Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 15 հասցեի բնակչուհի Մարի Դաբաղյանի ընտանիքի հետ կատարված պատմությունը, թերեւս, մեկ հոդվածով ներկայացնելն անհնար է:
Այն, ինչ կատարվել է այս կնոջ հետ, անմարդկային ու անարդար է, սակայն տիկին Մարին զարմանալի կամքի ուժի տեր կին է, ու դեռեւս շարունակում է պայքարել իր եւ իր երեք երեխաների իրավունքների համար:
Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ներկայացուցիչները պահանջում են ազատել նրա տունը: ԴԱՀԿ-ն առայժմ պայքարում է բիրտ ուժով, քանի որ դատարանի կողմից արձանագրված վտարման պահանջն իր մեջ բազմաթիվ անօրինականություններ է պարունակում: ԴԱՀԿ-ն ձեռքի տակ ունի միայն տիկին Մարիի աղջկան` Տաթեւիկ Դաբաղյանին վտարելու որոշումը, մինչդեռ բեռնատարներով ու ոստիկանական մեքենաներով տարածք ներխուժած արդարադատության համակարգի աշխատակիցները պահանջում են առհասարակ ազատել այդ բնակարանը: Տանտիկինն ամեն անգամ կատարողական թերթ է պահանջում, սակայն ԴԱՀԿ-ն հրաժարվում է այն ներկայացնել, ինչը, բնականաբար, օրենքի կոպիտ խախտում է: «ԴԱՀԿ-ի գործողություններն անօրինական ու անմարդկային են, որովհետեւ որեւէ փաստաթուղթ ինձ չեն ներկայացրել, որեւէ ձեւով չեն իրազեկել այդ գործողությունների մասին»,- ասում է տիկին Մարին, ով ԴԱՀԿ անօրինական գործողությունները կանխելու նպատակով` դիմում-բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահի վերահսկողական բաժին, ՀՀ արդարադատության նախարարին, Արաբկիրի դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Անմիջապես արձագանքել են մարդու իրավունքների պաշտպանն ու Արաբկիրի դատախազը: Ըստ տիկին Մարիի, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանի արձագանքման արդյունքում կասեցվել են իր ընտանիքին տարածքից վտարելու գործողությունները, իսկ Արաբկիրի դատախազն ուսումնասիրում է տարիներ շարունակ քննված այս գործի մանրամասները: Իրականում Մարի Դաբաղյանի եւ նրա ամուսնու` Նիկողոս Դաբաղյանի տունը անօրինական, զարտուղի ճանապարհով կտակվել է Ն. Դաբաղյանի երկրորդ կնոջը, որի մասին տիկին Մարին միայն վերջերս է իմացել, այն էլ` ամուսնու մահից հետո, երբ հայտնվել են ԴԱՀԿ աշխատակիցները: Նրա հավաստմամբ` մահամերձ վիճակում գտնվող ամուսնուն նրա երկրորդ կինը, ում հետ Ն. Դաբաղյանն ապրել է ընդամենը մեկ տարի` խաբեության միջոցով, օգտագործելով նրա հոգեկան ոչ ադեկվատ վիճակը` ստիպել է ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի` Ն. Դաբաղյանը Ա. Խաչատրյան հասցեում գտնվող բնակարանը կտակում է երկրորդ կնոջը` Հասմիկ Եղիազարյանին: «Փողոցից հայտնված ոմն անձ խաբեությամբ տիրացել է մի բնակարանի, որը պատկանում է միանգամայն այլ անձանց` մենք երեք երեխաներ ունենք: Նոտարական գրասենյակը հաստատել է մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել է անգիտակից վիճակում գտնվող մարդ: Ես նաեւ կոչ եմ անում ՀՀ նախագահին` կապված նոտարական համակարգի եւ առհասարակ մեր օրենսդրության հետ: Չի կարելի էս աստիճան թքել քաղաքացու վրա: Չի կարող լինել հովիվ, եթե չկա ոչխարի հոտը: Երեխաներիս իրավունքների համար ամեն ինչ կանեմ, թող ինձ դատեն, կգնամ 10 տարի կնստեմ ու երեխաներիս համար գուլպա կգործեմ: Հավատացեք, որ ես 10 տարի չեմ նստել, չգիտեմ ինչ բան է հանգիստն ու խաղաղությունը: Ես Լիբանանի հպատակ եմ, իմ գերդաստանից միայն ես եմ էստեղ ապրում, որովհետեւ ես էս երկիրը սիրում եմ, հիմա դուք ինձ պարտադրում եք, որ ես իմ երկիրը չսիրե՞մ, հեռանա՞մ իմ տնից: Պարոն նախագահ, եթե Դուք գտնում եք, որ ես կարող եմ իմ տնից ու երկրից էդքան հեշտ հրաժարվել, ապա սխալվում եք: Եթե դուք ձեր պաշտոններից եք կառչած, ես ո՞նց կարող եմ կառչած չլինել իմ ձեռքերով կառուցած տանը»,- վիրավորված ասում է տիկին Մարին, ով, ի դեպ, տարիներ առաջ Բեյրութում ժառանգություն է ստացել, սակայն հրաժարվել է` վերադառնալով Հայաստան:
Ն. Դաբաղյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում տիկին Մարին երեք երեխա է մեծացրել: Ասում է` ճգնաժամային տարիներին ամուսնու մոտ տարօրինակ վախեր, ոչ իրական, երեւակայական դրսեւորումներ են ի հայտ եկել, սակայն դրան առանձնապես ուշադրություն չեն դարձրել: Ցուրտ ու մութ տարիներին հիմնականում աշխատել ու վաստակել է տանտիկինը, եւ կարողացել են երեխաների խնամքը պատշաճ կերպով ապահովել. «Երբ հոսանք չէր լինում, տարօրինակ վախեր էր ունենում: Մի անգամ նույնիսկ մթության մեջ հարեւանները նրան սեղանի տակ թաքնված են գտել: Ես հորդորում էի դիմել բժշկի, սակայն նա դրանից մի տեսակ չարանում, ագրեսիվ էր դառնում»: Ինչեւէ, չնայած ընտանեկան տարատեսակ վիճաբանություններին ու ամուսինների` իրար չհասկանալու երեւույթներին, այնուհանդերձ, նրանք շարունակել են ապրել նորմալ ընտանեկան մթնոլորտում: «Մենք շատ գեղեցիկ ու հարմարավետ պատշգամբ ունենք: Մի օր եղանակն այնքան լավն էր, որ որոշեցինք պատշգամբի սեզոնի բացման կապակցությամբ հատուկ ճաշի արարողություն կատարել: Ես ոգեւորված սկսեցի իր սիրելի կերակրատեսակները պատրաստել, մի տեսակ երջանիկ մթնոլորտ էր ընտանիքում: Արդեն պատրաստվում էինք երեխաների հետ պատշգամբում սեղան պատրաստել` նա ասաց, թե ուզում է ինձ տեղ հրավիրել: Ճիշտն ասած, շատ անակնկալի եկա, մի քիչ էլ նեղացա` ասելով, որ էսքան չարչարվել եմ, որ պատշգամբի բացումն անենք, էնտեղ հաց ուտենք,- պատմում է տիկին Մարին` ասելով, որ Աբովյանում գտնվող ռեստորանում ճաշելուց հետո, տուն վերադառնալու պահին ամուսինը անսպասելի հայտարարել է,- «Ես հիմա կգնամ տուն, բայց դու ինձ հետ չես գա: Եթե քեզ էդ տանը տեսնեմ` կսպանեմ: Ես սա միանգամայն լուրջ եմ ասում, ոտքդ էնտեղ չտեսնեմ»: Բնականաբար, տիկին Մարին շոկի մեջ է հայտնվել եւ հասկացել է, որ ամուսնու հետ շատ լուրջ բան է կատարվում: Ռեստորանից գնացել է մոր տուն` վախենալով, որ իսկապես ամուսինն իրեն կվնասի, եւ 20 օր մնացել է ծնողների տանը: Ասում է` իր բացակայության ժամանակ երեք երեխաներին ամուսինը պահել է փակի տակ եւ սպառնացել է` դուրս գալու դեպքում… «Երեխաներս ահավոր սթրես են տարել, սոված, անհաց, անօգնական: Նա արգելել էր որեւէ հեռախոսազանգի պատասխանել: Անգամ դուրս է եկել, զանգել է տուն` ստուգելու համար, թե արդյո՞ք երեխաները կհամարձակվեն լսափողը վերցնել: Հարեւաններս շատ դաժան բաներ են պատմում: Հարբած ընկերների հետ երեխաներիս ներկայությամբ ղումար է խաղացել»: Հարեւանների փոխանցած տեղեկատվությունից անհանգստացած` տիկին Մարին դիմել է Ոստիկանություն, այնուհետեւ իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ տուն վերադառնալու ժամանակ` ականատես են եղել, թե ինչպես է հայրը երեխաներին սպառնում ու վիճում նրանց հետ: Այդ դեպքից հետո Ն. Դաբաղյանը կնոջից ապահարզան է պահանջել: Օրեր անց տիկին Մարին ամուսնու իրերի միջից հայտնաբերել է մի թուղթ. «Շատ խորհրդավոր թուղթ էր, այսինքն` պլան էր, որտեղ ցուցակով գրել էր գործողությունները: Համարակալված, որ պիտի սկզբում մի բան հորինի, որ ինձնից հրաժարվի, հետո դատարան դիմի եւ այլն»: Ինչեւէ, Ն. Դաբաղյանը հեռացել է տանից` լքելով կնոջն ու երեխաներին: Քանի որ երիտասարդ տարիքում նա ինֆարկտ է տարել` առողջական խնդիրների պատճառով մեկնել է ԱՄՆ` սրտի վիրահատություն կատարելու նպատակով. «Այս ամենը, ինչի մասին պատմում եմ` իմացել եմ բարեկամների, հարազատների միջոցով, քանի որ նա իր կյանքով էր ապրում: Վիրահատել են սիրտը, արհեստական ապարատ են տեղադրել, բայց բոլոր դեպքերում առողջությունը վատ վիճակում էր»: ԱՄՆ-ում եղած ժամանակ զարմուհին Ն. Դաբաղյանին խնդրել է Հայաստանում իր համար տուն գնել: Այդպես էլ արել է, վերադառնալուն պես բնակարան է գնել եւ այդ բնակարանում էլ ապրել է: «Մի կին է գտել, որ տունը մաքրի, կենցաղային աշխատանքներով զբաղվի: Այդ կինն ահագին ժամանակ գնացել-եկել է, հետաքրքրվել է եւ հասկացել է, որ հարմար որս է նրա ունեցվածքին տիրանալու համար: Իմիջիայլոց, նա էլ ամուսնուց բաժանված, անտուն խաբեբա է: Մի խոսքով` այս կինը լավ թակարդ է լարել, որպեսզի տիրանա այն ամենին, ինչ ունի մի հիվանդ ու տկար մարդ»,- պատմում է տիկին Մարին, ով այս ամենի մասին իմացել է ամուսնու առողջական վիճակը վատթարանալուց հետո: Ասում է` Ն. Դաբաղյանն անկողին է ընկել եւ չափազանց վատ վիճակում խնդրել է երեխաներին տեսնել: Տարիներ շարունակ հորը չտեսած երեխաներն անմիջապես արձագանքելով` գնացել են հորը տեսնելու. «Երեխաներս ականատես են եղել մի սարսափելի տեսարանի: Անկողնում, գրեթե անգիտակից վիճակում գտնվող Նիկողոսն այնքան թույլ ու տկար է եղել, որ միայն հասցրել է երեխաներին տեսնելիս էլ ավելի հուզվել: Չնայած դրան` երեխաների հետ հանդիպումը նրան ուժ է տվել»: Ինչեւէ, տիկին Մարին եւ նրա երեխաները որոշել են ներել Նիկողոսին եւ խնամել նրան. «Հանդիպումը երեխաներիս վրա շատ էր ազդել, շատ էին տառապում, բայց բոլորն էլ միահամուռ կերպով պատրաստ էին խնամել, ոտքի կանգնեցնել նրան: Հաջորդ օրը կրկին գնացել են հոր մոտ, բայց այդ կինը դուռը չի բացել, որ երեխաներս տուն մտնեն, ու այլեւս արգելել է հիվանդ հորը տեսնել: Մի քանի օր չանցած` բարեկամուհիներից մեկին խնդրել եմ գնալ այդ տուն ու ստիպել, որ դուռը բացի, որովհետեւ երեխաներս հորը դաժան վիճակում են գտել: Բարեկամուհին ստիպողաբար ներս է մտնում ու ի՞նչ…»: Նիկողոսին նա գտել է ահավոր ծանր վիճակում, գրեթե ուշաթափված, անգիտակից, թույլ ու անշարժ: Անմիջապես շտապօգնություն է կանչել: Հոր մոտ իսկույն գնացել են նաեւ երեխաները: Տիկին Մարին ասում է` «Մենք կարծում էինք` սրտի խնդրի հետ կապված երեւույթ է, եւ նրա վատ վիճակը հիվանդության արդյունք է: Շտապօգնության բժիշկը ապշահար աղջկաս ասել է, որ հայրը ալկոհոլի մեծ քանակություն է ընդունել եւ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան առհասարակ մի գրամ ալկոհոլն անգամ արգելված էր: Արհեստական ապարատով, մյուս օրգաններն ախտահարված հիվանդ մարդուն մեծ քանակությամբ ալկոհոլ «հրամցնելը» հանցագործություն է»: Որոշ ժամանակ հետո, անկախ ամեն ինչից, երեխաները հորը տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն, որտեղի վերակենդանացման բաժնի բժիշկը նույնիսկ հրաժարվել է հիվանդին ընդունել: Նա անթույլատրելի համարելով նման հիվանդին ալկոհոլ ընդունել թույլ տալը` հորդորել է նրան տեղափոխել Նարկոլոգիական դիսպանսեր: Պարզվել է, 20 օր Նիկողոսը ոչինչ չի կերել եւ միայն ալկոհոլ է օգտագործել. «Մենք հիվանդանոց տեղափոխելիս անմիջապես ահազանգեցինք Ոստիկանություն, որովհետեւ այդ տեսակ հիվանդին խնամողը եթե իր ձեռքով նրան ալկոհոլ է տվել, ուրեմն` կարող էր դանակով էլ սպանել: Մի խոսքով` շատ խնդրեցինք, ստորագրություն տվեցինք, որ «Արմենիա» բուժկենտրոնում նրան բուժօգնություն ցուցաբերեն, քանի որ անգամ տեղափոխելիս կարող էր մահանալ: Հետագայում պարզվեց, որ նրան խնամող այդ կինը բժշկի նշանակած դեղերը չի տվել, մշտապես ալկոհոլ է խմացրել, եւ դա` այն աստիճանի, որ նրա մոտ արդեն ալկոհոլային ինտոքսիկացիա ախտորոշեցին: Այսինքն` մարդասպանություն է` առանց զենքի»: Հաջորդ օրը տիկին Մարին երեխաների հետ այցելել է հիվանդանոց եւ ամուսնուն չի գտել: Պարզվել է` երկրորդ կինը` Հ. Եղիազարյանը, ստորագրությամբ հիվանդանոցից դուրս գրելով` Նիկողոսին կրկին տեղափոխել է տուն: «Զագսի վկայական է ցույց տվել, ասել է` կինն եմ, իրավունք ունեմ, սա` այն դեպքում, երբ հիվանդանոցում աղջիկս էր օր ու գիշեր վերակենդանացման բաժնում խնամում»,- պատմում է տիկին Մարին` ասելով, որ երկու շաբաթ անց ամուսինը մահացել է: Հոր մահվան մասին երեխաներն իմացել են հաջորդ օրը` հոգեհանգստի օրը, այն էլ` ուրիշներից: Հիմա արդեն պարզվել է, որ Նիկողոսի երկրորդ կինը մահամերձ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ծանր հիվանդին ստիպել է կտակ գրել: Նիկողոսին ստիպել են ստորագրել բլանկով արդեն լրացրած փաստաթուղթը, ինչն, ի դեպ, նոտարական գրասենյակի կողմից անօրինական գործողություն է, քանի որ այդ թղթի տակ ստորագրել է հոգեկան անհավասարակշիռ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ծանր հիվանդը: «Նրանք ապրել են ընդամենը մեկ տարի: Նիկոն այդ ժամանակ արդեն անկողնային հիվանդ է եղել, եւ վիճակը գնալով վատացել է: Այդ վիճակում նա ամուսնուս քարշ է տվել զագս, հասցրել է օրինականացնել իրենց կապը, որ կարողանա տիրանալ նրա ունեցվածքին»,- ասում է տիկին Մարին` համապատասխան մարմիններին խնդրելով` օգնել իրավունքները վերականգնելու հարցում: Ներկայումս Հասմիկ Եղիազարյանի հայցով դատարանը վտարման որոշում է կայացրել, որտեղ, սակայն, բազմաթիվ են ապօրինությունները: Մեր հաջորդ համարներից մեկում կանդրադառնանք դատավարական խախտումներին եւ այն կարեւորագույն փաստաթղթերին, որոնք Մ. Դաբաղյանը շուտով կներկայացնի քննչական մարմիններին` այս ծանր պատմությունը բացահայտելու համար: