ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանձնարարի հատկացնել 10 մլն դրամ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար: Այս մասին «Մեդիամաքսին» ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը համակարգում են «Մեդիամաքսը», ավստրալիական «Do Something» կազմակերպությունը եւ Հայ օգնության ֆոնդը: Ծրագրին ակտիվորեն աջակցում են ռոք-աստղեր Իէն Գիլանն ու Թոնի Այոմին: ՀՀ նախագահը միջոցների տրամադրման մասին որոշումը կայացրել է նախորդ շաբաթ «WhoCares» խմբի սինգլի թողարկումից հետո: Սուպերխումբը Գիլանն ու Այոմին հատուկ ստեղծել են Գյումրիի երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Նախորդ տարի Երեւանում Իէն Գիլանի բարեգործական համերգներից եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Deep Purple»-ի վոկալիստի հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը դպրոցի վերականգնման հիմնադրամին էր փոխանցել 10 մլն դրամ: Դպրոցի նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ է 250.000 դոլար: Վերջին մուտքերը ներառյալ` հավաքագրված գումարը կազմում է 135.000 դոլար, որից շուրջ 55.000-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը: