Թույլտվության չի սպասի

12/05/2011

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ-ին: Սակայն Հ. Մարգարյանը կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի: «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, եւ իրեն թույլ չեն տալիս: Այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի: Գուցե նպատակահարմարության խնդիր ինքն իր վրա դնում է, որ նպատակահարմա՞ր է այսօր իր վերադարձը, ո՞ւմ օգտակար կլինի, ո՞ւմ կվնասի եւ հաջողության հասնելու ինչքա՞ն հնարավորություն ունի: Գուցե այս հաշվարկումներն իր մոտ կան, բայց որ մեկից վախենա, կամ որ մեկից թույլտվություն սպասի, կարծում եմ` չկա»,- ասել է Հ. Մարգարյանը` ենթադրելով, որ Քոչարյանը միգուցե քաղաքականություն վերադառնա միայն 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Հարցին, թե Ռ. Քոչարյանը հնարավորություն կունենա՞ կրկին նախագահի պաշտոնին հավակնելու, Հ. Մարգարյանը պատասխանել է. «Ինձ թվում է, որ Հայաստանում շանսերը չեն, որ դերակատար են, առայժմ դա այդպես չէ»: Ի դեպ, Հ. Մարգարյանն ասել է նաեւ, թե ճանաչելով նախագահ Սերժ Սարգսյանին, բացառում է, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում իշխանությունները զոհ դարձնեն Ռոբերտ Քոչարյանին։ «Սակայն միգուցե թուլացնեն նրա դիրքերը»,- ասել է նա: