Վերջին տարիներին էներգետիկայի ոլորտն ամենեւին հետաքրքիր չէ մամուլի ու հասարակության համար: Եվ դա, հավանաբար, բնական է: Անցան այն ժամանակները, երբ երկրում ամենահայտնի մարդը էներգետիկայի նախարարն էր, իսկ ամենակարեւոր ծանոթը` թաղի «լույսի մարդը»: Հիմա բոլորն են համոզված, որ էներգետիկ ճգնաժամը վերջնականապես հաղթահարված է: Եվ հասարակական հետաքրքրության միակ թեման էլեկտրաէներգիայի սակագինն է: Հասարակությունից բացի, այս ոլորտի նկատմամբ անտարբեր են եւ մասնագետները, եւ քաղաքական ուժերը: Պատճառը նաեւ այն է, որ այս ոլորտը համարյա ամբողջությամբ օտարված է ներքին գործոնից: Մեր էլեկտրաէներգիա արտադրող ու տեղափոխող-բաշխող բոլոր ձեռնարկությունները 2004թ.-ից «Գույք` պարտքի դիմաց» հանրահայտ ճանապարհով հանձնվեցին ռուսական ընկերությունների:
ՋԷԿ-երի ու Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը որեւէ առարկության չհանդիպեց: Ոչ ոք չբողոքեց նաեւ այն փաստի դեմ, որ ռուսներին հանձնվեց Սեւան-Հրազդան կասկադը` իր հիդրոկայաններով: Մինչդեռ այդ ՀԷԿ-երի վերանորոգման համար Հայաստանը Գերմանիայից 20 մլն մարկ վարկ էր վերցրել: Վերցրել ու նորոգել էր տնտեսության ու բյուջեի համար ոսկե ձվեր ածող այդ կառույցը համարյա ամբողջությամբ: Նորոգել էր, բայց որպես գույք` հանձնեց: Հասարակական, մասնագիտական ու նաեւ քաղաքական անտարբերության պայմաններում ատոմակայանն էլ կհանձնեին: Կհանձնեին, եթե օրենսդրական արգելք չլիներ: ՀՀ գործող օրենսդրության համաձայն` Հայաստանում ատոմակայան կառուցելու ու շահագործելու իրավունք ունի միայն պետությունը: Իշխանությունները ատոմակայանը փորձեցին հանձնել խորամանկ քայլով: Օրենքի նախագիծ ներկայացվեց, որի համաձայն` մասնավոր սեփականատերերին պիտի թույլտվություն տրվեր նոր ատոմակայան կառուցել: Բոլորի համար հասկանալի էր, որ մասնավորի թույլտվությունը հաջորդ քայլում գործող օրենքի փոփոխության համար էր արվում: Հաջորդ քայլով թույլատրվելու էր մասնավորին օտարել արդեն գործող ատոմակայանը: Բայց տարին նախընտրական էր, ու խորհրդարանական քվեի համար պայքարի ելած կուսակցություններին հաջողվեց մերժել այդ օրինագիծը: Հայկական ատոմակայանին սեփականատեր դառնալու հավակնություն ունեցող ընկերությունը հասարակական դժգոհությունից խուսափելու համար բավարարվեց ատոմակայանի կառավարման իրավունքը ստանալով: Հետո մի կերպ կանխվեց Որոտանի կասկադի օտարումը: Այս անգամ դեմ հանդես եկավ կառավարող` Հանրապետական կուսակցությունը: Բայց էներգահամակարգն արդեն համարյա ամբողջությամբ սեփականության կամ կառավարման իրավունքով որպես գույք օտարվել էր: Հետո մեր էներգահամակարգը հասարակական ուշադրության կենտրոնում այլեւս չհայտնվեց: Միայն մամուլում երբեմն-երբեմն տեղեկատվություն էր հայտնվում: Տեղեկատվություն` համակարգի այս կամ այն կառույցի մասին: Օրինակ. «Այս տարվա վերջում կշահագործվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը»: Կամ` «Ատոմակայանը կանջատվի ընդհանուր ցանցից պլանային աշխատանքների գրաֆիկի համաձայն»: Իսկ երեկ այսպիսի լուր տարածվեց. «Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրել է «Ռոսնեֆտգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ ԲԲԸ-ի բաժնետոմսերը»: Ռուսական ընկերությունները տարին մեկ մեր ձեռնարկություններն իրար փոխանցելը բնավորություն են դարձրել: Զուտ այդ փաստից ելնելով` կարելի է ենթադրել, որ մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միայն ռուսական ընկերությունների որոշումները դակող օղակ է: Երեկվա պաշտոնական հաղորդագրությունն էլ է դա ապացուցում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Ռոսնեֆտգազի» սեփականատերը Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունն է: Մեր էներգետիկայի ոլորտում մենք լիովին կորցրել ենք ինքնուրույն որոշում կայացնելու բոլոր հնարավորությունները: Եթե նկատել եք` ՀՀ կառավարության ամենասուսիկ անդամը էներգետիկայի նախարարն է: Այլեւս ոչ եւս են այս ոլորտի խրոխտ ծրագրերը, որ ժամանակին թմբկահարվում էին: Նույն Ռուսաստանի թեթեւ ձեռքով ու մեր չինովնիկների անդեմության պատճառով` մենք կորցրինք Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը: Երկար ժամանակ անընդհատ ակնարկվում էր, որ մեր էներգահամակարգը ավելի մեծ շուկայի հեռանկար ունի: Խոսքն ակնհայտ Թուրքիայի մասին էր: Թուրքիայի արեւելյան հատվածն իսկապես ապրում է էներգախնայողության ռեժիմով: Դա ակնհայտ է այս տարածքներ այցելող ցանկացած մարդու համար: Բայց ավելի մեծ շուկա մտնելու մեր հույսերն ակնհայտ չարդարացան: Հնարավոր է` այն պատճառով, որ ռուսական ընկերությունների ծրագրերում նման բան չկա: Հատկապես, որ երեկվա լուրից մեկ օր առաջ Թուրքիան ու Վրաստանը հայտարարեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին: Մեզ մնաց արձանագրել տարածաշրջանի հերթական լուրջ ծրագրից դուրս մնալու հերթական փաստը: