Նրանք մշտապես բա՞ց են եղել

12/05/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը:

– Կարծում եմ, որ ընդդիմության հետ երկխոսությունը եղել է մշտապես եւ եղել է հրապարակային, դրան վերաբերվում եմ շատ դրական: Ավելին` 3 տարի անընդմեջ մենք հայտարարել ենք դրա մասին, որ այդ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է: Մենք ընդդիմությանը հրավիրել ենք համագործակցության, մենք ձեւավորում էինք կառույցներ, որտեղ ընդդիմության մասնակցությունը, մեր կարծիքով, խիստ անհրաժեշտ է: Մասնավորապես` հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիտորինգի խմբում, որ ընդդիմությունը եւս հնարավորություն ունենա մոնիտորինգի ենթարկել այն միջոցառումները, որոնք պետությունը ծրագրավորում, հաստատում եւ իրականացնում է: Այդ տեսակետից մենք մշտապես եղել ենք բաց, եւ մեր երկխոսությունը եղել է հրապարակային:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում երեկ հայտարարել էր, որ իր նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Արդյո՞ք հարցադրումը նաեւ գործող կառավարությանն ու վարչախմբին էլ չի վերաբերում: Չէ՞ որ նրանց ղեկավարման շրջանում սոցիալ-տնտեսական անկում եղավ:

– Ես կարծում եմ, որ դուք երկրորդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում: Դրա համար ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից:

– Ձեր կարծիքով` մինչեւ մայիսի 28-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն:

– Չեմ կարող ասել:

– Սահմանին ներկրվող գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ: Ձեր կարծիքով` ե՞րբ կավարտվեն այդ բանակցությունները, եւ որքա՞ն կբարձրանա գազի գինը:

– Մեր երկրի նախագահը քաղաքական հայտարարություն է արել, եւ մտահոգվելու կարիք չկա այդ կապակցությամբ` գազի գինն այս տարի չի թանկանալու, ավելին, անապահով խավի համար մենք 32 դրամով նվազեցրել ենք գազի գինը, եւ այս քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ: Բանակցությունները կավարտվեն, պարզ կլինի: Այս պահին չեմ կարող ասել, թե երբ կավարտվեն:

– Խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին Ձեր արած հայտարարությանը նա պատասխանել էր «Ֆեյսբուք» կայքում բացած իր էջի միջոցով: Դուք եւ Հ.Աբրահամյանը ձեր շփումները շարունակելու եք վիտուա՞լ աշխարհում:

– Առաջին հերթին ուզում եմ նշել, որ ձեր հարցը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն տարածում են ստանում Հայաստանում: Եվ բոլոր պաշտոնատար անձինք այսօր բացում են իրենց կայք-էջերը, ինչը հնարավորություն է տալիս անմիջական շփումներ ունենալ քաղաքացիների հետ, պատասխանել նրանց մտահոգող հարցերին, եւ սա ժամանակակից աշխարհի կարեւորագույն գործոններից մեկն է: Դրա մասին են վկայում նաեւ թվերը: 2010թ. ինտերնետ օգտագործողների քանակը Հայաստանում կրկնապատկվել է, 175 հազար ինտերնետ օգտագործողներ ունենք: Իսկ այս տարի կանխատեսում ենք, որ 300 հազարը կանցնի: Այդ առումով կարծում եմ, որ ոչ մի տարօրինակ բան չկա, որ նաեւ ԱԺ նախագահն ունի Ձեզ հետ շփվելու այդպիսի գործիք:

– Նախորդ քառօրյայում քվորում չապահովելու պատճառով «Հանրային ծառայության մասին» օրինագիծը չքվեարկվեց: Ըստ այդ օրենքի` մոտ 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է հայտարարագրեին իրենց գույքն ու եկամուտները: Կարծիք եղավ, թե ԱԺ-ն դիտմամբ տապալեց այդ օրինագծի քվորումը:

– Հետեւում ենք այդ օրենսդրական նախագծի զարգացումներին: Հետեւում ենք, թե ինչպիսի քննարկումներ են անցկացվում հանձնաժողովներում, ինչպիսի կարծիքներ են հայտնվում: Եվ այսօր ԱԺ նիստի ժամանակ տարբեր քաղաքական գործիչներ իրենց հստակ դիրքորոշումն են հայտնում այդ օրինագծի վերաբերյալ: Կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են այս օրենքի ընդունմանը` բերելով իրենց փաստարկները: Այսինքն` մենք տեսնում ենք, որ կա նաեւ քաղաքական դիրքորոշում այս նախագծի հետ կապված: Դուք այսօր հնարավորություն ունեիք հետեւելու քննարկումներին եւ տեսաք, թե որ քաղաքական ուժերն են դեմ արտահայտվում այս նախագծին: Ես տեղյակ եմ, թե ինչ քննարկումներ են անցել նաեւ Պետաիրավական հանձնաժողովում: Բնականաբար, ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին:

– Եղանակային տվյալներն այս տարի կարո՞ղ են այնպես լինել, որ գնաճի տեմպերը չնվազեն: Եվ նորից եղանակը պատճառ դառնա, որ երկու անգամ թանկ խնձոր, կարտոֆիլ եւ այլ գյուղմթերք ունենանք:

– Ձեր հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետեւ, եթե մարդիկ կարողանան գնահատել բնական աղետները, ասենք, Ճապոնիայում այդ դեպքերն այդկերպ տեղի չէին ունենա: Եթե եղանակային պայմանները վատ լինեն, բնականաբար, գյուղատնտեսությունում կլինեն խնդիրներ: Նման կանխատեսումներ անելն անհնարին է: Ժամանակակից մեթոդները հնարավորություն չեն տալիս կանխատեսել այդ աղետները: Գաղտնիք չէ, որ աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիաներ ունեցող երկրներից մեկը Ճապոնիան է: Եվ նույնիսկ այդ երկիրը չկարողացավ այդպիսի կանխատեսումներ անել, որի արդյունքներն ամբողջ աշխարհը տեսավ: Դա նշանակում է, որ այդպիսի կանխատեսումներ ոչ ոք չի կարող անել:

– Ձմեռային եւ գարնանային այս ամիսներին գյուղատնտեսությունն այնքան էլ ակտիվ չէ, եւ,մեծ հաշվով, չի կարող ազդել ընդհանուր գնաճի վրա: Բայց մեր երկրում գնաճը նորից բարձր է: Արդյո՞ք մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի նվազեցնել գնաճն այնքան, որ այն պահպանվի բյուջեով նախատեսված չափով:

– Այս հարցով դիմեք ԿԲ նախագահին: