Կստեղծվեն էթիկայի հանձնաժողովներ

12/05/2011

ՀՀ կառավարությունը կրկին Ազգային ժողով է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրինագիծը, որն անցած քառօրյայում տապալվեց քվորում չլինելու պատճառով: Այս օրինագծի հիմնական էությունն այն է, որ ընդունվելուց հետո` ավելի քան 600 բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավորված են լինելու հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները: Իսկ Էթիկայի հանձնաժողովն էլ պետք է քննության ենթարկի այդ եկամուտների չափը եւ դրանք համադրի տարեվերջին ստացած տվյալների հետ: Եվ եթե շահերի բախում հայտնաբերի, ապա պետք է վարույթ հարուցի տվյալ պաշտոնյայի նկատմամբ: Այս սկզբունքը, սակայն, չի տարածվելու նախագահի նկատմամբ, իսկ վարչապետի դեպքում` դեռ որոշված չէ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, այս փոփոխությունները հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն եւ թույլ կտան զգալիորեն նվազեցնել կաշառակերության մակարդակը: «Բացահայտ անճշտության դեպքում պաշտոնյան ստիպված կլինի հրապարակավ բացատրել կասկածելի շահույթի աղբյուրը եւ կրել համապատասխան պատասխանատվություն»,- ասել է արդարադատության նախարար Հ.Թովմասյանը:

Նա նաեւ նշել է, որ փոփոխությունների շնորհիվ պաշտոնատար անձինք, ովքեր կունենան ուղղակի շահեր (բիզնես) իրենց ոլորտում, չեն կարողանա որոշում կայացնել առանց առավել բարձր պաշտոնյայի թույլտվության: Ըստ այդ օրինագծի` պետք է հայտարարագրվեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջնային եւ երկրորդային արյունակցական կապ ունեցող անձինք: Հայտարարագրման եւ Էթիկայի հանձնաժողովների քննարկման առարկա է դառնալու նաեւ պաշտոնյաների ստացած նվերները: Եթե հանրային ծառայողը նույն անձից 1 տարվա ընթացքում ստացել է 50 հազար դրամը գերազանցող նվեր, կամ նրա ստացած նվերների տարեկան արժեքը գերազանցել է 250 հազար դրամը, ապա այդ մասին նույնպես պետք է հայտնի Էթիկայի հանձնաժողովին: Իսկ Էթիկայի հանձնաժողովը, օրինագծի համաձայն, կազմված է լինելու 5 անդամներից, որոնց նշանակում է ՀՀ նախագահը` ԱԺ նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով, 6 տարի ժամկետով: