Նախ` ուղեղների, ապա` մկանների մենամարտ
Երբ Քսերքսեսի զորքը մտավ Ատտիկա` երկիրն արդեն դատարկվել էր: Աթենքի Ժողովրդական ժողովի որոշմամբ նավատորմը խաղաղ բնակչությանը տեղափոխել էր ապահով վայր` Սալամիս կղզի, որտեղ եւ խարիսխ էր ձգել հունական ռազմական նավատորմը: Միայն Ակրոպոլիսի տաճարի ծառայողները եւ նվիրյալների մի փոքր խումբ որոշել էին մինչեւ վերջ դիմակայել բարբարոսներին: Պարսիկներն առաջարկեցին հանձնվել: Հույները մերժեցին: Բարիկադներն ընկան: Հույները պատսպարվեցին տաճարում` հուսալով, որ իրենց այդտեղ կխնայեն: Բայց երբ զինվորներ լցվեցին ներս, նրանց սպանեցին, տաճարը թալանեցին, ամրոցն այրեցին: Արքայից արքան շտապեց լուր ուղարկել Սուսա, թե էսպես ու էսպես` կատարյալ հաղթանակ եմ տարել, ինչն այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Աթենքը` դեռ ողջ Հելլադան չէր: Բացի այդ, նա գրավել էր ոչ թե ծաղկուն, Հին աշխարհի մարգարիտ-քաղաքը, այլ նրանից մնացած ավերակներն ու մոխրակույտերը` առանց մարդկանց: (1812 թ. նույն բանը կրկնվեց Նապոլեոն Բոնապարտի հետ Մոսկվայում): Հետո արշավանքի ելքը դեռ առջեւում էր: Այն վճռվելու էր ոչ թե ցամաքում, այլ ծովի վրա: Այդպես էին ցանկանում հույները, եւ նրանք կարողացան ուզածը թելադրել արքային: Եվ պարտադրեցին կռվել ոչ թե բաց ծովում, այլ Սալամիսյան նեղուցում, որից պարսիկները վախենում էին, ինչպես սատանան կրակից: Պարզ թվաբանություն. արքայի 1200 միավորի դիմաց հույներն ունեին ընդամենը` 380: Այս հարաբերակցությունն ինքնին նրանց հուշում էր մարտական գործողությունները ծավալել սահմանափակ տարածքում: Կար մեկ ուրիշ կարեւոր հանգամանք եւս. հունական նավերի ռազմական եւ տեխնիկական ցուցանիշները գերազանցում էին պարսկական նավերի ցուցանիշներին, իսկ որ հույն, մասնավորապես` աթենացի նավազների պրոֆեսիոնալ մակարդակն անհամեմատ բարձր էր, քան բարբարոսներինը, կասկած չէր հարուցում: Աթենացիների հետ կարող էին համեմատվել միայն փյունիկեցիները, որոնք ֆլագմանի դեր էին խաղում պարսից նավատորմում:
Արքան ցանկանում էր ձեռք գցել Հունաստանի ստրատեգիական պոտենցիալը, իսկ հույները կռվում էին այդ պոտենցիալը չկորցնելու, իրենց անկախությունը պահելու, իսկ տվյալ պարագային` գոյատեւելու համար: Սակայն հենց այստեղ էր գտնվում հույների աքիլեսյան գարշապարը: Մահացու վտանգի դեմ հանդիման, Ակրոպոլիսի հրդեհի ֆոնին` հելլենները, կրկին իրենց սովորության համաձայն, չէին կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Իսկ բացի միասնության եւ միաբանության աքսիոմատիկ անհրաժեշտությունից, կային այլ կարեւոր նախադրյալներ: Ուժերի անհամաչափությունը (ասիմետրիա) եւ ընդհանուր հոգեբանական մթնոլորտը հուշում էր, որ սպասվող ճակատամարտի բախտը որոշվելու էր ոչ թե զենքի, ստանդարտ, դասական մեթոդների ճանապարհով, այլ խորամանկության եւ հնարամտության շնորհիվ: Այսպես էր դատում հունական միացյալ նավատորմի ամենախորաթափանց եւ տաղանդավոր ծովակալ Թեմիստոկլեսը: Սակայն նրա բոլոր ջանքերը, հռետորական արվեստը, համոզեցուցիչ փաստարկները, սպառնալիքները կարծես թե մնում էին ձայն բարբառո անապատի Սալամիսում հավաքված դաշնակիցների համար: Նրանց մի մասը պարզապես վախեցած էր ահռելի ուժի դեմ հանդիման եւ ուզում էր հեռանալ իր պոլիսը եւ այնտեղ դիմակայել թշնամուն, մյուսները վհատված էին Աթենքի անկումից եւ մտածում էին հանձնվել արքային, հուսալով արժանանալ նրա ողորմածությանը, անգամ դիվիդենտներ ունենալ: Նա գիտեր դաժան պատժել, բայց գիտեր նաեւ արքայավարի նվիրաբերել: Հույների ռազմական խորհուրդն աշխատում էր օր ու գիշեր` առանց որեւէ արդյունքի: Պարսիկներն իրենց հերթին «մուկն ու կատու» էին խաղում նրանց հետ: Քսերքսեսի հարյուրավոր նավեր պտտվում էին կղզու շուրջը, մեկ մոտենում, մեկ էլ հետ էին քաշվում, ասես հուշում էին թուլակամներին. «բաժանվեք դաշնակցային նավատորմից, հեռացեք` քանի ուշ չէ: Իսկ եթե որոշել եք նավամարտել, խնդրեմ, դուրս եկեք բաց ծով»: Պարսիկները վստահ էին, որ այդ դեպքում նրանք հեշտությամբ կջախջախեն հույներին: Իսկ իդեալական տարբերակն արքայի համար այն կլիներ, որ հունական դաշինքը հենց Սալամիսում փլուզվեր, եւ աթենացիները մնային մենակ, լավագույն դեպքում էգեացիների հետ, որից հետո նրանց երգը կարելի կլիներ երգված համարել:
Այդ ընթացքում պարսկական հետախուզությունը Սալամիսում աշխատում էր երկու ուղղությամբ. ամրապնդել դաշնակից ծովակալների տրամադրություններն իրենց նավերը հունական նավատորմից դուրս բերելու ուղղությամբ` սա մեկ: Սալամիսի ափերին մնացողներին ենթարկել հոգեբանական ուժեղ ճնշման, անդամալուծել: Սա էլ` երկու: Այդ նպատակի համար, փառք աստվածներին, կար արքայի «բաց հաշիվը» եւ առատ խոստումները:
Իսկ Թեմիստոկլեսը իր խաղն էր խաղում յուրայինների հետ եւ որոգայթներ լարում թշնամու դեմ: Նա, իհարկե, մեծ ռիսկի էր գնում եւ ծրագրածը տապալվելու դեպքում` հելլեններն ու պարսիկները մրցելու էին նրա գլխի համար: Իսկ ի՞նչ էր ուզում ծովակալը: Նա ձգտում էր ընդամենը մի բանի. նավամարտ պարսիկների հետ: Եվ քանի որ յուրայինները չէին ուզում դա, «նա պետք է ստիպեր նրանց կռվել հակառակ իրենց կամքի»: Ինչի՞ վրա էին հիմնված նրա հաշվարկները, որքանո՞վ էին դրանք ռեալ եւ ի՞նչ հետեւանքներ կարող էին ունենալ: Մենք հիմա կտեսնենք։
…Գիշերվա թանաքե խավար քողի տակ հունական տրիերայից աննկատ պոկվեց եւ նույնքան էլ աննկատ անցնելով պարսկական ռազմանավերի արանքով` մայր ցամաք հասավ մի մակույկ, որը թիավարում էր Սիկինոս անունով մեկը: Նա Թեմիստոկլեսի երեխաների դաստիարակն էր եղել, նրա նախկին ստրուկը, որին ծովակալն ազատություն եւ քաղաքացիություն էր շնորհել: Պե՞տք է նշել, որ Սիկինոսը կուրորեն նվիրված էր նախկին տիրոջը, շան պես հավատարիմ: Երբ նա ափ դուրս եկավ, անմիջապես տարան բարձրաստիճան հրամանատարության մոտ, որին նա հայտնեց հետեւյալը: «Ինձ ուղարկել է աթենացիների զորավարը (Թեմիստոկլեսը.- Ա.Ն.) մյուս հելլեններից գաղտնի, քանի որ նա արքայի կողմնակիցն է եւ կամենում է, որ առավելապես ձեր գործերը հաջողվեն, քան հելլենների գործերը, հելլենները ահաբեկված են եւ մտադիր են փախչել: Այժմ դուք լավագույն հնարավորությունն ունեք մեծագույն սխրանք կատարելու, եթե թույլ չտաք, որ նրանք փախչեն: Քանզի նրանք համերաշխ չեն իրար հետ եւ չեն դիմադրելու ձեզ»:
Թեմիստոկլեսը` բացի տաղանդավոր ռազմագետ լինելուց, ըստ երեւույթին, լավ հոգեբան էր. նա արքայից արքային հրամցրեց ոչ միայն այն, ինչը որ պարսիկը կուզեր լսել եւ տեղեկանալ, այլ հաղորդեց ինֆորմացիա, որն ինքը` Թեմիստոկլեսը կցանկանար ընդունել որպես ճշմարտություն: Ցանկալին ներկայացվեց իրականության սկուտեղի վրա: Տարօրինակ է թվում, սակայն պարսիկները հավատացին եւ խայծը կուլ տվեցին: Հենց նույն գիշեր պարսկական ռազմական մեքենան գործի դրվեց: Առաջին հերթին նրանք 400 առաջնակարգ դեսանտ իջեցրին Պսիտալիա կղզյակ` Սալամիսի եւ մայր ցամաքի միջեւ, խստիվ պատվիրելով. առանց բացառության սպանել բոլոր հույներին, ովքեր ռազմանավերից թափվելով ջուրը` փրկություն կփնտրեն: Արքայից արքան կարգադրեց իր ոսկե բազկաթոռը տեղադրել կղզյակի ուղիղ դիմաց` ատտիկյան ափի բարձրակետում, որտեղից հոյակապ տեսարան էր բացվում ռազմական թատերաբեմի վրա: Նա պատրաստվում էր ըմբոշխնել իր զենքի հաղթանակը: Արեւմտյան թեւում գտնվող ռազմանավերը շարժվեցին դեպի Սալամիս: Ծով դուրս եկան Կինոսուրայի հրվանդանի եւ Կեոսի մոտ խարիսխ գցած նավերը: Արմադան այնքան մեծ էր, որ տարածել էր մինչեւ Մունիքիա` աթենական նավահանգստի այդ կարեւոր ստրատեգիական կետը:
Պարսիկներին ենթակա եգիպտական նավախումբը (200 միավոր) օղակեց Սալամիսի հարավային ափն այն նկատառումով, որ եթե հույները նահանջեն այդ ճանապարհով, փակեն արեւմտյան նեղուցի նեղ բերանը: Մյուս ռազմանավերը` կազմած երեք խումբ, պետք է հսկեին արեւելյան նեղուցը դրսի կողմից: (Եգիպտացիներն, ի դեպ, այդպես էլ չմասնակցեցին ճակատամարտին` դավաճանեցին Քսերքսեսին): Արքան որոշել էր կիրառել հետեւյալ բավական պարզունակ մարտավարությունը: Եթե հույները նահանջեն Էլեւսիոսի ծովածոց` պարսիկները փակում են երկու ելքը դեպի ծով, զորքն իջեցնում են Սալամիս, գրավում են այնտեղ տեղադրված ռազմածովային բազան եւ ստիպում թշնամուն անձնատուր լինել: Իսկ եթե հելլենները որոշեն նավամարտել (ինչը կասկածում էր արքան, բայց չէր կասկածում, որ դաշնակիցները լքելու են աթենացիներին), ապա նրանց նավատորմից կմնան բեկորներ, մեկ էլ` դիակներ:
Այդպես էր մտածում արքայից արքան: Սակայն ուրիշ բան էին մտածում եւ ծրագրավորում նրա թշնամի հույները: Նախ` դաշինքի անդամները, ովքեր գրեթե պատրաստ էին ստորագրելու «ամուսնալուծության» արձանագրությունը, երբ տեղեկացան, որ պարսիկները երեքշաբաթյա սպասումներից հետո որոշել են հարձակվել եւ փաստորեն շրջապատել են իրենց, կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը եւ պատրաստվեցին կռվի: Սա շատ հետաքրքիր եւ խորհրդավոր պահ է: Եվ, ահա, արեւը չծագած` հունական ողջ նավատորմն անցավ նեղուցի հյուսիսային մասը եւ թաքնվեց թշնամու աչքից: Այդտեղ հույները մի քանի զուգահեռ շարք կազմեցին` ամենաարագընթաց նավերի քթերն ուղղելով դեպի հարավ: Իրենց դիրքերը դասավորելիս` նրանք հաշվի առան պարսիկների նավերի դասավորվածությունը, որի մասին ստույգ տեղեկություն էին ստացել ռազմական հետախուզությունից:
…Արեւի առաջին ճառագայթների բարձրանալու հետ սկսվեց անտիկ աշխարհի ամենամեծ եւ բախտորոշ ծովային ճակատամարտը: Պարսկական արմադան շարժվեց առաջ: Նեղուցի կեռմանը թույլ չէր տալիս տեսնել հելլեններին: Հանկարծ Սալամիսի վրա կախված կիրճերից հնչեց փողի ձայնը, որին հաջորդեց հունական մարտական կոչը: Պարսիկների ավանգարդում ինքնավստահ ընթացող փյունիկեցիները հանկարծակիի եկան, երբ նրանց դեմ ասես ջրի տակից դուրս լողացին հունական ռազմանավերի շարքերը, առջեւում` էգեացիները, ետեւում` աթենացիները: Պարսիկները նետվեցին առաջ: Էգեացիները արագություն զարգացնելով` մոտեցան Տրիոպեի հրվանդանին: Հետո ձախ շրջվելով` ընդունեցին մարտական դիրք: Իսկ փյունիկեցիները, արքայի աչքի առաջ, ասես կախարդված, թափով շարունակեցին մղվել առաջ: Հույները նահանջեցին: Որքան նրանք մոտեցան, հույներն այնքան ետ թիավարեցին, սպունգի նման նրանց ներքաշելով Պսիտալիա կղզյակի եւ մայր ցամաքի միջեւ ընկած նեղուցը, ուր կողք կողքի հազիվ կարող են տեղավորվել երկու ռազմանավ: Հույների մանեւրը հանդուգն էր, անսպասելի եւ վտանգավոր: Սակայն նրանք հաջողությամբ դուրս պրծան բնական ջրանցքի մյուս ծայրից եւ այն ամուր փակեցին` պարտադրելով թշնամուն մարտի իրենց տակտիկան, իրենց կանոնները: Պարսկական նավերը շարան-շարան լցվեցին նեղուց: (Այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմում առնետները Նիլսի սրնգի նվագի տակ իրար ետեւից սուզվում էին ջրի տակ): Զրկվելով կենտրոնի եւ աջ թեւի օգնությունից, պարսիկները զրկվեցին մանեւրելու, ետ գնալու եւ մարտնչելու հնարավորությունից, սեղմվեցին` ինչպես տառեխները տակառի մեջ: Դա ծուղակ էր, պատրաստի գերեզման ավելի քան հազար ռազմանավի համար: Իսկ հունական նավատորմը կազմեց քառաշարք կիսալուսին: Աթենացիները` հյուսիսային թեւում (ֆլանգ), էգեացիները` հարավայինում` պահելով մանեւրելու եւ նախահարձակ լինելու հնարավորությունները: Հույները կարծես թե ծաղրում էին պարսիկներին` ձգձգելով նրանց հոգեւարքը: Թեմիստոկլեսն իրոք ծովային գայլ էր: Նա սպասեց այնքան, մինչեւ սկսվեց թեթեւ ծփանքը, որն այդ ջրերում բարձրանում է ամեն երեկո: Բարձր կառուցվածք ունեցող պարսկական նավերը ճոճվեցին եւ աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական տրիերաների ճակատային հարվածի եւ աբորդաժի հնարավորությունները: Այդ երկու ձեւում էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեներին տարավ հարձակման: Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի: Պարսիկները սարսափած էին: Նրանց աչքի առաջ փյունիկեցիների ֆլագմանը, որի հրամանատարը արքայի եղբայրներից մեկն էր, ենթարկվեց հարձակման Պալլենես գյուղից փորձված նավազ Ամինասի կողմից: Գազազած պարսից ծովակալը գնաց աբորդաժի եւ պատրաստվում էր ցատկել աթենացիների նավի վրա, երբ Ամինասը օդում նիզակով որսաց նրան եւ նետեց ծովը: Այդ տեսարանից սարսափահար պարսիկները խուճապի մատնվեցին: Իսկ Հալիկառնասի թագուհի Արտեմիսը, միակ կին ծովակալը, որը հույն լինելով հանդերձ` ծառայում էր արքային, հետապնդումից խուսափելիս, ճանապարհ բանալու համար խորտակեց մեկ ուրիշ հույն դավաճան, կալինդոսցիների թագավոր Դամասիթիմոսի նավը եւ ճողոպրեց: Գահին նստած արքան դիտելով այդ տեսարանը եւ կարծելով, թե Արտեմիսը կործանել է հունական, այլ ոչ թե պարսկական ռազմանավ, դառնությամբ ասաց. «Այրերն ինձ մոտ դարձել են կանայք, իսկ կանայք` այրեր»: Սրանք առանձին տեսարաններ են նավամարտից, իսկ ընդհանուր առմամբ պարսկական նավատորմն իր գերագույն հրամանատարի ներկայությամբ բառիս իսկական իմաստով սկսեց անցնել ծովի հատակը: Կեսօրին հույները դուրս մղեցին պարսիկներին բաց ծով եւ այնտեղ շարունակեցին ծովամարտը` հաջողությամբ շարունակելով նեղուցներում սկսած կոտորածը: Արքան ծրագրում էր կռվել բաց ծովում, բայց ոչ այս կերպ եւ ոչ այս վախճանով: Պարսկական նավերի մեծ մասը խորտակվեց Սալամիսում, մի մասը ոչնչացվեց աթենացիների, մյուս մասը` էգեացիների կողմից: Հելլեններից քչերը սպանվեցին, քանի որ նրանք լողալ գիտեին, եւ եթե նավը խորտակվում էր, ապա ողջ մնացածները լողալով հասնում էին Սալամիս: Մինչդեռ պարսիկներից շատերը, լողալ չիմանալու պատճառով, խեղդվում էին ծովում: Զոհվեցին պարսիկ ծովակալները, այդ թվում` Դարեհ արքայի որդին` Քսերքսեսի եղբայրը: Հույները խիստ դատաստան տեսան այն չորս հարյուր հոգու հետ, որոնց արքան դեսանտ էր իջեցրել Պսիտալիա կղզի, պատվիրելով գլխատել հելլեններին, եթե նրանք խորտակված նավերից փրկություն փնտրեին կղզում: Դերերը փոխվեցին: Հոպլիտները մտան կղզի եւ դաժանորեն սպանեցին պարսիկներին: Արյունից ծովափի ողորկ քարերը դարձան լպրծուն, ավազը վերածվեց թանձր մածուցիկ շաղախի: Իրոք, բռնությունը բռնություն է ծնում: Արքան իր հերթին` գլխատել տվեց մարտերում իրենց չարդարացրած փյունիկեցի ծովայիններին: Բոլորին:
Այսպես ավարտվեց Անտիկ աշխարհի ամենամեծ եւ ամենադրամատիկ նավամարտերից մեկը: Թերեւս` ամենակարեւորը, քանզի Սալամիսում որոշվում էր ոչ թե մեկ առանձին վերցրած երկրի ճակատագիրը: Այստեղ բախվեցին Արեւելքն ու Արեւմուտքը, եւ այստեղ Հելլադան վերջին հաշվով փրկեց Եվրոպան եւ արեւմտյան քաղաքակրթությունը:
Շարունակելի