Թերեւս միայն թղթի վրա գոյություն ունեցող ՀԿ-ների գերակշռության ու նրանց անգործության պատճառով է, որ հասարակությունն անտարբեր է այս կառույցների նկատմամբ։ 2003թ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի անցկացրած համազգային հարցման արդյունքներով` չափահասների 43,3 տոկոսը չի իմացել, թե ինչ բան է հասարակական կազմակերպությունը։
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում հասարակական կազմակերպությունները, ինչո՞վ են զբաղվում, որքանո՞վ է դրանց գործունեությունը արդյունավետ, եւ որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Դրանք շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպություններ են։ «Հասարակական կազմակերպությունների մասին» առաջին օրենքը Հայաստանում ընդունվել է 1996թ., իսկ 2001թ. ԱԺ-ն ընդունել է նոր օրենք, որը բավականին պարզեցրել է ՀԿ-ների գրանցման ընթացակարգը, ինչով եւ կարելի է բացատրել դրանց առատությունը։ Մինչեւ երկրաշարժը, ՀԿ-ներ, որպես այդպիսիք, կարելի է ասել, չկային, դրանք ստեղծվեցին հիմնականում երկրաշարժից հետո, եւ այդ ժամանակվանից էլ սկսվեց ՀԿ-ների հետագա զարգացումն ու տարածումը։ Իսկ որքանո՞վ է ընդհանրապես այս կազմակերպությունների առկայությունն անհրաժեշտ։ Կան այնպիսի ոլորտներ, որտեղ պետական ծրագրերը բավարար արդյունավետ չեն գործում՝ միջոցների սղության եւ այլ պատճառներով։ Կարելի է նշել մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանության, փախստականների, տարեցների, երեխաների խնդիրները, որոնց հարցում ՀԿ-ներն իրոք կարող են լուրջ դերակատարում ունենալ։
Սակայն ցանկացած գործի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Սա ամենամեծ խնդիրն է։ Օրենքի համաձայն՝ կազմակերպությունների սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից եւ նվիրատվություններից։
Առանձին-առանձին դիտարկենք այս աղբյուրները։ Սկսենք անդամավճարներից: Պարզ է, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած երկրում միայն անդամավճարներով հնարավոր չէ լուրջ գործունեություն ծավալել։ Ներքին ֆինանսավորման մյուս աղբյուրը նվիրատվություններն են։ Այսինքն, ենթադրվում է, որ երկրի ներսում գործող ընկերությունները պետք է գումարներ տրամադրեն ՀԿ-ներին՝ գործունեություն ծավալելու համար։ Սակայն ՀԿ-ների ղեկավարներն անթաքույց դժգոհությամբ նշում են, որ ոչ մի գործարար իրենց գումարներ չի տրամադրում։ Ավելին, վերջին ժամանակներս գործարարներն իրենք են ստեղծում տարբեր տիպի ՀԿ-ներ, որոնք լայն թափով սկսում են աշխատել միայն նախընտրական շրջանում։ Սրա հետ չենք կարող չհամաձայնել, սակայն մյուս կողմից նշենք, որ մեղադրել էլ չի կարելի։ ՀԿ-ների նկատմամբ վստահությունը Հայաստանում այնքան էլ բարձր չէ, եւ ոչ ոք չի կարող 100%-ով համոզված լինել, որ գումարները նպատակային կծախսվեն։ Նշենք, որ «ՀԿ-ների մասին» օրենքը ՀԿ-ներին թույլատրում է շահույթ հետապնդող ՍՊԸ-ներ ստեղծել եւ միջոցներ ապահովել իրենց գործունեության համար։ Սակայն շատ քիչ թվով ՀԿ-ներ են օգտվում այս իրավունքից։ Նախ, չեն ուզում առնչվել հարկային մարմինների հետ, եւ երկրորդ (իհարկե, սա սուբյեկտիվ կարծիք է), ինչո՞ւ չարչարվել, եթե կարելի է ավելի հեշտ եղանակներով գումարներ հայթայթել։ Ընդ որում, ՀԿ-ներն առաջ են քաշում եւս մի պահանջ՝ հարկային արտոնություններ սահմանել իրենց կողմից ստեղծված ՍՊԸ-ների համար։ Միջոցների տեսակետից կա եւս մի աղբյուր՝ պետական աջակցությունը։ Անցյալ տարի պետբյուջեից ՀԿ-ներին հատկացվել է 50 մլն դրամ։ 2006թ. բյուջեի նախագծով գումարը կրկնապատկվել է՝ դառնալով 100 մլն։ Այս հարցում կարծիքները կիսվում են. ոմանք գտնում են, որ թեեւ գումարը փոքր է, եւ դրանով լուրջ խնդիրներ լուծելը գործնականում անհնար է, սակայն մյուս կողմից պետական աջակցությունն ինքնին ողջունելի փաստ է։ Մյուսները կտրականապես դեմ են՝ պնդելով, որ իշխանություններն ամեն պատեհ առիթով ներկայացնելու են, որ իրենք աջակցում են ՀԿ-ներին, սակայն համատարած կոռուպցիայի մթնոլորտում գումարների բաշխման եւ հետագա օգտագործման գործընթացը շատ կասկածների (ոչ անհիմն) տեղիք է տալու։
Եվ այսպես, ո՞ւմ միջոցներով են իրենց գոյությունը պաշտպանում գործող ՀԿ-ները։ Իհարկե, միջազգային դոնոր կազմակերպությունների։ Օրինակ, 2003-ին Հայաստանի ՀԿ-ներին ուղղակիորեն հատկացված դրամաշնորհների ընդհանուր գումարը (բոլոր դոնորները միասին) կազմել է ավելի քան 12,5 մլն ԱՄՆ դոլար (իհարկե, սրա համեմատությամբ` բյուջեով հատկացված 200 հազար դոլարը պարզապես ծիծաղելի է): ՀԿ-ների ամենախոշոր դոնորն ամերիկյան կառավարությունն է, որը 2001-2004թթ. ընթացքում ավելի քան 39 մլն դոլար է հատկացրել Հայաստանի ՀԿ սեկտորին: Գաղտնիք չէ, որ շատ ՀԿ-ներ ստեղծվում են միայն արտասահմանից դրամաշնորհներ (գրանտներ) ստանալու համար, իսկ հետո մսխում են այդ գումարները՝ իրականում ոչ մի օգտակար գործ չանելով։ Այդ իսկ պատճառով մեր իրականության մեջ նոր բառ է ստեղծվել՝ «գրանտակեր»։ Սա սկսել են գիտակցել նաեւ միջազգային դոնորները, եւ ներկայումս գրանտ ստանալն այնքան հեշտ չէ, որքան առաջ։ Ընդ որում, միջազգային կազմակերպություններն ունեն համոզիչ մի հիմնավորում, այն է՝ ձեր երկիրը վերջին տարիներին երկնիշ թվով տնտեսական աճ է արձանագրում, այնպես որ, արդեն առանց մեզ էլ կարող եք յոլա գնալ։ Ինչեւէ, գումարներ դեռ հատկացվում են։ Որոշ կայացած ՀԿ-ներ այդ գումարներով իրոք լուրջ գործեր են անում։ Սակայն…
Եթե ֆինանսավորումը կատարվում է դրսից, ապա պահանջներն էլ դրվում են դրսից։ Մեր ՀԿ-ների ղեկավարները պնդում են, որ թեեւ գումարները տրամադրում են արտասահմանյան կազմակերպությունները, սակայն իրենք են որոշում ինչ անել։ Դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ։ Դրամաշնորհը տրվում է կոնկրետ ծրագրի եւ կոնկրետ պայմանների դեպքում։ Շատ դեպքերում հայաստանյան ՀԿ-ներն այնքան էլ չեն խորանում, թե որքանով են այդ ծրագրերը բխում մեր ազգային շահերից եւ որքանով են համապատասխանում մեր ազգային նկարագրին։ Փորձենք հիմնավորել։
Ինչպես արդեն նշվեց, ֆինանսավորման գլխավոր աղբյուրներից մեկն ԱՄՆ կառավարությունն է՝ ի դեմս Միջազգային զարգացման գործակալության (USAID)։ 2002-2004թթ. ընթացքում այս կազմակերպության ֆինանսավորմամբ (մոտ կես մլն դոլար) հայաստանյան 6 ՀԿ-ներ իրականացրել են մի ծրագիր, որը (ինչպես նշված է համապատասխան ինտերնետային կայքում) կոչվում է «Բռնությամբ ներքին անկարգության ծրագիր»։ Անհասկանալի է, չէ՞։ Սա անգլերեն «Domestic Violence Program»-ի ոչ այնքան հաջող թարգմանությունն է։ Ծրագիրն ուղղված է «Ընտանեկան բռնության զոհերին»։ Փորձենք պարզաբանել, թե ովքեր են այդ զոհերը։ Դա այն կինն է, որին ամուսինը մի անգամ ապտակել է, կամ երեխան, որին ապտակել է մայրը։ Սրանք, ըստ որոշ ՀԿ-ների, մեծ անարդարություններ են, որոնց դեմ անհրաժեշտ է պայքարել։ «Ասես մատների արանքով նայելիս լինեն ՆԳ համակարգում։ Ասում են՝ տուն է, ընտանիք է, մի հատ ապտակի համար արժե՞ ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Եվ հենց դրա համար կինը չի ցանկանում իրավապահ մարմիններին դիմել»,- ասում է Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի տնօրեն Արարատ Մարգարյանը: Վրդովված հայտարարում են, որ կինը չի հեռանում բռնարար ամուսնուց կամ չի դիմում իրավապահ մարմիններին, որովհետեւ երեխաներին հայր է պետք: Իհարկե, կնոջը ծեծող տղամարդուն չենք «պաչում-դնում գլխներիս», սակայն, եթե կինը չի բողոքում, դուք ինչո՞ւ եք խառնվում իրար։ Ասենք գնացիք, սովորեցրիք, որ կինը ստրուկ չէ, որ նա կարող է դիմել դատարան, նա էլ գնաց դիմեց, ամուսնուն ձերբակալեցին, ընտանիքն էլ քայքայվեց։ Այսպես ավելի՞ լավ է։ Անկասկած հիշում եք հայկական սիրված մի ֆիլմի՝ մարդ ու կնոջ ու նրանց մատանու պատմությունը… Ինչո՞ւ եք մտնում մատի ու մատանու արանքը…
Եթե կին-ամուսին հարաբերություններում սա որոշ չափով հասկանալի է, ապա ծնող-երեխա հարաբերություններում բանը հասնում է անհեթեթության։ «Ո՞նց կարելի է թույլ տալ, որ մայրը որդուն ապտակի»։ Իսկ ո՞վ կհավատա, որ չգիտեմ որ ՀԿ-ի անդամը այդ երեխայի մասին ավելի շատ է մտածում, քան նրա սեփական մայրը։ ԱՄՆ-ում ընդունված է, որ երեխային ապտակելու համար ծնողին կարող են դատի տալ, սա «ժողովրդավարության գագաթնակետն է»։ Սակայն արդյոք մեզ պե՞տք է այդ աստիճանի ժողովրդավարություն։ Ամերիկյան ֆիլմերում հաճախ հանդիպող այն սյուժեն, որի ընդհանուր իմաստը հետեւյալն է՝ «Պապաս երեխա ժամանակ ծեծել է, սթրես եմ տարել, դրա համար էլ դեբիլ եմ մեծացել», փորձում են փաթաթել մեր ժողովրդի վզին։ Իսկ դա ոչ մի կերպ չի բռնում մեր երգերից մեկի հետ. «Ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել…»։ Եթե այդպես լիներ, հայ ժողովրդի 90%-ը պետք է հոգեկան հիվանդ լիներ…
Կան նաեւ բացարձակ անհեթեթության հասնող դրույթներ, որտեղ «ընտանեկան բռնության զոհը» ոչ թե կինն է կամ երեխան, այլ… տղամարդը, ընտանիքի հայրը։ Ի դեպ, շատ հարգարժան դոնորների կարծիքով` շատ վատ է, որ ընտանիքի գլխավորը հայրն է։ «Հայրիշխանական ավանդույթները դեռեւս շատ խորն են արմատավորված Հայաստանում։ Անգամ այն դեպքում, երբ ամուսիններն ունեն կրթության եւ աշխատանքային փորձի նույն մակարդակը, տղամարդիկ հազվադեպ են զբաղվում տնային գործերով եւ հոգ տանում երեխաների մասին…»։ Սա USAID-ի մասնագետների հետազոտություններից է, որի համար, մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։ Սա հենց այն դեպքն է, երբ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»։ Քիչ է մնում ասես՝ եթե այդքան մտածում եք մեր կանանց մասին, եկեք մեր տնային գործերը դուք արեք։
Զարմանալ պետք չէ։ Արտասահմանցիները սովոր են, որ կինը գործից տուն գա, եւ տեսնի թե ինչպես է ամուսինը լվանում իրենց ներքնազգեստը։ Մենք սովոր չենք, ու դրանով էլ անսովոր ենք նաեւ արտասահմանցիների համար, որոնք ցանկանում են վերացնել «շահագործման» գործընթացը։
Ցանկանում են, եւ գումարներ են տրամադրում նմանատիպ անհեթեթ ծրագրերի համար։ Ինչպես նշվեց, 2002-2004թթ. ընթացքում մոտ կես մլն ԱՄՆ դոլար ուղղվել է այս տիպի ծրագրերին։ USAID-ն 2004-2008 թթ. ռազմավարական ծրագրի մեջ մեծ կարեւորություն է տալիս Հայաստանում այս տիպի ծրագրերին, եւ ամենայն հավանականությամբ, կշարունակի ֆինանսավորումը։ Նրանց է միացել նաեւ ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամը։ Վերջինս 100 հազարական ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացնելու այն ՀԿ-ներին, որոնք կշահեն մրցույթում։
Սա այն դեպքն է, երբ համաձայն ես, որ ՀԿ-ները փողերը վերցնեն ու ծախսեն իրենց անձնական կարիքների վրա, քան իրոք ինչ-որ բան անեն այս ուղղությամբ։ Ընդունում ենք. կոպիտ ենք, տաքարյուն, շատ վատ գծեր ունենք, սակայն կնոջը հարգելու հարցում հայ տղամարդկանց դժվար թե ուրիշները հավասար լինեն։ Ու այս հարցում մենք ուրիշների կարիքը չենք զգում։ Ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ հարկավոր է դրամից բացի` այլ հարցեր էլ հաշվի առնել։ Նույն եվրոպական ու ամերիկյան կառույցներին որ ամեն ինչում լսենք, տարբեր տիպի սեռական ու կրոնական փոքրամասնությունները կնստեն մեր գլխին (եթե արդեն չեն նստել)։ Ցավալին այն է, որ հայերի մեջ գտնվում են մարդիկ, ովքեր այս ամենը չեն գիտակցում, կամ չեն ուզում գիտակցել։ Արժե՞ արդյոք մի քանի կոպեկի համար ընտանիքներ քայքայել ու վերջում էլ ընկեր Փանջունու նման հպարտությամբ ինքնագոհ հայտարարել` «…հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, Ծապլվարը կործանեցավ»… Ու նամակի վերջում էլ նույն գրական հերոսի նման ավելացնեն. «Փող ուղարկեցեք իմ նոր հասցեի վրա»՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ «գրանտակերը» լավ էլ հարմար հոմանիշ է…