Հետեւելով վերջին ամիսների պաշտոնական լրահոսին՝ իրադարձություններից անտեղյակ մարդը կարող է կարծել, թե Հայաստանը վաղուց վեր է ածվել լիարժեք ժողովրդավարական պետության, որտեղ իշխանության թեւերը հստակ տարանջատված են։ Այնքան տարանջատված եւ այնքան օբյեկտիվ, որ երբեմն-երբեմն միմյանց հակադրվում են՝ հանուն պետական շահերի։
Ինչ խոսք, եթե այդպես լիներ, մենք կապրեինք շատ ավելի լավ երկրում։ Օրինակ, եթե դատական իշխանությունը որեւէ կերպ կապակցված չլիներ գործադիր իշխանությունը ներկայացնող Ոստիկանության հետ, ապա օրինականությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա կլիներ։ Կամ, եթե գործադիր եւ օրենսդիր իշխանությունները միանգամայն օբյեկտիվ ու անկախ գործեին, եւ Ազգային ժողովը մի քանի ձեւական քննադատություններից հետո չընդուներ կառավարության ցանկացած նախաձեռնություն, ապա երկրում վիճակն այլ կլիներ։ Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում նման բան չկա։
Սակայն իշխանությունը երբեմն-երբեմն փորձում է համոզել, որ դա այդպես չէ, որ կա իշխանության թեւերի տարանջատում, եւ որ հանուն պետական շահի՝ իշխանության մի թեւը կարող է մյուսին դեմ գնալ։ Փորձելուն զուգահեռ, վերջին շրջանում իշխանությունը նաեւ փորձում է դա ապացուցել կոնկրետ քայլերով։ Իսկ ամենաթարմ քայլը իրականացվեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) միջոցով։
Ընթերցողին, թերեւս, հայտնի է, որ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնեն համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո։ Փոփոխությունները հնարավորություն են տալիս տարբերակված տուգանքներ կիրառել անբարեխիղճ մրցակցության դեպքերում։ «Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարեխիղճ մրցակցությունը»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ավելացնելով, որ գերիշխող դիրքը չարաշահած տնտեսվարող սուբյեկտների ողջ գերշահույթը գանձելու են պետբյուջե։
Սա արդեն ինչ-որ տեղ ներիշխանական պայքարի դրսեւորում է (կամ իմիտացիա)։ Գաղտնիք չէ, որ տարբեր շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնողները պատահական մարդիկ չեն, եւ հիմնականում իշխանության վերնախավի ներկայացուցիչներն են։ Երբ նրանց տուգանում են 500 հազար կամ մեկ միլիոն դրամով, դա արվում է երկուստեք լուռ համաձայնությամբ՝ ժողովրդին ցույց տալու համար, որ պետությունը մտահոգված է սպառողների շահերով։ Սակայն, եթե հանձնաժողովն իրո՛ք փորձի կպչել օլիգարխների գերշահույթներին, կառաջանա լուրջ ներիշխանական բախում։ Թե որքանո՞վ է դա մեր երկրում իրատեսական, թողնում ենք ընթերցողի դատին։
Սակայն, եթե վերը նշվածը, այսպես ասած, անուղղակի ներիշխանական հակասություն է, ապա հաջորդ օրինակն արդեն ավելի կոնկրետ է։ Հանձնաժողովի նախագահը դժգոհություն է արտահայտել պատգամավորների այն նախաձեռնության կապակցությամբ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ կատարելու իրավունքից։ Ըստ Ա. Շաբոյանի` վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական հանգամանք է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար։ Այսինքն, սա ցույց է տալիս, որ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության մեջ կարող են լինել նաեւ տարաձայնություններ։ Ընդ որում, այս հակասությունը ձեռնտու է երկու կողմերին. ՏՄՊՊՀ-ն ցույց է տալիս, որ ցանկանում է հանուն հայրենական սպառողի ավելի կոշտ միջոցների գնալ, իսկ ԱԺ-ն փորձում է ապացուցել, որ ինքն անկախ կառույց է, այլ ոչ թե կառավարության օրենսդրական նախաձեռնությունների «դակիչ»։
Ավելին՝ միտում է ստեղծվում, որ իշխանության տարանջատում կա ոչ միայն տարբեր թեւերի, այլ հենց գործադիր իշխանության ներսում։ Այսպես, Գերմանիայից եւ Լիտվայից հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսք է գնացել այն մասին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է կառավարության կողմից տնտեսվարող սուբյեկտներին տրվող հարկային արտոնությունները ստուգելու իրավասություն ունենա։ Տրամաբանությունն այն է, որ արտոնությունների տրամադրումը կարող է անհավասար պայմաններ ստեղծել նույն շուկայի այլ տնտեսվարողների համար։ Իսկ հանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա պաշտոնական հետաքննություն անցկացնել, պարզել, թե որքանով է օրինական տրամադրված արտոնությունը, որպեսզի այդպիսով բացառի խտրական վերաբերմունքն ու անհավասար պայմանները։ Թվում է՝ շատ էլ լավ բան է առաջարկվում (առավել եւս, որ օրենսդրությունը շատ թեթեւ լրացումների կարիք ունի ՏՄՊՊՀ-ին այդ հնարավորությունը ընձեռելու համար)։ Սակայն այլ հարց է՝ դա կաշխատի՞ արդյոք։ Հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ որոշումները կայացվում են ամենաբարձր մակարդակով։ Իսկ եթե այդպես է՝ կհամարձակվի՞ արդյոք հանձնաժողովը դուրս գալ, ասենք, երկրի նախագահի կամ վարչապետի դեմ, եթե անգամ համոզված լինի, որ կոնկրետ ընկերության տրված հարկային արտոնությունը խաթարում է տվյալ ոլորտի մրցակցային միջավայրը։ Այդ հարցին պատասխանել չենք կարող, բայց կարող ենք ասել, որ անգամ շշուկները՝ նման հետաքննություն անցկացնելու մասին, հասարակության մոտ տպավորություն կստեղծեն, որ գործադիր իշխանության մեջ մի կառույցն ընդդիմանում է մյուսին (անգամ իր վերադասին), որպեսզի բնակչության շահերը չոտնահարվեն։
Մի խոսքով, դժվար է ասել, թե այս զարգացումները որքանով կբարելավեն մրցակցային միջավայրը, սակայն իշխանությունների վարկանիշը հասարակության առավել դյուրահավատ շերտի մոտ կարող է որոշ չափով բարձրանալ։ Ի դեպ, հասարակության մասին խոսելիս` չմոռանանք մի անչափ ուշագրավ դետալի մասին։ Ինչպես արդեն նշվել է, ՏՄՊՊՀ-ին կից ստեղծվել է հասարակական խորհուրդ։ Այսինքն` հասարակությունը՝ ի դեմս այդ խորհրդի, պետք է օգնի հանձնաժողովին վեր հանել տնտեսական մրցակցության դաշտում եղած խնդիրները։ Մայիսի 10-ին տեղի է ունեցել այդ խորհրդի առաջին նիստը։ Այդ նիստում ելույթ է ունեցել Արշակ Սադոյանը։ Եթե չգուշակեցիք, թե ինչի մասին է նա խոսել, խորհուրդ ենք տալիս կարդալ ՏՄՊՊՀ պաշտոնական հաղորդագրության այս հատվածը։ «ՀՀ հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը իր խոսքում դժգոհություն հայտնեց Հայաստանում գործող բջջային օպերատորների գործունեությունից: Նա նշեց, որ աշխարհի ցանկացած երկրում բաժանորդը կարող է փոխել իր բջջային օպերատորին` պահպանելով հեռախոսահամարը: Ըստ պարոն Սադոյանի, օպերատորները բաժանորդին պահում են կախվածության մեջ եւ թույլ չեն տալիս, որ քաղաքացին ընտրի լավագույն ծառայություններ առաջարկողին, քանի որ ոչ բոլորին է հարմար անընդհատ փոխել հեռախոսահամարները»։ Ախր այս երկրում եթե վերջին շրջանում ինչ-որ դաշտում որոշ չափով մրցակցություն կա, ապա դա անկասկած բջջային կապի ոլորտն է։ Ընդ որում, այդ մրցակցության արդյունքները բոլորս ենք զգացել՝ հեռախոսազանգերի սակագների շեշտակի իջեցման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման տեսքով։ Մյուս կողմից, Արշակ Սադոյանին էլ կարելի է հասկանալ. էլ ի՞նչը կամ էլ ո՞ւմ այլեւս նա պիտի քննադատի։ «ԱրմենՏելը լափելու» մասին խոսելու ժամանակներից սկսած՝ Ա. Սադոյանին կարելի է համարել բջջային կապի ընդդիմախոսության մոնոպոլիստը։ Գերիշխող դիրքը չարաշահում է, թե ոչ՝ չենք կարող ասել, սակայն «գերշահույթ» (քվեների տեսքով) այլեւս հաստատ չի ստանում։