«Կարեւորը պատրաստ լինելն է»

11/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը, որը մայիսի 12-ից կցուցադրվի Երեւանում, հայաստանյան արտադրության այն եզակի ֆիլմերից է, որը «մաքուր»` լինելով չմիջամտված վավերագրություն` միաժամանակ անթերի գեղարվեստական որակ ունի: Եվ հենց այդ որակի առկայությունը ֆիլմը դարձնում է իրապես մեծ իրադարձություն, որը հասկանալի, ընդունելի եւ հուզիչ է անխտիր բոլորի համար: Իհարկե, Արցախյան ազատագրական պատերազմը շատ վավերագրական ֆիլմերի առանցք է դարձել, սակայն հաճախ դրանց հիմքում եղել է ռեպորտաժային, լրագրողական պատումը` իր զուտ ինֆորմատիվ բովանդակությամբ ու քարոզչական ենթատեքստով: Իսկ այս ֆիլմը բոլորովին այլ կառուցվածք ունի, այն միահյուսում է պատերազմի տարիների քրոնիկական կադրերն ու այսօրվա օրը` խոշորացույցի տակ զննելով ոչ թե պատերազմը, այլ մարդուն: Այն մարդուն, որը կռվի է դուրս եկել, հաղթանակել է, սակայն այսօր բնավ էլ հաղթողի կեցվածքով չի ապրում:

Ֆիլմի ներգործությունը հենց նրանում է, որ մարդիկ վերացական կատեգորիա չեն, այլ շատ կոնկրետ ճակատագրերի կրողներ են: Ֆիլմի հերոսները խաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ են` բժիշկներ, ուսուցիչներ, գրողներ, ովքեր ճակատագրի բերումով են զենք վերցրել ու մեկ խրամատում հայտնվել: Համեստ, քչախոս ճարտարագետ Ֆելոն, երիտասարդ ու տաքարյուն Ճուտը, բուժքույր Անահիտը, հասարակ գյուղացիներն ակամայից են դարձել զինվոր: Պարզապես այլ կերպ չէր ստացվի: Նրանց համար հայրենասիրությունը դատարկ բառ չէ (որն, ի դեպ, անպատեհ ու բազմակի օգտագործումից հասցրել է լրիվ արժեզրկվել ու վարկաբեկվել), այլ առաջին հերթին սեր է: Ֆիլմի հեղինակ, «Բարս-մեդիա» վավերագրական ֆիլմերի ընկերության հիմնադիր Վարդան Հովհաննիսյանը նկատում է, որ ատելության, վերժխնդրության դիրքերից պատերազմում հաղթել հնարավոր չէ: Մեր հաղթանակի հիմքում սերն է, որը դրսեւորվում է ոչ թե` բոցավառ խոսքերի կամ ատելությամբ տոգորված կոչերի, այլ անբացատրելի, երբեմն էլ` կաշկանդված խոհերի մեջ, որոնք փորձում են ձեւակերպել ֆիլմի հերոսները: «Սերը աբստրակտ բառ չի, այլ կոնկրետ հող է, որի վրա կանգնած ես»,- ասում է նա:

Ֆիլմում մարտական ծավալուն գործողություններ, զրահատեխնիկա, կամ որոշումներ կայացնող հրամանատարների չես գտնի, անգամ թշնամին ուրվագծված չէ: Փոխարենը ընդգծվել է սպասումը (կամ կհաղթենք, կամ կմահանանք, միգուցե հենց հաջորդ վայրկյանին), որը ֆիլմը դիտելիս անգամ ֆիզիկապես ես զգում: Հերոսների խոսքերն ու դիմագծերը, բնության անասելի գեղեցիկ տեսարանները պարզապես մխրճվում են հանդիսատեսի սրտերի մեջ` ապացուցելով, որ յուրաքանչյուր մարդ եւ յուրաքանչյուր հողի կտոր անկրկնելի ու անվերականգնելի է: Վ.Հովհաննիսյանը կարողացել է գտնել այն «բանալին», որի միջոցով էկրանի վրա են հայտնվում հավերժական հարցերը. ո՞վ ենք մենք, ինչի՞ համար ենք ապրում, պատերազմում, զոհվում: Ֆիլմում այդ «բանալու» դերը կատարում է ժամանակը, որը կարծես բեկվել, մասնատվել ու անգամ ամենափոքր դրվագում մի ողջ տիեզերքի է նմանվել: Ինչպեսեւ այդ ժամանակի մեջ ապրող մարդը:

Վ.Հովհաննիսյանը պատմում է, որ 1994 թվականին, երբ ինքը որպես կամավոր` մարտիկների շարքերում էր, բնավ էլ ցանկություն չուներ ֆիլմ նկարահանել. «Ես պարզապես իմ անձնական արխիվի համար էի նկարահանում: Իսկ երբ պատերազմն ավարտվեց ու զինադադար հաստատվեց, նկարահանված նյութին վերադառնալու ուժ չունեի: Կարծես սպառվել էի ու ուզում էի հեռանալ պատերազմից: Սակայն անցավ 10 տարի, եւ ես նկատեցի, որ մենք հաղթելով պատերազմը` պարտվում ենք խաղաղ ժամանակ: Համենայնդեպս, նման վտանգ կար: Եվ ներքին պահանջ զգացի կրկին հանդիպել այն մարդկանց, ում հետ ամիսներ շարունակ խրամատներում եմ անցկացրել, եւ ոչ միայն հացն ու ջուրը, այլեւ անորոշ ապագան եմ կիսել»: Վ.Հովհաննիսյանը պատերազմից 10 տարի անց կրկին հանդիպում է իր զինակից-հերոսների հետ, ու առաջարկում հանդիսատեսին` միասին խորհել ոչ միայն նրանց, այլեւ մեր բոլորի ձեռքբերումների եւ կորուստների մասին: Ընդհանրապես իրական, ցնցող ու դեռ լիովին չիմաստավորված իրադարձությունը (առավելեւս` Արցախյան պատերազմը) լիարժեք ֆիլմ դարձնելը շատ բարդ գործ է, քանի որ հարկ է որոշակի դիստանցիա պահպանել ու թույլ տալ, որ պատմությունը ոչ թե ռեժիսորի կամքով ու պարտադրանքով, այլ` ինքն իր ներքին կանոններով առաջ շարժվի: Վավերագրող ռեժիսորի վարպետությունը հենց դրանում է:

«Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմն այդ տեսակետից այնքան պրոֆեսիոնալ է արված, որ նույնիսկ զարմանք է առաջացնում: Ցավոք, մենք ընտելացել ենք կիսատ-պռատ, մեկ մակերես ունեցող կինոֆիլմեր դիտել: Իսկ այս ֆիլմը հանդիսատեսի հետ զրուցում է տարբեր հարթությունների վրա: Ֆիլմի շնորհիվ ինքներս մեզ ենք հետազոտում: Չէ՞ որ պատերազմի տարիները միավորել, համախմբել էին մարդկանց` դարձնելով մեկ բռունցք, մեկ օրգանիզմ, իսկ հետո, երբ վաստակեցինք խաղաղ ապրելու իրավունքը, աննկատ դուրս մղեցինք հաղթողներին: Ի դեպ` հաղթանակ ապահովված մարդիկ ֆիլմում ներկայանում են ոչ թե որպես «սրբապատկերներ» կամ ֆանատիկոսներ, նրանք նույնքան ռեալ, խոցելի են, որքան իրենց այսօրվա պրոբլեմները: Մեդալներ շնորհելով, հաղթանակի օրվա միջոցառումներ կազմակերպելով կամ հուշարձաններ կառուցելով` մենք շատ հաճախ մոռանում ենք հենց մարդկանց, ովքեր, օրինակ, Ճուտի նման կարող են անազատության մեջ հայտնվել, կամ էլ` հաղթանակից հետո հուսալքված եւ ներքուստ դատարկված ապրել: Եվ դա այն խնդիրն է, որը թույլ չի տալիս գիտակցել անցյալն ու վայելել հաղթանակի բերկրանքը:

Վ.Հովհաննիսյանը նշում է, որ սկզբում նախատեսում էր ֆիլմը միայն հայաստանյան հանդիսատեսին հասցեագրել, սակայն այն անսպասելիորեն մեծ արձագանք ստացավ աշխարհում: Նա պատմում է, որ տարբեր երկրներում ֆիլմը դիտած մարդիկ հաճախ նշում էին, որ այն լուրջ հակահարված է ադրբեջանական քարոզչությանը: «Ես էլ պատասխանում եմ` ուշադիր դիտեք ֆիլմը եւ կհամոզվեք, որ ֆիլմում ադրբեջանցիների դեմ ուղղված մեկ բառ անգամ չկա, անգամ տանկերի կամ ճակատամարտերի կադրեր չկան: Ֆիլմում միայն պարզ, հասարակ մարդիկ են, որոնք ակամայից մարտիկ են դարձել եւ հաղթել են պատերազմը: Եվ հենց դա է ամենալուրջ պրոպագանդան»,- ասում է նա:

«Բարս մեդիան» ֆիլմը ոչ միայն 15 լեզուներով է թարգմանել, այլեւ ադապտացրել է ֆիլմի տեւողությունն ու ռիթմը տարբեր խառնվածք ունեցող հանդիսատեսի համար (ֆիլմի 4 տարբերակ կա): «Եթե ուզում ես, որ ֆիլմդ հասնի հանդիսատեսին, պետք է հաշվի առնես նրա ցանկությունները: Իսկ մենք, ի տարբերություն անգլիացիների կամ գերմանացիների, այլ ընկալում ունենք, եւ այդ պատճառով էլ ֆիլմը մի քանի տարբերակով ենք մոնտաժել»,- նշում է Վ.Հովհաննիսյանը:

Ֆիլմը ստեղծվել է 2007 թվականին, եւ միայն հիմա է ցուցադրվելու Երեւանում: «Ինչո՞ւ այդքան ուշ» հարցին նա պատասխանում է. «Հայաստանում դուռը բացելն ավելի հեշտ է, երբ դրսի դռներն արդեն բացել ես: Ֆիլմն այս ընթացքում միջազգային փառատոններում 20 մրցանակ ստացավ (Մեքսիկայում, Նյու Յորքում, Ռուսաստանում եւ այլն), եւ միայն դրանից հետո մենք հայրենական հեռուստաընկերությունների եւ կինոթատրոնների հետ բանակցելու ռեալ հնարավորություն ստացանք: Եվ հույս ունենք, որ հանդիսատեսը կուզի դիտել այն»:

Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը, ով Արցախյան պատերազմի տարիներին CNN-ի եւ «Ալ Ջազիրայի» համար ռեպորտաժներ է պատրաստել (նաեւ 2 ամիս գերության մեջ է եղել), վստահ է, որ հարկ է միշտ պատրաստ լինել թեժ կետերից օպերատիվ լրատվություն հաղորդել, քանի որ «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալը պետական նշանակություն ունի: Սթափ հաշվարկները գեղարվեստական որակից ոչ պակաս կարեւոր համարող մարդ լինելով` նա այսօր արագ արձագանքման շարժական հեռուստակետ է ստեղծել: «Աստված չանի, որ պատերազմ սկսվի: Բայց եթե հանկարծ պատերազմական գործողություններ վերսկսվեն, իսկ մենք պատրաստ չլինենք դրանք լուսաբանել, աններելի սխալ գործած կլինենք: Ես կոմպլեկտավորել եմ փոքր ավտոբուս, որը կարող է արագ տեղից պոկվել ու թեժ կետեր մեկնել: Ավտոյի մեջ ամեն ինչ կա` ռազմական սաղավարտներից ու սննդի պաշարներից սկսած, նկարահանման մոբիլ սարքավորումներով վերջացած: Իհարկե, ես երջանիկ կլինեմ, որ այդ ավտոբուսը պետք չգա, սակայն պատրաստ լինել միշտ է պետք»,- ասում է նա:

Վ.Հովհաննիսյանը խոստովանում է, որ որպես միջազգային լրատվական գործակալությունների հետ համագործակցող հեռուստալրագրող` նա շատ լավ է վարձատրվել, սակայն եկել է մի պահ, երբ նա այլեւս չէր կարող աշխատել որպես սառնասիրտ քրոնիկյոր: «Պատերազմը փոխեց ինձ այնպես, ինչպես, թերեւս, բոլորին է փոխում: Անձամբ ես բավականին վախկոտ մարդ եմ, սակայն, երբ եկավ ընտրության պահը (իսկ ընտրությունը միշտ կա), ես գերադասեցի զինվորական համազգեստ հագնել` լավ հասկանալով, որ հրացանն ու տեսախցիկը միաժամանակ բռնել չեմ կարողանա: Թող տարօրինակ չթվա, բայց հենց խրամատը դարձավ ամենաճիշտ ու հարմարավետ տեղը, որը կար այդ տարիներին: Ուրիշ ի՞նչ կարող էի անել` գնայի Ամերիկա կամ էլ որպես կողմնակից դիտորդ` քննարկեի՞ կատարվածը: Դա փախուստ կլիներ: Միեւնույն է, ուր էլ գնանք, մեզանից փախչել չենք կարողանա: Իսկ ռազմաճակատի առաջին գիծը պատերազմի տարիներին միակ տեղն էր, որը փախուստ չէր»:

Իսկ այսօր ամենահարմարավետ վայրը Վ.Հովհաննիսյանի համար այն տարբեր միջազգային նախագծերն են, որոնց վրա կարելի է լուռ ու մեծ հետաքրքրությամբ աշխատել: Նա զբաղվում է պարապլանային հնագիտությամբ` ուսումնասիրելով մեր նախնիների թողած հետքերը երկնքում սավառնելու ընթացքում: Նաեւ ֆիլմեր է նկարահանում Աֆրիկայի, Միջին Արեւելքի մասին: Արդեն մի քանի տարի է, ինչ «Բարս մեդիայի» ուշադրության կենտրոնում է Քենիայի կենդանական աշխարհն ու Լամու կղզու վրա ապրող մարդիկ, որոնք ընդամենը 2 ավտոմեքենա ունեն ու տեղափոխվում են հիմնականում էշերի օգնությամբ:

Վ.Հովհաննիսյանը վստահ է, որ վավերագրական կինոն այնքան մեծ ու ինքնաբավ աշխարհ է, եւ նույնիսկ ամենատաղանդավոր ռեժիսորը չի կարող հնարել այնպիսի իրավիճակներ, որոնք հենց կյանքն է ստեղծում. «Ոչ թե ռեժիսորն է ֆիլմ ստեղծում, այլ ֆիլմն է ստեղծում ռեժիսորին: Եվ դա իրոք այդպես է, քանի որ երբեք չես իմանում, թե վավերագրական ֆիլմդ վերջիվերջո ինչպիսի ավարտ կունենա: Չէ՞ որ քո ֆիլմի հերոսները փոխվում են, եւ դու էլ` նրանց հետ: Եվ վերջակետը դնելու պահը ինքն իրեն պիտի հասունանա»,- ասում է նա:

Այդ նույն մոտեցմամբ էլ «Բարս մեդիա» ընկերությունը ստեղծել է «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը, որի ստեղծումը մի քանի տարի է պահանջել: Այդպես էլ այժմ նկարահանվում է նոր «Ծերապարտեզ» ֆիլմը, որի հերոսները միայնության մեջ հայտնված ծերուկներն են, ովքեր կյանքի մայրամուտին հասնելով` բացահայտել են պարի հաճույքը: