Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը երեկ ասուլիս էին կազմակերպել 2007թ. մայիսի 12-ին Ոստիկանության բաժանմունքում մահացած Լեւոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արման Դանիելյանը նշել է, որ գործն արդեն երեք անգամ կարճվել է, եւ դա նպատակ ունի հուսահատեցնելու Գուլյանի հարազատներին եւ մի շարք հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք այլեւս չշարունակեն պայքարել: «Պետք է վստահեցնեմ իշխանություններին, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչեւ մեղավորները չպատժվեն»,- ասել է նա` հավելելով, որ եթե Լեւոն Գուլյանի գործը ժամանակին բացահայտվեր, ապա Ոստիկանության բաժանմունքում ծեծելով չէր սպանվի նաեւ Վահան Խալաֆյանը: Արման Դանիելյանը երեկ նաեւ ներկայացրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի հեռուստաուղերձը, որում մասնավորապես նշվում են գործի մանրամասները, եւ շեշտվում, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Գուլյանին խոշտանգումների ենթարկած անձինք: «Անշուշտ, այս դեպքը Հայաստանում եզակի չէ, այդ իսկ պատճառով Լեւոն Գուլյանի գործի քննությունը եւ դաժան վերաբերմունքի բացահայտումն ունի սկզբունքային նշանակություն: Դա հատկապես կարեւոր է այն պատճառով, որ Հայաստանը ստորագրել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիան եւ ՄԱԿ-ի Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիան»,- նշվում է Բելասենի հեռուստաուղերձում: Նա նաեւ կոչ է անում Գուլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ իրականացնել նոր, անկախ եւ անկողմնակալ քննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: