Փախել է Լոնդոն

12/05/2011

Սիրիայի իշխանությունները Հոմս են ուղարկել տանկեր` հակակառավարական ցույցերի դեմ պայքարելու համար: Ռազմական ուժերը զրահատեխնիկայով գնդակոծում են բնակելի թաղամասերը, մասնավորապես` Բաբ Ամրո թաղամասը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաընկերությանը հայտնել է քաղաքում գտնվող իրավապաշտպան Նաջաթի Թայարը: Մեկ այլ ականատես պատմել է, որ շրջաններից մեկն արդեն չորս օր գտնվում է շրջափակման մեջ. այնտեղ չկա ջուր, էլեկտրականություն եւ դեղորայք: Ըստ նրա` տեղի բնակիչները փորձել են դիմակայել կառավարական ուժերին` զինվելով որսորդական հրացաններով: Ըստ իտալական «La Repubblica»-ի` մինչ Բաշար Ասադը փորձում է հաղթահարել երկրում ծայր առած հուզումները, նրա կինը, ով ունի երկքաղաքացիություն` Սիրիայի եւ Բրիտանիայի, իր երեխաների հետ փախել է Լոնդոն: «Սիրիայում ժողովրդական ընդվզումն արյան մեջ խեղդող բռնապետի կինը փախել է Անգլիա: Արաբական դիվանագիտական աղբյուրների համաձայն` Սիրիայի նախագահի 35-ամյա կինը` Ասմա Ասադը, երեք շաբաթ առաջ լքել է Դամասկոսը եւ իր երեք զավակների հետ փախել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք»,- գրել է պարբերականը: