանը։
«Փաստաբաններ փաստաբանների համար» միջազգային կազմակերպությունը (Ամստերդամ) դիմել է Հանրապետության գլխավոր դատախազին, որ դադարեցնեն Գրիգորյանի դեմ քրեական մեղադրանքը եւ ազատեն կալանքից։ Նամակում ասվում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Գրիգորյանի դեմ մեղադրանքը ստացվել է ապօրինի ճանապարհով, հիմնական վկայությունը սուտ է եւ վերցված է ճնշումներով։ Ասված է նաեւ, որ ըստ տպավորության, նրա կալանավորումը բացառապես կապված է մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, Երեւանի կենտրոնի անշարժ գույքի սեփականատերերի դեմ ուղղված պետական քաղաքականության վերաբերյալ նրա կարծիքների հետ։
Բուզանդի փողոցի չորս ընտանիքները դիմել են Արդարադատության նախարարություն, որ Վահե Գրիգորյանին հնարավորություն տան իրենց շահերը շարունակել պաշտպանել։ Նախարարությունը մերժել է դիմումը։ Բնակիչներին զայրացրել է այն փաստը, որ սպանության մեղադրանքով բանտում գտնվող անձը մասնակցում է Նոր Հաճընի քաղաքապետի ընտրություններին եւ հաղթում, իսկ փաստաբանը չի կարող շարունակել իրենց պաշտպանել։
Գրիգորյանի դեմ գործ են հարուցել «Կրեյնի» տնօրենի հոր` Ալեքսանդր Հակոբյանի եւ քրոջ ամուսնու` Տիգրան Առաքելյանի ցուցմունքների հիման վրա։ Ալեքսանդր Հակոբյանը նույնպես մեղադրվում է նույն հանցանքի մեջ, սակայն կալանավորված չէ։ Փաստաբանները ասում են, որ նրա ազատության գինը Գրիգորյանի դեմ տրված ցուցմունքներն են։ Ասուլիսին փաստաբանները ներկայացրին այս երկուսի դիմումները ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին։ Դիմումներում ասված է, որ ցուցմունքներ տվել են ճնշումների ու սպառնալիքների ազդեցության տակ։
Հակոբյանի դիմումում ասված է, որ իրեն անընդհատ ստիպել են Գրիգորյանի դեմ ցուցմունքներ տալ` սպառնալով որդուն ԱՄՆ-ից դեսպանատան միջոցով բերել եւ ձերբակալել։ Նաեւ սպառնալիքներ են եղել իր եւ դստեր ամուսնու նկատմամբ։ Ապա ասված է, որ որդին տեղեկացել է այս հետապնդումների մասին եւ ԱՄՆ-ից ուղարկել է իր հայտարարությունը։ Սակայն ճնշումները շարունակվում են։ Մեջբերում. «Ի վերջո Հոկտեմբերի 7-ին առավոտյան 10.30 ինձ նորից հրավիրեցին գլխավոր դատախազություն եւ մինչեւ երեկոյան ժամը 7-ը ինձ քննեցին որպես գործով վկա։ Հարցաքննության ընթացքում բազմիցս հնչում էին դատապարտման սպառնալիքներ երբեմն անթույլատրելի բարձրության ձայնով (գոռալով)։ Հաշվի առնելով այդպիսի վերաբերմունքը, իմ տարիքը (65 տարեկան) եւ այն, որ սույն թվականի մարտ ամսին ես տարել եմ սրտի ծանր վիրահատություն 6 ժամ գտնվելով նարկոզի ազդեցության ներքո եւ այն, որ ունեմ բարձր արյան ճնշում եւ օրը 3 անգամ պետք է օգտագործեմ դեղորայք, ես ընկել էի ծանր հոգեկան վիճակի մեջ, որի արդյունքում չէի հասկանում, թե ինչ եմ գրում բացատրության մեջ քննիչ Ա. Նիկողոսյանի թելադրանքով։ Նույն օրը ժամը 19-ի սահմաններում անցկացվեց իմ եւ Վահե Գրիգորյանի առերեսումը. որի ժամանակ ես կրկնել եմ քննիչի թելադրանքով իմ կողմից գրված բացատրությունը։ Հայտնում եմ, որ ոչ ես, ոչ Վահե Գրիգորյանը իմ որդու անունից ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրել եւ ոչ էլ կնքել ենք»։
Մեր հեռախոսային խոսակցության ժամանակ Ալեքսանդր Հակոբյանը չհերքեց, որ նման դիմում է գրել, միայն ասաց, որ առայժմ նա ոչ մի հարցի չի պատասխանի։ Տիգրան Առաքելյանը ասաց, որ նման դիմում ընդհանրապես չի գրել, եւ դրեց հեռախոսափողը։ Գրիգորյանի մի կոլեգան ասաց, որ դիմումները չէին հրապարակվում դիմումատուների խնդրանքով։ Սակայն այն բանից հետո, երբ Հակոբյանը եւ Առաքելյանը կրկին հարցաքննության ժամանակ տվել են փաստաբանի դեմ ցուցմունք, ինքը հրապարակել է դիմումները։
Ստեղծվել է Վահե Գրիգորյանի պաշտպանության սայթ www.vahegrigoryan.org
Առաջին դեպքը չէ, որ իշխանությունները ճնշում են իրենց դեմ աշխատող փաստաբանին։ 1995 թվականին Դաշնակցական «Դրո» կառույցի գործով երկու փաստաբանների փողոցում ծեծեցին, որոնցից մեկը Փաստաբանական պալատի նորընտիր նախագահ Ռուբեն Սահակյանն է։ 2003 թվականին փաստաբան Հովիկ Արսենյանին դատարանը զրկեց պաշտպանել սպանության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանին, որ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ընդդիմադիր գործիչ Արամ Սարգսյանի եղբայրն է։ Արսենյանի դեմ նույն ժամանակ քրեական գործ հարուցվեց, որի նպատակը, ըստ մամուլի, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն էր։