«The New York Times»-ի փոխանցմամբ` Պակիստանում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանված «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիները ՄԱԿ-ից խնդրել են քննել իրենց հոր մահվան հանգամանքները: Նրանց ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է, որ բեն Լադենի սպանությունը, որն այդ պահին զինված չի եղել, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտում է եղել: Բեն Լադենի որդիները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ իրենց հորը չէր կարելի ողջ ձերբակալել, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի եւ Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի դեպքերում: Ահաբեկչի որդիների կարծիքով, սպանելով իրենց հորը, ամերիկացիներն անտեսել են անմեղության կանխավարկածը: Նրանց վրդովեցրել է այն, որ գործողությունների ժամանակ ամերիկացիները կրակ են բացել «Ալ Քաիդայի» առաջնորդի ընտանիքի անդամների վրա: Բեն Լադենի որդիները պակիստանյան իշխանություններից պահանջում են նաեւ բաց թողնել նրա երեք այրիներին եւ մի քանի երեխաներին: Հայտարարության տակ ստորագրել է բեն Լադենի միայն մեկ որդին` Օմարը, ով, ինչպես ենթադրվում է, հանդես է գալիս «Ալ Քաիդայի» առաջնորդի նաեւ մյուս երեք որդիների անունից: Օմարը քննադատում էր հոր ահաբեկչական գործողությունները: