Ազգային ժողովում բավականին ակտիվ անդրադարձ է եղել մի խնդրի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքին։ Ուշագրավն այն է, որ բանավեճի մասնակիցները եղել են ոչ թե իշխանության եւ ընդդիմության, այլ հենց իշխող կոալիցիայի ներկայացուցիչները։
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ ԱԺ-ում պատգամավորներին տեղեկացրել է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թ. վերջում կազմել է 3,3 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 35,6 տոկոսը։ Նա նշել է, որ առաջիկա տարիներին այդ պարտքի սպասարկման առումով Հայաստանը կունենա պիկային տարիներ, սակայն հավաստիացրել է, որ այդ ռիսկերը կառավարելի են։ Իսկ հետո պետական պարտքի մասին խոսել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ արդեն սկսած 2013 թվականից` Հայաստանը ստիպված կլինի տարեկան 220-230 մլն դոլար միայն պարտքի սպասարկման ծախս իրականացնել։ Զաքարյանը դա համարել է «բավականին լուրջ բեռ պետական բյուջեի վրա»։ Սակայն գլխավոր գանձապետը ներկաներին հանգստացրել է՝ հավաստիացնելով, որ Հայաստանն առայժմ գտնվում է միջին ծանրության արտաքին պարտք ունեցող երկրների շարքում։
Սա, իհարկե, դասական իմաստով բանավեճ համարել չի կարելի։ Սակայն հաջորդ օրինակը ինչ-որ տեղ անգամ դուրս է գալիս քաղաքակիրթ բանավեճի սահմաններից։
Այսպես։ Երեկ Ազգային ժողովում 2010թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումների ժամանակ կառավարությանը հարցեր է ուղղել ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը։ Վերջինս, հարցը ձեւակերպելուց առաջ, կենտրոնացել է արտաքին պետական պարտքի խնդիրների վրա եւ նշել, որ «ազգովի ապրում ենք ուրիշի հաշվին»։ Այդ արտահայտությունն ամենեւին դուր չի եկել ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, ով վարում էր քննարկումները (ընդհանրապես, Գ. Մինասյանը շատ զգայուն է նման հարցերում եւ զայրանում է, երբ երկրի տնտեսության մասին հիացմունքով չեն խոսում)։ Սակայն այս անգամ նա ավելի հեռուն է գնացել, եւ տնտեսագիտական հարթությունից տեղափոխվել է լրիվ այլ տեղ՝ Բոստանջյանին պատասխանելով հետեւյալ արտահայտությամբ. «Էն որ ասում եք` ուրիշի հաշվին ենք ապրում, դա ձե՞զ նկատի ունեք»։ Հետո էլ թույլ չի տվել Վ. Բոստանջյանին պարզաբանել իր ասածը։ Փոխարենը` ինքն է պարզաբանել, թե՝ մենք բնավ էլ վարկերի հույսին չենք, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 7 տոկոսից իջեցրել ենք մինչեւ 5 տոկոս։
Շատ սպառիչ պատասխան է։ Դեֆիցիտը 2 տոկոսային կետով իջեցրել ենք, եւ 3 միլիարդ արտաքին պարտքի մասին կարելի է մոռանալ։ Բայց երբ այդ պարտքի սպասարկումը հասնի իր պիկին, իշխանությունները ոչ միայն կհիշեն, այլ այդ մասին կհիշեցնեն նաեւ հարկատուներին։
Նշենք, որ որքան էլ մեր պետական այրերը ասեն, թե պետական պարտքի մակարդակը կառավարելի սահմաններում է, այդուհանդերձ՝ իրենք պակաս անհանգստացած չեն պարտքի սպասարկմամբ։
Անհանգստացած են նաեւ միջազգային կառույցները, ասել է թե՝ մեր պարտատերերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Սերժ Սարգսյանի՝ նորարարական արտադրություններին հարկային արտոնություններ տրամադրելու նախաձեռնությունը կոշտ գնահատականի արժանացավ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչի կողմից։ Հիշեցնենք, որ վերջինս նշել էր, թե բացի այն, որ ԱՄՀ-ն ընդհանրապես չի ողջունում «հարկային արձակուրդները», նաեւ՝ նման նախաձեռնությունը լրացուցիչ լարվածություն կմտցնի հարկահավաքության ցուցանիշներում։ Այս ձեւակերպումը կարելի է հասկանալ նաեւ այսպես՝ նախ մեր տոկոսները տվեք, հետո խոսեք հարկերից հրաժարվելու մասին։ Այսինքն՝ պետական պարտքի մեծությունը ինչ-որ տեղ կապում է իշխանությունների ձեռքերը եւ թույլ չի տալիս լրացուցիչ գումարներ ուղղել բիզնեսի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանը։
Եթե հիմք ընդունենք դոլարի այսօրվա փոխարժեքը, ապա 230 միլիոն դոլարը կազմում է 86 միլիարդ դրամ։ Իսկ եթե դրամը սահուն արժեզրկվի եւ մինչեւ 2013 թվականը 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասնի, ենթադրենք, 400 դրամի, ապա 230 միլիոն դոլարը կկազմի 92 միլիարդ դրամ։ Այսինքն՝ դրամի 7%-անոց արժեզրկումը 2 տարվա ընթացքում բերելու է նրան, որ արտաքին պարտքի սպասարկման վրա ստիպված ենք լինելու 6 միլիարդ դրամով ավելի շատ գումար ուղղել։ Իսկ դա լուրջ թիվ է, որն ի վերջո ծանրանալու է հարկատուների ուսերին։ Իսկ եթե ավելի գլոբալ դիտարկենք խնդիրը, ԱՄՆ դոլարի՝ ընդամենը մեկ դրամ թանկանալը մեր ընդհանուր արտաքին պարտքի արժեքը մեծացնում է 3 միլիարդ դրամով (մեր արտաքին պարտքը շուրջ 3 միլիարդ դոլար է)։ Կարելի է ասել, որ սա դրամի արժեզրկումը զսպող կարեւոր գործոն է, որի մասին այնքան էլ հաճախ չի խոսվում։
Նշենք, որ պետական պարտքի թույլատրելի մակարդակը, արտաքին վարկերի պայմաններն ու մյուս պարամետրերը միշտ էլ տնտեսագիտական բանավեճի թեմա են եղել։ Ոմանք դեմ են արտաքին պարտքի մեծացմանը, ոմանք էլ գտնում են, որ դրանից պետք չէ վախենալ։ Սակայն Հայաստանի պարագայում հարցն ավելի շատ այլ կերպ է դրվում. կառավարության ընդդիմախոսներին ավելի շատ անհանգստացնում է ոչ թե պարտքի մեծությունը, այլ դրա օգտագործման արդյունավետությունը, տված օգուտը։ Ընդ որում, արդյունավետության հարցն առավել սրությամբ է դրվելու, քանի որ օրերս կառավարությունն` ինքը, խոստովանեց, որ վարկային միջոցների կեսը, ըստ էության, մսխվել է (կամ՝ գնացել որոշ մարդկանց գրպանը)։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիմանել էր իր ենթականերին՝ նշելով, որ, մասնավորապես, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցների հաշվին ձեռք են բերվել ապրանքներ, որոնք 2 անգամ թանկ են ողջամիտ գներից։ Սա նշանակում է, որ Համաշխարհային բանկից ստացված հարյուրավոր միլիոն դոլարների կեսը կարելի էր նաեւ չվերցնել, որովհետեւ այն ծառայել է ոչ թե պետության շահերին, այլ` մի քանի հոգու։ Նույն բանը հանգիստ խղճով կարելի է ասել նաեւ մյուս կառույցներից ներգրավված վարկերի մասին։ Ցավալին այն է, որ դա ոչինչ չի փոխում, եւ Հայաստանի հարկատուները վճարելու են նաեւ մի խումբ մարդկանց կողմից գրպանված միջոցների դիմաց։
Այնպես որ, վերը նշված բանավեճում Գագիկ Մինասյանն, ըստ էության, մասամբ ճիշտ էր. բոլորը ի վերջո ապրում են ժողովրդի հաշվին, մանավանդ՝ պետական համակարգի ներկայացուցիչները։
Հ.Գ. Նշենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ նոր մեղադրանքներ են առաջ քաշվել։ Ի թիվս խաղաղ ցուցարարների սպանության, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների, Մուբարաքը մեղադրվում է նաեւ պետական պարտքը անթույլատրելի մեծ չափերի հասցնելու համար։ Այնպես որ, պետական պարտքի չափի թույլատրելի կամ անթույլատրելի լինելու՝ զուտ տնտեսագիտական թվացող բանավեճը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի, որը կարող է մի գեղեցիկ օր ի հայտ գալ։