ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանի երիտասարդ ընտանիքներին միանվագ նպաստի վճարում: Այդ մասին երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ տվյալ օրինագծի ընդունումը խթանելու է ամուսնությունների, նաեւ` հայկական ընտանիքներում ծնելիության աճին: «Դա նաեւ կնպաստի արտագաղթի մակարդակի նվազեցմանը: Նման պրակտիկա կիրառվում է արտերկրում, կարծում եմ` այն օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար»,- ասել է նա:
Մեզ հաջողվեց ԱԺ կայքից «պեղել» այդ օրինագիծը, որը դեռ օրակարգում չի ընդգրկվել։ Օրենքը նախ սահմանում է, թե ինչ ասել է` «նորաստեղծ ընտանիք». «Նորաստեղծ ընտանիք – նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը ստեղծված ընտանիքը»։
Իսկ նպաստի չափը եւ կարգը, ըստ օրենքի, սահմանելու է կառավարությունը, սակայն նվազագույն չափը չի կարող պակաս լինել 300.000 դրամից։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է նաեւ ամուսնությունների թվի ցածր ցուցանիշով, ինչպես նաեւ` ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության ապահովման խնդիրներից, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները եւ աջակցել նորաստեղծ ընտանիքներին»,- նշված է հիմնավորման մեջ։ Փորձենք հաշվել, թե դա որքանո՞վ կծանրանա բյուջեի վրա։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 17.984 ամուսնություն։ Եթե դա ընդունենք որպես միջինացված ցուցանիշ, ապա պետբյուջեն օրենքի ընդունման դեպքում լրացուցիչ բեռի տակ է ընկնելու 5.4 միլիարդ դրամի չափով։ Սակայն այս թիվը շատ հանգիստ կարելի է բազմապատկել 2-ով կամ 3-ով, քանի որ ամուսնանալու միտք չունեցող հազարավոր երիտասարդներ, որոնք այսօ՛ր փողի կարիք ունեն, կարող են ֆիկտիվ ամուսնանալ եւ ստանալ այդ գումարը, հետո ամուսնալուծվել։ Այսինքն, օրենքի գործարկման առաջին տարում բյուջեն չի կարողանալու դուրս գալ այդ բեռի տակից։ Եթե սրան էլ գումարենք այն, որ 300 հազար դրամը չնչին գումար է ամուսնությունների աճը խթանելու համար, եւ ամուսնանալ ցանկացող ոչ մի զույգի համար դա ոչ մի խնդիր չի լուծի, ակնհայտ է, որ այսօ՛ր, ա՛յս պայմաններում նման օրինագիծը լրիվ անտեղի է, եւ ամենայն հավանականությամբ` չի հաստատվի խորհրդարանում։
Այդ դեպքում ինչո՞ւ է այն ներկայացվել։ Հարցի պատասխանը պարզ է դառնում, եթե մեկ անգամ եւս կարդում ենք նախագծի հեղինակների մասին տեղեկատվությունը՝ «Օրինաց երկիր» կուսակցություն։ Ինչպես նաեւ՝ հիշում, որ առջեւում ընտրություններ են։ Իսկ ՕԵԿ-ը, ինչպես հայտնի է, սիրում է նման եղանակներով շահել ընտրողների սրտերը։ Խանգարում է միայն այն, որ ավանդները այդպես էլ չեն վերադարձվել։