Դիվանագիտական աստիճանների եւ պաշտոնների մասին

05/11/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Միջազգային իրավունքի սուբյեկտ յուրաքանչյուր անկախ պետության Արտգործնախարարության դիվանագիտական աստիճաններն (անվանվում են նաեւ կարգ, կոչում, դաս) ու պաշտոնները որոշվում եւ կարգավորվում են 1961թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգային կոնվենցիայով», տվյալ երկրի օրենսդրական ակտերով, միջազգային այլ փաստաթղթերով եւ համընդհանուր ճանաչում գտած դիվանագիտական կանոններով: Ամենաբարձր աստիճան եւ պաշտոն ունեցող դիվանագետը արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Այնուհետեւ գալիս է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը: Մի շարք երկրներում այս վերջին աստիճանը եւ պաշտոնը հնչում են ավելի պարզեցված` դեսպանորդ: Եվ դեսպանի, եւ դեսպանորդի դիվանագիտական աստիճանի շնորհումը եւ նրանց համապատասխան պաշտոններով արտասահմանյան պետությունների մոտ հավատարմագրելը կատարվում է երկրի նախագահի հրամանագրով: Առանձին դեպքերում դեսպանը կարող է հավատարմագրվել օտար երկրում, բայց նստավայր չունենալ այնտեղ, այսինքն` պաշտոնավարել իր ներկայացրած երկրից: Նման պրակտիկա կիրառում է նաեւ Հայաստանը: Դեսպանի եւ դեսպանորդի աստիճանները ցմահ են: Այդ աստիճաններից նրանք կարող են զրկվել նախագահի հրամանագրով, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցանքի դեպքում: Բոլոր երկրներում, Հայաստանում եւս, գործում է հատուկ հանձնարարություններով դեսպանների ինստիտուտը: Այդ դիվանագետները, որոնք, որպես կանոն, փորձառու մասնագետներ են, արտասահմանյան կարճաժամկետ գործուղումների ընթացքում կատարում են նախագահի կամ արտգործնախարարի հատուկ հանձնարարություններն այլ երկրներում կամ միջազգային կազմակերպություններում: Պարտադիր չէ, որ հատուկ հանձնարարություններով դեսպանն ունենա արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Դիվանագիտական մյուս աստիճաններն ու պաշտոններն են՝ խորհրդական, առաջին քարտուղար, երկրորդ քարտուղար, երրորդ քարտուղար եւ կցորդ (attache): Բացի երրորդ քարտուղարից եւ կցորդից` մնացած պաշտոններն ունեն առաջին եւ երկրորդ կարգեր: Սովորաբար դիվանագիտական այս աստիճաններն ու պաշտոնները, որոնք գոյություն ունեն ինչպես երկրի կենտրոնական ապարատում, այսինքն` Արտգործնախարարությունում, այնպես էլ` արտասահմանյան ներկայացուցչություններում, համապատասխանում են իրար: Օրինակ, երրորդ աստիճան ունեցող դիվանագետը գործուղվում է դեսպանություն երրորդ քարտուղարի հաստիքով: Խախտումներ, անշուշտ, լինում են, ինչը ցանկալի չէ: Ամենացածր դիվանագիտական աստիճանը՝ կցորդը եւ նրա զբաղեցրած պաշտոնը չպետք է շփոթել դեսպանությունների զինվորական, մշակութային կամ առեւտրական կցորդների պաշտոնների հետ, որոնք սովորաբար նշանակվում են այդ ասպարեզում արդեն փորձ ունեցող կադրերից: Նրանք կարող են դիվանագիտական աստիճան չունենալ: Գլխավոր հյուպատոսը, հյուպատոսը կամ փոխհյուպատոսը նույնպես դիվանագիտական աստիճաններ չեն, այլ պաշտոններ են, որոնք գործում են դեսպանությունների կամ առանձին ներկայացուցչության՝ հյուպատոսության շրջանակներում: Այս երեք պաշտոններն էլ կրում են դիվանագիտական աստիճաններ. գլխավոր հյուպատոսը սովորաբար ունենում է առաջին կարգի խորհրդականի աստիճան, իսկ հյուպապոսը եւ փոխհյուպատոսն` ավելի ցածր դիվանագիտական աստիճաններ: