Թեհրանի պետական համալսարանի Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԼՂՀ հակամարտության կարգավորումը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լույսի ներքո» խորագրով գիտական խորհրդաժողով, որին մասնակցել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ու ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին: Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, անդրադառնալով Իրանի ու Հայաստանի հարաբերություններին, հայտարարել է. «Նկատի ունենալով, որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, մյուս կողմից` պատմական հայացքներ ունի Թուրքիայի հետ ու Վրաստանի հետ էլ դրական հավասարության հարթակի վրա դեռ չի հայտնվել, Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է համարվում: Մյուս կողմից էլ` Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարեւանն է: Վերջին շրջանում Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի միջեւ դրական համագործակցությունների ականատես են եղել, ինչին հարկավոր է հասնել նաեւ Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջեւ` դրական համագործակցություն կայացնելու եւ տարածաշրջանային հարաբերությունների միջեւ հավասարակշռություն առաջացնելու համար»: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, նա նշել է. «Իրանը միշտ որպես միջնորդ է հանդես եկել Ղարաբաղի հարցում եւ փորձել է հարեւանների միջեւ համաձայնություն առաջացնելով` կայունացնել Կովկասը: Իրանի համար շատ կարեւոր է, որ հակամարտության կողմերը հնարավորություն ունենան արդար պայմաններով կարգավորել հակամարտությունը»: Նաեւ հավելել է, թե Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր է ՆԱՏՕ-ի առաջիկա համաժողովում ԼՂ-ի հարցը օրակարգում ներկայացնելով` ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին տարածաշրջանում հայտնվելու առիթ ընծայել: Բայց, ըստ նրա` Իրանը թույլ չի տալու, որ ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվեն իր սահմանամերձ շրջաններում: «ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում վերտարածաշրջանային լուծումներն անընդունելի են, եւ Ադրբեջանը չպիտի ՆԱՏՕ-ին` որպես պահանջատեր ուժ, հյուրընկալեր իր տարածքում: Մյուս կողմից էլ` Հայաստանի իշխանությունները պիտի շարունակեն իրենց բանակցային քաղաքականությունն ու ճկուն դիվանագիտությունը` երրորդական ուժերին միջամտելու պատրվակ չտալու նպատակով»,- ասել է Ֆարհադ Քոլեյնին: