Երբ երգչուհի Սոնա Շահգելդյանն անցյալ տարի հաղթեց «Նոր ալիք» երգի մրցույթում, բացի դիպլոմից, նա արժանացավ նաեւ 50.000 եվրո դրամական մրցանակի: Վերադառնալով հայրենիք` նա հայտարարեց, որ պատրաստվում է այդ գումարից որոշ մաս տրամադրել բարեգործությանը: Քանի որ մարդուն բնորոշ է ուրիշի փողերը հաշվելու անթաքույց ցանկությունը, ապա շատերին սկսեց հետաքրքրել` կատարե՞ց արդյոք Սոնան իր խոստումը: Եթե` այո, ապա հետաքրքիր է, թե որքա՞ն գումար նա հատկացրեց բարեգործությանը, քանի որ հենց այդ 50.000 եվրոյից Սոնան ինչ-որ մաս տրամադրել էր իր բնակարանի վերանորոգմանն ու ավտոմեքենա էր գնել իր համար: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Սոնա Շահգելդյանի հետ:
– Վերադառնալով Յուրմալայից` ասացիր, որ պատրաստվում ես գումարից որոշ հատված ծախսել բարեգործական նպատակներով: Ինչո՞ւ նման հայտարարություն ընդհանրապես արեցիր եւ կատարե՞լ ես արդյոք քո խոստումը:
– Ուրախ եմ, որ այդ հարցը հնչեց, որովհետեւ իրականում շատ են անտեղի խոսում այդ թեմայի շուրջ: Ես անկեղծ մարդ եմ եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Այդ գումարը ես վաստակել եմ իմ քրտնաջան աշխատանքով եւ իրավունք ունեմ ծախսելու այնպես, ինչպես հարկ եմ համարում: Գումարի որոշ մասը ծախսել եմ բնակարանս վերանորոգելով եւ ավտոմեքենա գնելով: Իսկ մյուս հատվածն, ինչպես եւ խոստացել էի` ծախսել եմ բարեգործական նպատակներով:
– Կարո՞ղ ես նշել, թե կոնկրետ ի՞նչ տեսակ բարեգործության մասին է խոսքը:
– Գումարով օգնել եմ հիվանդ երեխայի բուժման հարցում, ֆինանսապես աջակցել եմ տարբեր բարեգործական կազմակերպությունների… Ես միլիոնատեր չեմ, որքանով կարողացել եմ` օգնել եմ շատերին` տարաբնույթ խնդիրներում: Կարեւորը, որ բարեգործություն եմ արել, եւ բոլորն այդ մասին գիտեն:
– Իսկ որքանո՞վ է քեզ համար կարեւոր դրա հրապարակումը: Եվ արժե՞ արդյոք թմբկահարել այդ մասին:
– Ես միշտ պատրաստ եմ օգնել մարդկանց եւ կենդանիներին: Հայտարարել պետք է այնքանով, որ մարդիկ լսեն եւ մի պահ մտածեն, որ իրենք եւս կարող են օգնել դիմացինին: Զարմանալի եւ միաժամանակ ծիծաղելի է, բայց շատերի համար բարեգործությունը մոդայի պես բան է դարձել: Մարդիկ պետք է ի վերջո հասկանան, որ պետք է օգնեն միմյանց, անտարբեր չլինեն մեկը մյուսի դժվարությունների հանդեպ:
– «Նոր ալիքում» քո ելույթների ժամանակ բավականին հետաքրքիր ոճով էիր հանդես գալիս: Ո՞վ էր քո ոճաբանը, եւ պահպանո՞ւմ ես արդյոք այդ ոճն այսօր:
– «Նոր ալիքի» ժամանակ իմ բեմական կերպարի հեղինակն ամբողջությամբ ես եմ եղել: Ես վառ երեւակայություն ունեցող մարդ եմ, եւ, եթե կարող եմ ինքս ինչ-որ բան անել, ապա ինչո՞ւ դիմել ուրիշին: Մարդիկ միշտ նշում են, թե ես կորցրել եմ այն հետաքրքիր կերպարը, որով հանդես էի գալիս Յուրմալայում: Սակայն, եթե նրանք ներկա լինեն իմ ելույթներին, կհասկանան, որ ոչինչ էլ չեմ կորցրել` հանդես եմ գալիս նույն ոճով: Զարմանալի է ինձ համար այն մարդկանց մտածելակերպը, որոնք սպասում էին, թե առօրյայում կամ պարզապես քաղաքում քայլելիս` ես պարտադիր պետք է լինեմ նույն «աֆրիկյան» ոճով: Ես սովորական մարդ եմ եւ բեմից դուրս նախընտրում եմ հագնվել պարզ ու հասարակ` առանց ավելորդ փայլերի եւ գունավոր քարերի…
– Յուրմալայում քեզ հետ ոճաբան ընդհանրապես չի՞ աշխատել:
– Մոսկվաբնակ ոճաբան Նարինե Արեւշատյանն է ինձ օգնել «Նոր ալիքում»: Սակայն միայն օգնել է, քանի որ ամեն ինչ ես եմ մտածել: Այն հագուստը, որը Նարինեն նախատեսել էր ինձ համար, ես ելույթից մեկ ժամ առաջ փոփոխել եմ` իմ երեւակայության համաձայն: Ամբողջ կերպարս ես եմ մտածել:
– Այս տարի միանգամից 6 մասնակից մեկնեց Մոսկվա` «Նոր ալիքի» նախընտրական փուլին մասնակցելու համար: Սակայն նրանք վերադարձան ձեռնունայն եւ վիրավորված: Ինչպե՞ս ես մեկնաբանում այս տարի Մոսկվայում տեղի ունեցածը:
– Ես չգիտեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել նրանց միջեւ: Ի վերջո, պարզվեց, որ Էրիկն է ներկայացնելու Հայաստանը Յուրմալայում:
– Ասում են, որ «Նոր ալիքի» պրոդյուսեր Ալեքսանդր Ռեւզինը բավականին բարդ բնավորության տեր մարդ է: Եվ նա անգամ չի ցանկացել լսել մեր մասնակիցներին, ընդհատել է ելույթի կեսից եւ բացահայտ արհամարհանքով է վերաբերվել նրանց:
– Ալեքսանդր Ռեւզինը պարզապես չափազանց պահանջկոտ է եւ խիստ: Մինչ օրս սիրում եւ հարգում եմ Ռեւզինին: Նա սուպեր պրոֆեսիոնալ է իր գործում: Իմ եւ «Նոր ալիքի» բոլոր կազմակերպիչների միջեւ հոյակապ հարաբերություններ են եղել եւ դրա պատճառն իմ անմիջականությունն ու անկեղծությունն է: Նա նույնիսկ մի անգամ չի գոռացել ինձ վրա, սակայն, երբ մասնակիցներն իրենց լավ չէին դրսեւորում` ուշանում էին փորձերից կամ պարզապես կարծում էին, թե եկել են խաղ ու պարի մասնակցելու, այդ ժամանակ Ռեւզինը շատ կտրուկ էր արտահայտվում: Եթե անգամ ինձ նկատողություն անեին, եւ դա լիներ տեղին, ես պարզապես գլուխս կախ, լուռ ու մունջ կընդունեի: Ընդունում եմ տեղին արված յուրաքանչյուր դիտողություն, քննադատություն եւ նկատողություն: Ես անկեղծ մարդ եմ եւ ընդունում եմ անկեղծ կարծիքներն իմ հասցեին:
– Մեր զրույցի ընթացքում անընդհատ շեշտում ես «ես» բառը: Չե՞ս կարծում, որ շատ ես նշում քո ես-ի մասին: Դա քեզ չի՞ խանգարում մարդկանց հետ շփման հարցում:
– Ես ստից համեստություն անողներից չեմ, ես ինձ գնահատում եմ: Երբ տեսնում եմ, թե ինչպիսի մարդիկ են իրենց վերին արտի ցորենի տեղ դնում, ծիծաղս գալիս է: Ինչո՞ւ պետք է ես ինձ ցածրացնեմ, երբ գիտեմ, թե ինչ արժեք եմ իրականում ներկայացնում: Եթե ամեն մեկն իրեն դրական գնահատի, մեր ազգի վիճակը կբարելավվի:
– Եթե չեմ սխալվում, երգում ես նաեւ հարսանյաց արարողությունների ժամանակ:
– Իսկ ինչո՞ւ չերգեմ: Եթե մարդիկ ինձ սիրում եւ հրավիրում են, ինչո՞ւ մերժեմ հրավերը:
– Որքա՞ն արժե հարսանիքում քո ելույթը:
– Ես անգին եմ: Չեմ կարող թիվ նշել: Բեմում այնպիսի հաջողությունների եմ հասել, որ կարող եմ ինձ թույլ տալ բարձր գին նշել: Սակայն, երբեմն պատահում է, որ զանգում եւ ասում են. «Շատ ենք ուզում լսել քո երգերը մեր միջոցառման ժամանակ, սակայն X գումար ունենք միայն: Կհամաձայնե՞ս գալ»: Հավատացեք, համաձայնում եմ: Եթե մարդը ցանկացել է ինձ լսել իր ուրախության ժամանակ, ինչպե՞ս կարող եմ մերժել նրան: Այդ մարդն էլ առանձնապես շատ փող չունի: Չգնա՞մ: Ի դեպ, շուտով նոր երգի տեսահոլովակ կունենամ` «Հարսի շոր» անունով: Ի սկզբանե այդ երգը գրվել է նորապսակ մի զույգի համար, որոնք ցանկացել են այդ երգը լսել անպայման իմ կատարմամբ:
– Դու եւս անցա՞ր 6/8-ի:
– Որքան մարդ` այնքան ճաշակ: Պետք է ընդունել, որ մարդիկ սիրում են այդ ոճը: Ինչո՞ւ չերգել նաեւ նրանց համար: Գիտեք, յուրաքանչյուր երաժշտական ոճ կարելի է ներկայացնել եւ՛ բարձր, եւ՛ ցածր մակարդակով: Այս 6/8-ը շատ յուրովի է` թե՛ գործիքավորմամբ, թե՛ կատարմամբ: Ի վերջո, պետք է ընդունենք, որ շատերս մեր խնջույքների ժամանակ ընդհանուր առմամբ հենց այդ ոճի երգեր ենք լսում: Բացի այդ, մարդիկ գիտեն, որ ես բազմաոճ երգեր եմ կատարում: Արդեն եթերում է իմ նոր` «Վոկալիզ» անունը կրող տեսահոլովակը: Երգն ամբողջությամբ դասական ոճի մեջ է: Ես տարբեր եմ: