ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուի հետ: Հանդիպման սկզբում Տեր-Պետրոսյանը նշել է, որ թեեւ եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: Նա հիշատակել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել եւ ընդունվում ՀԱԿ-ի եւ հասարակության կողմից: Նա նաեւ հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարներից բիզնեսների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո եւ, փաստորեն, անտեսվեցին Եվրոպայի կողմից: Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` ՀԱԿ-ի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շյոնը: