Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի

12/05/2011

Իշխանությունների կողմից Հայ ազգային կոնգրեսին ուղղված հաճոյախոսությունների շքերթը շարունակվում է, ընդ որում, սահմանադրական սուբորդինացիայի կանոններին համապատասխան: Սկզբում նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել «ուժեղ իշխանության եւ ընդդիմության», իրար հետ համագործակցելու մասին, մայիսի 9-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր բարձր գնահատել ընդդիմության հետ երկխոսությունը, երեկ էլ հերթը վարչապետ Տիգրան Սարգսյանինն էր: «Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Հատկապես նրա այս գորովալից խոսքերն ուշագրավ են նրանով, որ մինչ հայտնի երեք պահանջների ներկայացումը ՀԱԿ-ը 15 պահանջների թվում Սերժ Սարգսյանից պահանջում էր պաշտոնանկ անել մի շարք պաշտոնյաների` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ի պատասխան հարցին` պատրա՞ստ է հեռանալ ՀԱԿ-ի ու իշխանության երկխոսության արդյունքում, Տիգրան Սարգսյանն ասել է. «Բայց դուք աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որը չպահանջի իշխանությունների հրաժարականը ու չձգտի դրան: Դրան նորմալ եմ վերաբերվում»: