Անցած կիրակի եւ երկուշաբթի ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրը: Արեւմուտքում այն անվանում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Ռուսաստանում` Հայրենական Մեծ պատերազմի ավարտի օր: Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատելու, թե որն է ավելի ճիշտ: Ամեն մեկը յուրովի ճիշտ է:
Մայիսի 9-ը մնացել է այն փոքրաթիվ գործոններից մեկը, որ դեռ միավորում է հետխորհրդային տարածքը: Կարելի է ԱՊՀ երկրների գագաթաժողովներ գումարել, կամ այլ ձեւաչափի հանդիպումներ կազմակերպել` Մաքսային Միության կամ Եվրասիական Տնտեսական Միության տեսքով, սակայն, եթե անկեղծ լինենք, ամեն անգամ այդպիսի գագաթաժողովներից հետո համոզվում ես, որ եթե նույնիսկ ինչ-որ լուրջ բան է քննարկվել, ապա այդ քննարկումներն ավելի շատ բացահայտել են ֆորումի մասնակիցների միջեւ հակասությունները, քան թե հանգեցրել ինչ-ինչ կառուցողական, գործնականում` իրագործելի որոշումների:
Եվ սա օրինաչափ է, քանի որ, եթե ուսումնասիրենք նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերությունները երկկողմ ձեւաչափով, ապա շատ քիչ թվով երկու հանրապետությունների միջեւ չեն լինի խորքային փոխադարձ պահանջներ ու դժգոհություններ: Ահա եւ հարց է ծագում. ի՞նչ իրավասություններ կարող է ունենալ բազմասուբյեկտ ալյանսը, եթե սուբյեկտները, այսպես ասենք, մեկը մյուսի հետ յոլա չեն գնում երկկողմ ֆորմատով: Ո՛չ մի: Եվ գնալով ամրապնդվում է համոզմունքը, որ մոտ ապագայում ԱՊՀ-ում ընդհանուր կմնա միայն պատմության 70-ամյա հատվածը, որն իր մեջ ընդգրկում է ձեռքբերումներ եւ ձախողումներ, հումանիզմ եւ սարսափ, մարդկային երջանկություն եւ դժբախտություն: Հաղթանակի տոնը, անկասկած, այդ ընդհանուր պատմության ամենավառ իրադարձությունն է, սակայն արդեն դրա նկատմամբ էլ չկա միասնական խանդավառ վերաբերմունքը: Ավելին, որոշ երկրներում աշխատում են եթե ոչ արգելել, ապա գոնե նվազեցնել դրա նշանակությունը:
Ուկրաինայի համար այս մայիսի 9-ն ընդհանրապես կարող է նոր սկզբնակետ դառնալ: Երկրում հուզումներ եղան. Ուկրաինայի արեւմուտքում այրում էին կարմիր դրոշները, իսկ արեւելքում` ուկրաինական ապստամբների բանակի դրոշները: Ե՛վ այստեղ, եւ՛ այնտեղ տեղական բախումներ եղան: Հատկապես Լվովում, որտեղ տեղի ազգայնամոլներն իսկական մարտի բռնվեցին ռուսախոս շրջաններից եկած հյուրերի հետ: Տեղի Ոստիկանությանն էլ բաժին հասավ: Ուկրաինայում իրավիճակն իրոք շատ լուրջ է: Դրանից հակամարտության հոտ է գալիս, իսկ քաղաքագետներն ամենայն լրջությամբ խոսում են պետության հնարավոր փլուզման մասին:
Մոլդովայում, որը ձգտում է դեպի գերմանական կոալիցիայի կազմում կռված Ռումինիան, նույնպես ամեն ինչ հարթ չէր: Բելառուսում մայիսի 9-ի պաշտոնական տոնակատարությունն անցավ առանց արեւմտյան երկրների դեսպանների մասնակցության: Վերջիններս նման «օրիգինալ» միջոցով որոշել էին իրենց բողոքն արտահայտել Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ ներքին քաղաքականության դեմ:
Հաղթանակի օրը վրացական մամուլն ավելի լավ էր չկարդալ: Համենայն դեպս, այն պարբերականները, որոնք իրենց «բացահայտումներով» կարող էին չպատրաստված ընթերցողին հասցնել «ուղեղի բորբոքման»: Իսկ քաղաքական գործիչները Ռուսաստանի հանդեպ ունեցած ատելությունից հասան այն բանին, որ առաջարկեցին Հաղթանակի օրը նշել մայիսի 8-ին, ինչպես դա անում է Արեւմուտքը: Այդ դեպքում հարկավոր է նաեւ երկիրը մտցնել այլ ժամային գոտու մեջ, քանի որ Գերմանիայի կապիտուլյացիայի մասին ակտը ստորագրվել է, երբ Եվրոպայում մայիսի 8-ն էր, իսկ ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածում` մայիսի 9-ը: Սակայն աշխարհագրության դեմ գնալ չես կարող:
Հայաստանում նույնպես այս տոնը մի տեսակ անհասկանալի է դարձել: Շուշիի գրավումն, անշուշտ, կարեւոր իրադարձություն է ղարաբաղյան պատերազմում, եւ պլանավորված էր (առիթ եմ ունեցել այսպիսի բան կարդալու) հատուկ մայիսի 9-ի առթիվ: Սակայն ավելի լավ է Շուշիի գրավումն ինչ-որ ձեւով առանձնացնել (թե ինչպես` չգիտեմ) եւ չխառնել ֆաշիզմի դեմ մեր պապերի ու հայրերի տարած հաղթանակի հետ:
ԱՊՀ անդամ մահմեդական երկրների` ճոխ հանդիսություններ սիրող նախագահները, չգիտես ինչու, հենց մայիսի 9-ը համեստ են նշում: Այո, փոքրաթիվ վետերաններին նվերներ են տալիս, ծրագրային ելույթներ են հնչում… սակայն այնպիսի տպավորություն է, թե դա մի տեսակ չուզելով են անում:
Մի խոսքով` Մեծ հաղթանակի տոնն այնքան էլ ուրախ չի անցնում: Այնինչ դա մեր մի ժամանակ ընդհանուր պատմության ընդհանուր հաղթանակն է: Իսկ պատմությունից չես փախչի: Ու պետք չէ դրանից հետ կանգնել, առավել եւս` փորձել «խմբագրել»: Պատմությունը դա չի հանդուրժում եւ ցավոտ դասեր է տալիս: