«Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր»

12/05/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Քաղաքական այս երեք գործիչներն անկախ Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում թե՛ միաժամանակ, թե՛ մեկը մյուսին հաջորդելով` զբաղեցրել են երկրի կարեւորագույն պաշտոնները: Ընդհուպ՝ երեքն էլ, ի վերջո, հայտնվել են Բաղրամյան 26 հասցեում: Թվում է՝ նրանք երեքն էլ միմյանցից խիստ տարբեր, անգամ մշակութաբանական տարբեր տեսակի մարդիկ են: Սակայն ունեն այնքան ընդհանուր մեկ հատկանիշ. անցել է 20 տարի, որքան ջրեր են հոսել, սակայն նրանք երեքն էլ նույն ավյունով պայքարում են միմյանց դեմ` Հայաստանի քաղաքական կյանքում հեգեմոն դեր ստանձնելու համար: Երեքն էլ ցանկանում են նախագահ լինել եւ այդպես մնալ երկար:

Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ նրանք երեքն էլ ունեցել են մեղքի իրենց բաժինը: Որքան էլ հաճելի է քավության նոխազ ունենալ մեկին (Ռոբերտ Քոչարյանին), սակայն տասը զոհ եղավ նրանց երեքի պատճառով: Թող որ յուրաքանչյուրի պատասխանատվության տարածքն այլ է, սակայն ակնհայտ է` Տեր-Պետրոսյանը ստանձնել էր նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների գործողությունները կոորդինացնելու պատասխանատվությունը, իրավապահների գործողությունների համար պատասխանատվությունը, ուղղակի թե անուղղակի, կրում էր երկրի նախագահը: Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, կարելի է ոստիկաններին մեղադրել ոչ ադեկվատ գործողությունների, ցուցարարների հանդեպ առանձնակի դաժանության մեջ, սակայն այդ սուբյեկտները կատարել են իրենց ղեկավարների հրամանները. չեն խնայել իրենց` մահակներով դաժանաբար ծեծել են, ցրել ու ձերբակալել Ազատության հրապարակում բողոքող ցուցարարներին: Ավելի ուշ զենք կիրառելով ցուցարարների դեմ եւ սպանելով նրանցից իննին (տասներորդ զոհը ոստիկան էր), իրավապահները դարձյալ հրաման են կատարել: Ո՞ւմ հրամանը: «Մեդիամաքսին» տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պարզ ասում է, որ մարտական զենքով ցուցարարների վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Սակայն իրավապահների ինքնագործունեությանը վերագրել տասը հոգու սպանությունը` լուրջ չէ: Սա այն դեպքն է, երբ պատահականությունն իրո՛ք բացառվում է:

Սակայն երկրի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, ովքեր անմիջականորեն կապ ունեն կատարվածի հետ, չեն փորձում պատասխանատվության գոնե իրենց բաժինը ստանձնել: Այն դեպքում, երբ ցանկացած գիտակից, մտածող մարդ իրեն պատասխանատու է զգում անգամ աշխարհի ամենահեռավոր անկյունում կատարվող իրադարձության համար: Իսկ ի՞նչ ունենք մենք:

Մասնավորապես՝ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս իշխանություններին մեղադրել է իրավապահներին ոչ համաչափ գործողությունների դրդելու, ավազակապետությունը բիրտ ուժով պահելու մեջ, տասը անմեղ զոհերի արյունը նա դրել է առհասարակ՝ իշխանությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի խղճին: Եվ ոչ մի խոսք, թե գուցե ինքն էլ ինչ-որ բան այն չի արել: Նախագահ Սարգսյանից պահանջելով հավաստիացնել, թե Մարտի 1-ի գործը կվերանայի, Տեր-Պետրոսյանը, փաստորեն, հանդես է գալիս պահանջողի, տուժողի դիրքերից:

Սերժ Սարգսյանը վեհանձնորեն հավաստիացնում է, թե համաձայն է վերանայել Մարտի 1-ի գործը` ցույց տալով, թե ինքը եւս արյունոտ այդ իրադարձությունների պատասխանատվությունն ուղղակիորեն չի կրում, հետեւաբար պատրաստ է ամեն ինչ անել` այն բացահայտելու ուղղությամբ: Այսինքն՝ Մարտի 1-ի գործի բացահայտումից ով` ով, բայց ինքը ոչինչ չունի վախենալու: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ակնարկին, որ Մարտի 1-ի օպերացիային անմիջականորեն մասնակցել է նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, գործող նախագահը լռության է մատնում: Նախ՝ այս դեպքում ինքն ավելացնելու ոչինչ չունի, հիմնական մեղադրանքն, այսպես թե այնպես, ուղղված է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն չմոռանանք, որ նրա նախագահության օրոք ականատես եղանք ապօրինի դատավարությունների, կեղծ վկաներով, կեղծ ցուցմունքներով դատական վճիռների:

Ձեռքերը ծալած չէ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մեդիամաքսին» տված իր հարցազրույցում նա եւս հանդես է գալիս որպես շահագրգիռ մեկը, ով ամենից շատ է երազում րոպե առաջ բացահայտված տեսնել գործը: Ակնհայտ է, որ նա իրավունք ունի մարդկայնորեն ծանր տանել պատասխանատվության ողջ լուծը այն դեպքում, երբ «Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի: Այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետեւ, հաստատվելով խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նա, ինչպես գիտենք, ամենակրիտիկական պահին եղել է իր առանձնատանը, քանի որ իր անվտանգությունն, ինչպես ինքն է պնդում, երաշխավորված չի եղել: Սա Տեր-Պետրոսյանի ամենախոցելի տեղն է, ինչի մասին յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանը: Նա նախ պնդում էր, թե ինքը որեւէ խոչընդոտ Տեր-Պետրոսյանի տեղաշարժի հետ կապված չի ստեղծել, իսկ վերջին հարցազրույցում` ուղղակիորեն ասում. «Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»:

Ընդդիմադիր ուժի արձագանքն, անկեղծ լինենք, այնքան էլ ադեկվատ չէր. սարկազմի ժանրն այս դեպքի համար չէ: Եվ այս փոխադարձ մեղադրանքներն էլ արդեն կորցրել են իրենց թարմությունը:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանի անկախության պատմության մեջ առանցքային երեք դեմքերը՝ ՀՀ երեք նախագահները, ունիսոն պահանջում են բացահայտել Մարտի 1-ը: Երեքն էլ վստահ են, որ մյուս երկուսին այդ իրադարձություններն անհամեմատ ձեռնտու էին, քան իրեն: Երեքն էլ վստահ են, որ եթե ինչ-որ մեկը պատասխանատվություն պետք է կրի, ապա այդ մեկն ինքը չէ: Եվ այսքանից հետո էլ նրանք փորձում են այլընտրանք չթողնել՝ հասարակությանն անընդմեջ առաջարկելով իրենց անձը՝ որպես նախագահի ամենահարմար թեկնածու:

Սակայն, ցավոք, մենք առայժմ բարեբախտություն չենք ունեցել երկրում կատարվող կոռուպցիայի ու ապօրինությունների, մարդասպանության համար իրենց պատասխանատու համարող մարդկանց տեսնել երկրի նախագահի պաշտոնում: Նրանց, ովքեր մինչ այժմ գրավել են այդ պաշտոնը, միավորում է մեկ եւ շատ սկզբունքային թերություն՝ չափազա՛նց անմեղ են…