Այնտեղ` ինչպես այստեղ

05/11/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ժամանակ առ ժամանակ մեր քաղաքական գործիչներից ոմանք կարծիք են հայտնում, թե մենք եւ մեր հարեւան (հակառակորդ) ադրբեջանցիներն անհամատեղելի ենք։ Մարդու եւ մարդու, ազգի եւ ազգի անհամատեղելիությունը մեծ դժվարությամբ հասկանալով, մի կերպ կարելի է պատկերացնել, որ անհամատեղելի են, ասենք, հայերն ու նորվեգացիները, բայց հայերի եւ ադրբեջանցիների, հայերի ու նախկին ԽՍՀՄ ժողովուրդներից մեկն ու մեկի անհամատեղելիությունը խելքի մոտ բան չէ։

Այս օրերին, երբ հարեւան (հակառակորդ) երկրում շիկանում են նախընտրական կրքերը (նոյեմբերի 6-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են), համատեղելիության փաստերը զգալիորեն ավելի են շատանում։ Կարդում ես ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական ինտերնետային մամուլն ու մտածում, թե ինչո՞վ մենք ադրբեջանցի չենք, կամ ինչո՞վ հայ չեն ադրբեջանցիները։

Նախընտրական պատկերը նույնն է, փոխված են միայն անձնանուններն ու տեղանունները։ Պատգամավորության ադրբեջանցի թեկնածուն ահազանգ է հնչեցնում, թե իր ընտրատարածքում դպրոցների տնօրեններն ուսուցիչներին ու ծնողներին ստիպում են ձայն տալ իշխանության թեկնածուին։ Ծանոթ պատկեր է։ Անսովոր է, սակայն, պատգամավորության թեկնածուի ահազանգի հասցեն։ Այստեղ, ահա, նրանք մեզանից ահագին հետ են մնում։ Խեղճը դեռ չգիտե, որ իշխանության թեկնածուի անօրինականությունների համար չի կարելի դիմել իշխանության ղեկավարին։ Մեզ մոտ այդ բանը վաղուց արդեն հայտնի է։

Ադրբեջանական «Ռեյ» մոնիտորինգի կենտրոնը հրապարակում է սոցիոլոգիական հարցման արդյունքներ։ Պարզվում է, որ հոկտեմբերի վերջին նախագահական ընտրություն անցկացնելու դեպքում 1517 հարցվածների 83,4 տոկոսը կընտրեր Իլհամ Ալիեւին։ Միաժամանակ նրանց 68,2 տոկոսը հայտարարում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներին եւ ձերբակալություններին շատ լավ է վերաբերվում, իսկ 12 տոկոսը՝ պարզապես լավ։ Եթե շատ լավ եւ պարզապես լավ վերաբերվողների թիվը գումարենք, մոտավորապես կստացվի Ալիեւին ընտրել ցանկացողների թիվը։ Հարցվածների մոտ վաթսուն տոկոսն էլ առաջիկա կիրակի պատրաստ էր ընտրելու կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցությանը։ Այս տեղեկատվությունը վերջանում է նրանով, որ մոնիտորինգի «Ռեյ» կենտրոնը վայելում է երկրի նախագահի բարձր հովանավորությունը։

Ծանոթ բան է, ճի՞շտ է։ Բայց ի՞նչ կարող ես անել, սոցիոլոգիան «ճշգրիտ» գիտություն է եւ ազգային չէ ամենեւին։ Ազգային չէ նաեւ նկարչությունը, որի հմտությունները լայնորեն կիրառվել ու կիրառվում են թե՛ այնտեղ եւ թե՛ այստեղ։

Ինչպես այստեղ, այնտեղ էլ հնչում է ամերիկյան պատգամը. «Ժողովրդավարություն, միայն ժողովրդավարություն եւ ոչինչ ժողովրդավարությունից բացի»։ Եվ այս պատգամից ոգեւորված ընդդիմադիրները, ձերբակալություններով ու շանտաժով ուղեկցվող ընտրությունները բոյկոտելու քայլն անելուց առաջ, ոտքը կախ են գցում, որ վերջնականորեն պարզեն, թե ժողովրդավարություն ասող ամերիկացիներն ի՞նչ են հասկանում այդ բանն ասելով։ Իսկ ամերիկացիներն ասում են՝ «եթե»։ Բայց որպեսզի չփչացնեն հարաբերություններն ամերիկացիների հետ, ադրբեջանցի ընդդիմադիրներն ամբողջ մեղքը բարդում են ռուսների վրա՝ մեծ հաշվով մոռանալով իրենց երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը։ Սա էլ, կարծես, նույնն է։

Բայց ամենանույնն այս իրավիճակներում երկու ազգերի ու պետությունների բաժանարարն է՝ Ղարաբաղյան հարցը, որը նախընտրական մոլուցքի մեջ մոռացվում է եւ այստեղ, եւ այնտեղ։ Բայց չէ՞ որ սա է մեր անհամատեղելիության գլխավոր պատճառը։