Ղարաբաղում դեմ են

05/11/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը «Երիտասարդ դեմոկրատներ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ վերջերս քննարկվեց ԼՂՀ-ում գործող ՀԿ մոտ 20 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցները որոշեցին բաց նամակ ուղղել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային տարբեր կառույցներին, շահագրգիռ մարմիններին:

Քննարկման մասնակիցները նշել են, որ զեկույցում կան դրույթներ, որոնք ժողովրդի համար անընդունելի են: Փախստականների կազմակերպության ներկայացուցիչներն, արտահայտելով իրենց դժգոհությունը, նկատել են, որ զեկույցը միակողմանի է, քանի որ նշված է միայն ադրբեջանցի փախստականների մասին եւ անուշադրության են մատնված ղարաբաղցի փախստականների իրավունքներն ու շահերը: ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ 10 տարի հետո հանրաքվեի անցկացմանը: Միտք հնչեց, որ 10 տարի անց, ժողովրդագրական որոշ փոփոխությունների դեպքում, Ղարաբաղում հանրաքվեի կարիք չի լինի:

Հասարակական գործիչներից մեկն ափսոսանքով նշեց, որ Ղարաբաղի ժողովրդի կարիքների մասին զեկույցի հեղինակների թույլ պատկերացումները հայկական դիվանագիտության ոչ բավարար աշխատանքի եւ հասարակության պասիվության արդյունք են: Մասնակիցներից մեկը փաստեց. «Հեղինակները հանդիպել են Ղարաբաղի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Եվ եթե զեկույցն այդպես է ստացվել, նշանակում է, մենք չենք կարողացել լավ բացատրել: Նրանց հարցադրումներում արդեն զգացվում էր որոշակի դրվածք»: Քննարկման մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել առ այն, որ Ղարաբաղը փորձում են ներկայացնել որպես հայկական համայնք: Նման մոտեցման դեպքում պարզապես պետք է հրաժարվել համատեղ ծրագրեր իրականացնելուց եւ հավասար պայմաններ թելադրել:

Հասարակության շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ մարդիկ զեկույցում տեղ գտած դրույթների վերաբերյալ տարակարծիք են: Մասնավորապես դեմ են ադրբեջանցի փախստականների վերադարձի տարբերակին: Մեր զրույցի ընթացքում բնակիչներից մեկն այս տարբերակը աբսուրդ համարեց՝ նշելով, որ իրար դեմ պատերազմած ժողովուրդները չեն կարող ապրել միասին:

Ս. Մանուչարյանը, որը 1989-ին բռնագաղթել է Բաքվից, վստահ է, որ ադրբեջանցին ու հայն այսուհետ չեն կարող իրար հետ ապրել, քանի որ երկուսն էլ Արցախյան պատերազմում կորցրել են իրենց որդիներին, եղբայրներին ու հարազատներին: «Իսկ ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք անգամ չպիտի լինի, քանի որ այստեղ թափվել է մեր որդիների արյունը»,- նշել է բնակիչներից մեկը: