Ավստրալական «Sydney Peace Foundation» կազմակերպությունը «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ոսկե մեդալ է շնորհել «մարդու իրավունքների պաշտպանության համար բացառիկ խիզախության» համար: Ըստ «Ֆրանսպրեսի»` այդ մեդալը համարվում է իրավապաշտպան կազմակերպության ամենաբարձր մրցանակը: Իր այդ ընտրությունը կազմակերպությունը բացատրել է նրանով, որ Ասանժին հաջողվել է մարտահրավեր նետել «կառավարությունների դարերով գաղտնի մնացած աշխատանքներին» եւ աշխարհի պետությունների իշխանություններին մղել ավելի մաքուր գործողությունների: Ըստ ավստրալացի փորձագետների` Ասանժը դրանով պաշտպանել է քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ի դեպ, «Sidney Peace Foundation»-ի ոսկե մեդալը պատմության մեջ շնորհվել է 3 անգամ` Դալայ-լամային, Նելսոն Մանդելային եւ Ճապոնիայի բուդդիստների առաջնորդ Դայսակ Իկեդին: