Խոշոր վթար` «Բանկի կռուգում»

12/05/2011

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում Տիչինայի փողոցում` «Բանկի կրուգի» մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ դեռեւս անհայտ պայմաններում իրար են բախվել միանգամից յոթ ավտոմեքենա: Այդ թվում` Lexus, Volkswagen Golf, ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենաներ եւ ԳԱԶԵԼ-ներ: ՎԱԶ-2102-ի միջից վարորդին հանելու համար փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել: Վթարի վայրից շտապօգնության հիվանդանոց են տեղափոխել երկու անձի, որոնցից մեկի վիճակը, նախնական տեղեկություններով, ծայրահեղ ծանր է: Դեպքի վայրում խցանումը վերացնելու համար ժամանել են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են հրավիրել մի քանի քարշակ մեքենաներ, որ քննչական աշխատանքներից հետո մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ: