Հոգեւոր հորս՝ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա տարելիցին

12/05/2011

Կոնսերվատորիայում ուսման տարիներս էին,1970 թիվ, ապրիլի 15: «Լենինիզմից հասկացողները», կարծում եմ, անմիջապես կռահեցին, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ամբողջ ՍովետՄիությունը պիտի տոներ Մեծ (ում համար` մեծ, ում համար` զերո) առաջնորդի 100-ամյակը: Ներկա սերնդի համար ասեմ, որ ամբողջ երկրով մեկ, մեծ, շա՜տ մեծ միջոցառումներ էին գնում, եւ հանկարծ, էլ ինչ հանկարծ` Երեւանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում, մարքսիզմի սեմինար դասընթացի ժամանակ մի ուսանող աթոռով հարվածում է դասախոսի գլխին` կրկնում եմ` հարյուրամյակից մեկ շաբաթ առաջ: Այս հոդվածը կարդացողը, եւ մանավանդ տեսնելով հոդվածագրի անուն-ազգանունը, իսկույն պիտ հասկանա, որ հարվածողը… ես էի: Ախր, կյանքս շատ էր կերել, օրը մեկ ասում էր` դատարկագլուխ, էլ չեմ ասում` զրկել էր թոշակից: Միայն ի՞նձ. կուրսի կեսից ավելին թոշակ չէր ստանում մի պարզ պատճառով` մարքսիզմի մեջ մեր գիտելիքների «օգտակար գործողության գործակիցը» չէր համապատասխանում դասախոս ………..-ի պահանջների հետ: Իսկ ինձ թոշակը շատ էր անհրաժեշտ` ամուսնացած էի, ունեի որդի (ես կուրսի ամենատարիքովն էի` ուշ եմ սկսել զբաղվել երաժշտությամբ): Միանգամից ասեմ` արարքս չեմ արդարացնում, բայց ով ներկա էր դեպքին, կհաստատի դրդապատճառը: Մարքսիզմի առանձնասենյակի վարիչ Համբարձումյանի զանգից հետո Կոնսերվատորիայում հայտնված միլիցիայի ուղեկցությամբ հայտնվեցի Սպանդարյանի շրջանի միլիցիայի բաժանմունքում: Ու հետո… տարան: Տարան այնտեղ, ուր բնակվում են հանցագործները: Հետո իմանում եմ, որ ամբողջ ուսանողությունը ցուցապաստառներով դուրս է գալիս ցույցի, որոնց վրա, ինչպես հիշում էր իմ Գրիգոր Հախինյանը, գրված է եղել` «Ազատություն Նուբարին», …….. (դասախոս) դուրս Կոնսերվատորիայից»: Սա (ցույցը) կատարվել է Հայաստանում, ՍովետՄիության օրոք, այն էլ` «մեծ» առաջնորդի 100-ամյակի պաշտոնական տոնակատարությունից առաջ (էս հայերը «էն» ժամանակվանից էին ըմբոստ…):

Հետին թվով խոնարհաբար շնորհակալ եմ Կոնսերվատորիայի ամբողջ ուսանողությունից եւ դասախոսական կազմից, իրենց ժողովներով եւ ստորագրություն-նամակներով ինձ նեցուկ լինելու համար: Բացի պարտկոմից: Նրա զբաղեցրած «պոստը» իրեն թույլ չէր տվել իշխանություններին հասցեագրված կոլեկտիվ նամակի տակ դնելու յուր ստորագրությունը: Չնայած ստորագրողների թվում քիչ չէին կուս.տոմսի «սեփականատերերը»:

Աստծո ողորմածությամբ «այդպիսի» տոմս կրող, բայց ներքուստ եւ արտաքնապես մի վիթխարի ՄԵԾ անձնավորություն, Կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր Ղազարոս Սարյանի հետ գնում է Կենտկոմ, քննչական բաժնի պետի մոտ եւ սովետական ժամանակների համար անում անհնարինը` փոխում են իմ վրա դրված հոդվածը` հինգ տարուց իջեցնելով մեկ տարի (հետո` ավելի նվազ): Իսկ հետագայում «հարցերը լուծում» Գերագույն Դատարանում (նրանց հետ էր նաեւ իմ պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանը): Դատի օրը, դահլիճում նստած էր այդ ՄԵԾ մարդը, որը նախօրյակին ասաց ինձ. «Մայրիկին ասա` չանհանգստանա, հակառակ դեպքում ինքս անձամբ քո հարցը կդնեմ Ներման Խորհուրդ»: Կարիքը չեղավ: Եվ քանի որ արդեն կարճ ժամանակ «գրանցվել» էի բերդում, հայտնվեցի ազատության մեջ: Եվ այդ օրվանից այդ ՄԵԾ վիթխարի մարդը մտավ իմ հոգու մեջ` որպես իմ Հոգեւոր Հայր…: Համոզված եմ` հասկանում եք (մանավանդ արդեն կա տեքստիս վերնագիրը), որ խոսքը վերաբերում է Հայաստանի (եւ ոչ միայն) համար լեգենդար, կենդանի պատմական անձնավորություն Էդվարդ Միքայելի Միրզոյանին: Եվ այդ մեծ հարգանքն ու նվիրվածությունը դեպ Էդվարդ Միքայելին ինձ այնքան էր կաշկանդել, որ չնայած իմ` Կոնսերվատորիա ավարտելուս ինը տարիներին, չէի համարձակվում դիմում ներկայացնել Կոմպոզիտորների Միություն ընդունվելու համար, մինչեւ որ իմ Գրիգոր Հախինյանը հայրաբար (ախր շատ մոտ էի հետը) չկշտամբեց եւ հրամայեց` գնա՛ դիմումդ գրի: Փառք Աստծո` ընդունվեցի պատվով: Իսկ Էդ. Միրզոյանը բոլորին (միության վարչությանն ու ընդունող հանձնաժողովին) ասաց. «Այ այսպես պետք է ընդունվել միություն (ոմանք ընդունելության դիմումներ էին գրում Կոնսերվատորիան անմիջապես ավարտելուց հետո)»…

… Ամառները իմ ղեկավարած փողային նվագախմբով աշխատում էի գեղատեսիլ Հանքավանի պիոներական ճամբարներում: Ու մի օր էլ` զանգ Երեւանից: Միության քարտուղարուհին ասաց. «Էդվարդ Միխայլովիչը սպասում է քեզ»: Հասա Երեւան, մտա մոտը, ասաց. «Նուբար, ինչո՞ւ հարցաթերթիկիդ մեջ չես նշել քո դատվածության (հարկադիր) մասին»:

Այո, տիկնոջս հետ պիտի մեկնեինք Հունգարիա, հարցաթերթիկը լրացնելուց առաջ (հատկապես դատվածությանը վերաբերող կետը) եղա դատախազությունում` խորհրդակցելու: Ասացին, անցել է արդեն 17 տարի, եւ մեխանիկորեն քո վրայից հոդվածը հանված է: Այս բոլորը հաղորդեցի Էդվարդ Միրզոյանին: Հավատաց, վերցրեց կարմիր (կառավարական) հեռախոսն ու զանգահարեց ՕՎԻՐ-ի պետ Շեկոյանին, եւ իրեն հատուկ հումորով սկսեց պատմել նրան, թե ինչպես է Նուբարը աթոռով հարվածել մարքսիզմի դասախոսի գլխին: Պատմում էր իմ ներկայությամբ եւ լիաթոք ծիծաղում… (դեռ Սովետական իշխանությունը «կենդանի էր»…): Իսկ հետո, իր պատգամավորական նոթատետրի էջի վրա «ինչ-որ բան» գրեց եւ ասաց. «Ռոզայի (քարտուղարուհու.- Ն.Ա.) հետ գնացեք (ես մեքենայով էի.- Ն.Ա.), Ռոզան գրությունը կփոխանցի Շեկոյանին»:

Ես վերցրեցի այդ գրությունն ու հուզմուքից կմկմալով ասացի. «Էդվարդ Միխայլովիչ, ես այս գրության պատիվը գետնովը չեմ տա»: Ասաց. «Գնա Նուբար, ես գիտեմ` ում եմ տալիս»… (Հիշո՞ւմ եք, Մանկավարժական պոեմ-ֆիլմում ինչպես Մակարենկոն մեծ գումար վստահեց գող ավազակին…):

Երկու տարի անց Հարավսլավիայից, ստեղծագործությանս կատարման կապակցությամբ, հրավերք էր եկել: Տարվա վերջն էր: Միրզոյանը արտասահմանում էր: Տեղակալ Լեւոն Չաուշյանն ասաց. «Հաշվապահական հաշիվներն արդեն փակված են, սպասենք` մինչեւ Միրզոյանը գա, տեսնենք` ինչ կանի»: Եկավ: Գնացի մոտը: Միանգամից ասաց. «Նուբար, դու մի անհանգստացիր, դու կմեկնես»: Ասացի. «Չեմ անհանգստանում»: «Չէ, աչքերիցդ եմ տեսնում»,- ասաց ու վերցրեց հեռախոսը, այս անգամ` Մոսկվա: Ես ներկա եղա իմ ստեղծագործության կատարմանը: Որովհետեւ հզոր էր…

Թող տպավորություն չստեղծվի, թե Էդվարդ Միրզոյանը միայն ինձնով էր զբաղված: Եթե իմ նման իրենց հիշողությունները պատմեն նրանք, որոնց նեղ ու դժվար օրերին հասել է իմ Հոգեւոր Հայրը, ապա թերթը պիտ ստիպված մի քանի շաբաթ տպագրի միայն շնորհակալ անձանց հիշողությունները, քանզի Էդվարդ Միրզոյանը միայն Մեծ (չեմ քաշվում ասելու) կոմպոզիտոր չէ, որովհետեւ նրա յուրաքանչյուր ստեղծագործություն գլուխգործոց է (չթվեմ, հայտնի են…), քանզի, կոմպոզիցիայից բացի, նա իր ամբողջ կյանքում մարդկանց օգնության հասնելու բարեգործությունից զատ, զբաղված է եղել քաղաքական, հասարակական գործունեությամբ` ի փառս Հայրենյաց, եւ թերեւս դա է պատճառը, որ արվեստի նոր գլուխգործոցներ ստեղծելու համար ժամանակը բավարար չէր…: Եվ շատ ու շատ քաղաքական, եւ ինչո՞ւ չէ, մշակույթի գործիչներ (կործանիչներ` եւ, երեկ, եւ այսօր) կփափագեին ունենալ դիվանագետի, իրողությունները գնահատելու, մարդկանց մտքերը կարդալու, հայերեն ասած` «թացը չորից ջոկելու» բնատուր այն շնորհքն ու տաղանդը, որով Տերն օժտել է իմ Էդվարդ Միրզոյանին: Այլ հարց է, թե ով ինչպես է պատասխանել եւ վերաբերվել այս ՄԵԾ անձնավորությանը, մանավանդ այն օրերին, երբ արդեն «ջուրը պղտորվեց» եւ յուրաքանչյուրը ցանկացավ բռնել «իր բաժին» ձուկը` թեկուզ եւ իր… ուսանողների շրջանում, որոնց ծնել եւ սնել է ՄԵԾ կոմպոզիտոր մանկավարժը: Ասացի` դիվանագետ, «թացը չորից ջոկող», քանզի ներկա եմ եղել 1991 թվին Մոսկվայում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության, ինչպես հետո պարզվեց` վերջին համագումարում Էդվարդ Միրզոյանի նախագահության օրը (իսկ նրան միշտ է վստահվել համագումարի նախագահությունը նախագահ Տ. Խրեննիկովից անմիջապես հետո, չնայած կային եւս տասնհինգ քարտուղար համանախագահներ), երբ բեմ բարձրացավ Աբխազիայի պատվիրակությունը եւ պահանջեց համագումարից, որպեսզի վերջինս որոշում ընդունի եւ հայտարարություն անի Վրաստանի ագրեսիայի մասին` ընդդեմ Աբխազիայի: Կասկածից վեր էր, որ սա որոշակի, ավելի ճիշտ` հայտնի ուժերի կողմից հատուկ, լավ մշակված պրովոկացիա էր` ընդդեմ… Հայաստանի, քանզի, եթե ընդունվեր այդ հայտարարությունը, իսկ երեկոյան անպայման «Վրեմյան» կհաղորդեր այդ մասին, եւ կնշանակեր, որ ընդունվել է հայ (այն էլ` ծնված վրացական Գորիում) Նախագահի ժամանակ: Միայն տեսնեիք, թե այս կամ այն կողմերից ինչ «պատվիրված» ճնշումներ եղան նախագահող Միրզոյանի վրա: Իսկ մեր «հա՞լը», որ հանկարծ Նախագահը չթուլանա: Դիմացավ: Զորացավ: Հաղթեց: Իսկ «ինչ նստեցին» այդ պատասխանատվության տառապանքները նրա վրա: Մի ամբողջ կյանք: Որոշումը չընդունվեց, տեղափոխվեց հաջորդ օրվա վրա, այն էլ, որպեսզի համագումարի պատվիրակները ստանան Աբխազիայի պատվիրակության նախագիծն ու ծանոթանան: Ընդմիջմանը զբոսասրահում ընկա վիզը եւ հիացմունքով բղավեցի. «Էդվարդ Միխայլովիչ, էս ի՞նչ արեցիք, ո՞նց դիմացաք»: Նա ասաց. «Երեխա ե՞նք, ինչ է, Վրաստանում կես միլիոն հայեր են ապրում»: Եվ փրկեց հայ-վրացական պատերազմը… Ո՞վ իմացավ, ո՞վ գնահատեց: Չէ, ինչո՞ւ` «գնահատեցին», նպաստեցին նրա տապալմանը: Հայաստանի կոմպոզիտորների միության` ուժերի ծաղկուն շրջանում գտնվող նախագահը փոխվեց: Դավը «տնից» էր: Նա հեռացավ Միությունից եւ ասաց. «Այլեւս իմ ոտքը այստեղ չի լինի»:

«Ես ձեզ եմ դիմում, աշխարհի մարդիկ, Ուոլ Սթրիթում ինձ չեն հասկանա»` ես ձեզ եմ դիմում, ՀԱՅԵՐ, (իշխանություն), ե՞րբ պիտի ՄԱՐԴՈՒՆ գնահատեք կենդանի ժամանակ: Ես ի նկատի չունեմ այս օրերի համերգները, այն էլ, որ որոշ, երեկվա «բեղ ու մորուք արվեստագետներ» մեծ գումարներ են պահանջում մասնակցելու ՄԵԾ ՄԱՐԴՈՒ 90-ամյա տարելիցի հոբելյանական համերգներին: Եվ ուզում եմ հավատացնել, որ այս բոլորը նրան բնավ պետք չէ: Ձեզ է պետք: Մեզ է պետք: Սերունդներին…

Շնորհավոր Ձեր 90-ամյա տարելիցը եւ օրհնվի Ձեր ծնունդը, Մեծ ՄԱՐԴ:

Միշտ Ձեզ երախտապարտ`

Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ

Հայֆա, Իսրայել: 05.05.11.

Հ.Գ.
Ամիսը երկու անգամ խոսում եմ հետը հեռախոսով, որ ձայնը լսեմ, որ իմանամ «հալն ու քեֆը»…